26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է կատարվում Արցախում

Հայաստանում անցկացրած մեկշաբաթյա աշխատանքային այցից հետո հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերության՝ խոսելով հանդիպումների արդյունքների, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մոտեցումների և այլ օրակարգային հարցերի մասին։

Արցախի նախագահը հերթական անգամ զերծ մնաց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների մասին հասցեական և ուղիղ խոսելուց` նախընտրելով ընդհանրական, ոչինչ չասող ձևակերպումները Արցախի՝ ամբողջ հայության համար առաջնահերթություն լինելու մասին։ Ռուսական կողմի մասին խոսելիս, սակայն, նախագահ Հարությունյանը ուղիղ շեշտեց, որ առանց ռուսական առավել գործուն դերակատարման Արցախի ապագան մշուշոտ է։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ քննարկումների հիմնական մեսիջը, սակայն, ինչպես Հարությունյանը մի քանի անգամ շեշտեց հարցազրույցում, մեսիջն էր առ այն, որ արտաքին խաղացողների, մասնավորապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, ոչ թե Արցախի հարցը։ Իրար կապելով այս ամենը, կարող ենք ենթադրել, որ ԱՀ պատվիրակությանը հերթական անգամ հասկացրել են, որ Հայաստանն այլևս ոչինչ չի կարող անել Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի համար, և որ նման հարցերով պետք է դիմել ռուսական կողմին, քանի որ «միջազգային հանրության» առաջնահերթությունների ցանկում Արցախի հարցը զիջում է հայ-ադրբեջանական այսպես կոչված «խաղաղության» պայմանագրին։

ԱՀ նախագահը խոսել է նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների հնարավորության մասին` ասելով, որ եթե կարքիը լինի, դա ևս չի բացառվում։ Նման ուղերձներ վերջերս հաճախ են գալիս նաև Երևանից՝ թե՛ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների, թե՛ նրանց արբանյակների և գրպանային փորձագետների կողմից։ Համադրելով այս ամենը Իլհամ Ալիևի այն պնդման հետ, որ Արցախի ժողովուրդը իրենց քաղաքացիներն են և որ միջնորդների կարիք իրենց «ներքին գործերում» իրենք չունեն, կարելի է ստանալ ամբողջական պատկեր, թե ինչ վտանգներով է հղի այս մոտեցումը։ Օրերս Ռուբեն Վարդանյանն ասել է, որ նոյեմբերի 1-ից ստանձնելու է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել Արցախի կողմից Ադրբեջանի հետ բանակցություններ տանելու դերակատարությունն իր վրա վերցնելու։  Այսպիսով, մոտ ապագայում Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները շատ իրատեսական են և միևնույն ժամանակ խիստ վտանգավոր՝ հաշվի առնելով ուժերի անհավասարակշռությունն ու Արցախի հարցի վերաբերյալ հայկական կողմի տրամաբանությունից հրաժարումը։ Այսպիսով, փաստացի ի կատար է ածվում թուրք-ադրբեջնական տանդեմի վաղեմի երազանքը` ուղիղ բանակնցություններ վարելու հայկական կողմի հետ` առանց միջնորդների և հատկապես առանծ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի:

Կարելի է նաև կանխատեսել, թե ինչ մասշտաբի մաղձ և ուղղորդված ատելության խոսք է հնչելու Արցախի և արցախցիների հասցեին, երբ նմանօրինակ գործընթացներ սկսվեն և կամ երբ Արցախը ստիպված լինի ռուսական կողմին խնդրել ավելի գործուն անվտանգային երաշխիքներ։ Այդ ժամանակ, սակայն, հարկ է լինելու հիշեցնել, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են Արցախին մենակ թողել գոյաբանական սպառնալիքի առաջ և շարունակում են ամեն գնով ուղղորդել դեպի Ադրբեջանի հետ «իրենց հարցերը լուծելու»՝ չխառնելով այդ ամենին ՀՀ-ը։

Աղբյուրը՝ Հայկական Ալիք

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ