Ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ մահացել են կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2021/11/dh.thumb_.jpg)
Առողջապահության նախարարությունը կհրապարակի տեղեկատվություն այն մասին, որ եղել են դեպքեր, երբ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են:
«Առաջիկա շաբաթվա ընթացքում, ամփոփելով այս ընթացքում իրականացված պատվաստումները և մահերի համադրություն իրականացնելով, կհրապարակենք, որ ունեցել ենք դեպքեր, որ պատվաստված լինելու պարագայում էլ, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Առաջիկայում այս տեղեկատվությունը ևս կհրապարակվի», – Ազգային ժողովում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ պետք է գիտակցել, որ պատվաստումները արդյունավետ միջոց են, բայց մենք չենք կարող բացառել թե վարակելիության դեպքը, թե հիվանդության ընթացքի ծանրությունը և, ցավոք սրտի, նաև մահը։
Նախարարի խոսքով՝ այլ երկրներում էլ պատվաստված անձինք 98-99 տոկոսով հիվանդությունն անցնում են թեթև, միջին ծանրությամբ:
«Շատ-շատերը չեն էլ զգում, որ վարակվել են, որովհետև պատվաստված են: Բայց, իհարկե, լինում են նաև մահացության դեպքեր: Այո, պատվաստումներն էլ, ինչպես ցանկացած դեղամիջոց, բժշկական միջամտություն, ունեն արդյունավետության աստիճան, և որևէ բան հարյուր տոկոսով երաշխիք չի կարող տալ», – ընդգծեց Ավանեսյանը: