26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքե՞ր են սեպտեմբերյան պատերազմի զոհերը, էդ էրեխեքն անուն, ընտանիք չունե՞ն. Շուշան Պետրոսյան

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը, տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողությունը։ Ներկաները երջանիկ էին, թվում է, թե Հայաստանը երկու, իրարից շատ տարբեր իրականությունների մեջ է ապրում․ մի կողմում` անթաղ դիակներ, սուգ, դժգոհություն, մյուս կողմում` երջանիկ մարդիկ, տոնական տրամադրություն, տոնակատարությունների համար ծախսվող միլիոններ։
1974 թվականին, երբ Ֆրանսիայում մահացավ ֆրանսիացի ամենանշանավոր քաղաքական գործիչներից Ժորժ Պոմպիդուն, ֆրանսիացիներն այդ տարի հրաժարվեցին «Եվրատեսիլից» եւ չեն մասնակցել, սակայն Հայաստանը, որ, հավանաբար, մոռացել է սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ագրեսիվ գործողությունների մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, արձանագրեցինք 300 զոհ, այսօր պերմանենտ տոնակատարությունների մեջ է: 

Այս ամենի ֆոնին թերևս ավելորդ է հիշել 44-օրյա պատերազմն ու զոհերը, կորսված տարածքներն ու նվաստացումները: Այս մասին «Հրապարակը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ: Շուշանը մեզ հետ զրույցում ասաց.

«Ի՞նչ, Եվրատեսի՞լ, տոնախմբությու՞ն… 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ին Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական թշնամական պետության կողմից սկսված լայնամասշտաբ ռազմական գործողությունից անցել է երեք ամիս, ու ՀՀ կառավարությունն առայսօր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների թիվը դեռ չի հստակեցնում։ Ապրիլյան քառօրյայի, 44-օրյա պատերազմների տղերքին դեմքով էինք ճանաչում, ծնողներին գիտեինք, իսկ հիմա՞։ Ովքե՞ր են սեպտեմբերյան պատերազմի զոհերը, էդ էրեխեքն անուն, ընտանիք չունե՞ն։ Մահն այնքան «սովորական ու օրինաչափ» է դարձել, որ չեք նկատում, որ մոտ 300 հայ չկա, էլ չի ապրում մեր կողքին, տասնյակ հեկտարներով տարածքների, մարտական հենակետերի կորուստներ ունենք, բազմաթիվ քաղաքների, գյուղերի, ենթակառուցվածքների ավերածություններ ունենք, անհայրենիք, անարժանապատիվ, մահ սփռող ու երկրակործան կառավարություն ունենք, որ Աստծո դատաստանի առաջ են հայտնվելու… բոլո՛րն են հայտնվելու, տերերն ու ծառաները, բոլորն անխտիր։
Հա, հարց էիք տվել… ասելու բան չունեմ։ Տիրոջ գալիք Ծննդյան տոնը շնորհավորում եմ»: 

Հայկ Գևորգյան

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ