16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Համացանցում տարածվում է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Օպերացիայի մանրամասներն ամբողջովին ներկայացնում է Սամվել Բաբայանը

Ադրբեջանական յութուբ-ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որը ձայնագրվել է Ստեփանակերտում՝ բունկերում, պատերազմի ժամանակ:

Անհասկանալի է, իհարկե, թե ո՞վ կարող էր հնարավորություն ունենալ գերգաղտնի օբյեկտում ձայնագրություն անել ու տարածել այն:

Ի դեպ, ավելի վաղ՝ հունիսի 18-ին, այդ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև Փայլակ Առաքելյան անունով օգտատերը, ով գրել էր՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի օպերացիան (չիրականացված), որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը: Դատողությունները թողնում եմ բոլոր գիտակից մարդկանց ու «իրար միս կրծող» քաղաքական օղակներին»:

Վերջինիս ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում:

Հետագայում այն տարածել են նաև այլ օգտատերեր:

Ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը:

Սամվել Բաբայան – Այստեղ քարտեզի վրա նշիր, այստեղ ականապատ դաշտ է, մերոնք են դրել, չգնաք այդ ականապատ դաշտի վրա պայթեք:

– Սղնախը անցա՞ծ:

– Սղնախից անց:

Սամվել Բաբայան – Այո, Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք:

– Այո, կարյերով, կարյերի մոտով:

Սամվել Բաբայան – Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է: Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի:

Ասես տանկս փչացել է, էլեկտրոնիկան լավ չի աշխատում, ընկավ փոսը… Էդ էկիպաժների հետ բոլորդ խոսեք: Հետևակը նույն ձևի, բոլորը՝ հստակ: Արագությունը մեր գլխավոր խնդիրն է: Արագ զբաղեցնել էն դիրքերը, որը պետք է: Եղա՞վ: Առավոտ մի րոպե մեկը չուշանա: 6-ին արդեն ելման դիրքում ենք: Մի ժամ նստում եք, դիրքերը նայում եք, որտեղ, ինչ, կողմնորոշվում, 7-ին արդեն ճեղքումը սկսվում է: Արտիլերիան մի 15 րոպե աշխատելու ա, շուտ բացի, որ մտնելու ենք հարձակման: Հասկացա՞նք իրար: Իրար ման չենք գալու՝ գտնենք: Հեռախոս, բան, իրար հետ փոխանակե՞լ եք բոլորդ:

–Այո:

Ըստ տեսանյութի՝ ձայնագրությունն արվել է նոյեմբերի 5-ին: Տեսանյութում ակնհայտորեն քննարկվում է Շուշիի պաշտպանության օպերացիան, և հասկանալի է դառնում, որ այն ղեկավարել է Սամվել Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ