27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետություն քանդելու նուրբ արվեստը

Անցնող տարին, ինչպես և 2018 թ.-ից վեր անցնող բոլոր տարիներն ու հատկապես 44-օրյա պատերազմի ավարտից ու կապիտուլացվելուց ի վեր անցած բոլոր տարիները նշանավորվեցին մեկ բանով` Հայաստանի շարունակաբար անդունդը գլորվելով: Եվ եթե մինչ պատերազմը շատ ապազգային քայլեր կատարվում էին ավելի քողարկված, ապա պատերազմից և կապիտուլյացիայից հետո դրանք կորցրեցին իրենց երբեմնի սքողվածությունը, ավելին` դադարեցրեցին զարմացնել որևէ մեկին. դե որովհետև էլ ի՞նչ սպասես դե-ֆակտո իշխանություններից: Նրանց պրոթուրքական դիրքորոշումը վաղուց գաղտնիք չէ որևէ մեկի համար:
Նման ընդգծված պրոթուրքական դիրքորոշման վառ ապացույց դարձավ հուլիսի 13-ին Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Վերջինս հայտարարվել էր որպես «անցանկալի անձ» ՀՀ-ում: Մի որոշ ժամանակ անց պարզվեց, որ նա միակը չէ, և ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեն persona non grata-ների մի ամբողջ ցանկ, որում ներառված է նաև ՀՅԴ Նիդեռլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: Վերջինիս մուտքը Հայաստան արգելվել էր հուլիսի 31-ին: Անմիջապես հաջորդ օրը նրա ճակատագրին էր արժանացել նաև Նիդեռլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը:

Այս մարդկանց բոլորին կապում է առաջնահերթ հայդատականությունը և Արցախի հարցին հետամուտ լինելը. մի բան, որի ճիշտ հակառակն են անում դե-ֆակտո իշխանությունները: Վերջիններս ջանք չեն խնայում ազգային գործիչներին հետապնդելու, Արցախից օր առաջ ազատվելու, ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը չպահելու և հարևանների սպառնալիքները լուռ կուլ տալու, Սփյուռքը Հայաստանից պառակտելու, իսկ Արցախն էլ մայր Հայաստանից զատելու հարցում: Եվ ակամայից հիշում ենք, թե ինչպես է Թուրքիան բարձրագույն մակարդակով բազմիցս հանդես եկել հայկական Սփյուռքի դեմ ելույթներով, որոնց շարքում հատկապես կորցրել ենք հաշիվը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթների: Դուրս է գալիս, հայկական Սփյուռքի դեմ գործում են մե՛կ թուրքերը, մե՛կ էլ պրոթուրքական դե-ֆակտո իշխանությունները:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ-ում անցանկալի անձանց ցուցակը հետագայում համալրեցին նաև ոչ հայ գործիչներ, ինչպիսիք են ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը, ինչպես նաև «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի ու «Russia Today» հեռուստաալիքի հայազգի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Սա բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունների` Սփյուռքի դեմ հերթական քայլը լինելուց, նաև հստակ հակառուսական քայլ էր, որը, թերևս, առաջինը չէր:
Այսպես, տարին նշանավորվեց դեռևս նախադեպը չունեցած իրադարձությամբ. ազգային դաշտի գործիչներին չթույլատրվեց ժամանել հայրենիք:

Ապա մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև վանդալիզմի` օրեցօր աճող դեպքերը: Խոսքը պարզապես շարքային շենքերն ու հուշարձանները պղծելու մասին չէ (ինչը ևս չի ողջունվում), այլ ազգային հերոսների, հայ ազատագրական պայքարում իրենց ավանդն ունեցած գորիծիչների, մարտիկների հուշարձանների նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասին է: Հարկ է նշել, որ այս երևույթը նկատվել է ոչ միայն այս տարի, այլև 44–օրյա պատերազմի ավարտից ի վեր: Այս տարի այն հատկապես աղմկահարույց էր, իսկ դեպքերի հաճախականությունը բավականին ինտենսիվ էր:

Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ նոյեմբերի 15-ին Նժդեհի արձանի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտից հետո: Մեղավորները, բնականաբար, չգտնվեցին և, հետևաբար, չպատժվեցին: Թերևս, մի երկրում, որտեղ ներկայիս դե-ֆակտո ԿԳՄՍ նախարարը Նժդեհին անվանում է ֆաշիստ, բնավ էլ զարմանալի չէ, թե ինչու են նման արարքները մնում անպատիժ:
Ավելի վաղ` սույն թվականի հունիսի 14-ին հանցագործները, թափանցելով Արթիկ քաղաքի վետերանների միության շենք, այրել էին Արցախյան երրորդ պատերազմի հերոսների նկարները: Այս դեպքի մասին ևս մի քանի օր աղմուկից հետո դադարեցին խոսել, իսկ մեղավորներին գտնելու և պատժելու մասին խոսելն է նույնիսկ ավելորդ:

Իսկ 2022 թ․ ապրիլի 13-ին վանդալիզմի ակտի էր ենթարկվել Մաշտոցի պողոտայի և Խորենացու խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը։ Առերևույթ հանցագործին բերման էին ենթարկել, սակայն խոստովանական ցուցմունքից հետո բաց էին թողել։ Մասնավոր զրույցի ժամանակ վերջինս ասել է, որ գնացել է այդ քայլին, քանի որ «[Ազգալդյանն] է մեղավոր 2020 թվականին մեր ունեցած 5000 զոհի համար»։ Մի կողմ թողնելով մտքի ցնորականությունը՝ արձանագրենք, որ այս թեզը համահունչ է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվող քարոզչությանը՝ արժեզրկելու հայկական ազգային պայքարը, այն ներկայացնելու որպես ներկա դժբախտությունների պատճառ՝ սրանով իսկ փաստացի կոչ անելով համակերպվելու և ընդունելու թշնամական երկրների պահանջները։

Այսպիսով, գործ ունենք մի երևույթի հետ, երբ թիրախավորվում է ազգային ինքնությունը, հերոսի կերպարը, որին հայ ժողովուրդը հաճախ է սրբադասել: Պղծելով հերոսների շիրիմներն ու հուշարձանները` պղծում են նրանց կատարած գործը, իսկ չարժանանալով խստագույն պատժի` ցույց տալիս, որ միանգամայն օրինաչափ և սովորական է հատել ցանկացած կարմիր գիծ, արժեզրկել հայ ազգի հերոսական պայքարն ու նրա առաջնամարտիկներին:
Վերջիվերջո, գերվտանգավոր քայլ, որի հետևանքները զգում ենք այսօր, երբ Արցախն արդեն 2 շաբաթ է, ինչ շրջափակված է և կզգանք, եթե թշնամին կրկին լայնածավալ պատերազմ սկսի մեր դեմ (ինչը վեր է կասկածից գոնե մեզ համար), բանակի կազմաքանդումն ու կազմալուզումն է:

Սույն թվականի հուլիսի 19-ին դեռ ՀՀ դե-ֆակտո ԱԽՔ Արմեն Գրիգորյանը բարձրացրել էր ԼՂ-ից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դուրսբերման հարցը: Այսպես ՀՀ- սկսեց ակնհայտորեն հրաժարվել ԼՂ անվտանգության երաշխավորի իր դերից` պատճառաբանելով, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո դրա կարիքը չկա: Ինչպես ժամանակը ցույց տվեց, շատ եղան դեպքեր, երբ ակնհայտ դարձավ, որ միայն խաղաղապահների ներկայությունը բավարար չէ: Փոխարենը, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, մոռանալով, որ իրենք են Արցախն ապառազմականացնողը, առիթը բաց չեն թողել և թողնում խաղաղապահներին թիրախավորելու և հակառուսականության հերթական ուղղորդված ալիքը բարձրացնելու: Իսկ այսօր, երբ Արցախը ավելի քան 2 շաբաթ է` անօրինական շրջափակման մեջ է թշնամու կողմից, և հայկական կողը ունի միանգամայն լեգիտիմ իրավունք ռազմական ուժ կիրառելու` սեփական բնակչությանը պաշտպանելու համար, փաստացի չկա ՊԲ, իսկ դե-ֆակտո իշխանությունները մի կողմ քաշված լուռ հետևողի դերում են միայն:
Բայց այս ամենը բավական չէ, ՀՀ ԶՈՒ-ը ևս գտնվում է փաստացի կազմալուծման փուլում: Այսպես կոչված, «պրոֆեսիոնալ բանակ»-ի անցնելն ու համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը, որի վառ օրինակն էր այս տարի օգոստոսի 24-ին ՀՀ դե-ֆակտո ՊՆ-ի կողմից առաջադրված նոր նախագիծը, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով:

Փաստորեն, հերիք չէ արդեն փողով կարելի է ազատվել բանակից, մի բան էլ շուտով բանակից բան չի մնա: Թերևս, համաշխարհային փորձը բազմիցս ցույց է տվել, որ պայմանագրային հիմունքներով բանակը չի կարող լինել ավելի մարտունակ, քան կանոնավոր զորակոչի համակարգը: Աշխարհի մասշտաբով ռազմականացման աճող միտումների կողքին ծիծաղելի է խոսել էֆեկտիվ «պրոֆեսիոնալ բանակ»-ի մասին: Գոնե Արցախի օրինակը պիտի մեզ համար դաս լինի, որ դե-ֆակտո իշխանությունների, այսպես կոչված, բանակային «բարեփոխումները» միայն հակառակ ազդեցությունն են ունենում:
Ուշագրավ է, որ ՀՀ դե–ֆակտո վարչապետի և նրա թիմի այս քաղաքականությունը համահունչ է թշնամական Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի պնդումներին, որ Հայաստանը չպետք է բանակունենա։ Այսպես՝ ՀՀ դե–ֆակտո վարչապետն արդեն հայտարարել է, որ ժամկետայինզինծառայության տևողությունը կրճատվելու է։ Այդ հայտարարությանը համահունչ՝ որպես առաջինքայլ՝ մշակվել և ներկայացվել է խոսքի առարկա օրենքի փոփոխության նախագիծը։
Հասկանում ենք նաև մեր ընթերցողների տեղին զարմանքը, որոնց անշուշտ կհետաքրքրի այն հարցը, թե արդյոք այսքանով են սահմանափակվում դե-ֆակտո իշխանությունների, մեղմ ասած, թերացումները… Իհարկե` ոչ: Պետականաքանդությանը միտված քայլերը շատ ավելին են, որոնցից առավել կործանարարներին կծանոթանաք «Հայկական ալիք»-ի տարվա ամփոփիչ այս շարքում հաջորդիվ:

Սյուզան Նաջարյան
Հայկական Ալիք

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ