26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի հարցազրույց է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին, որը ներկայացնում ենք հատվածաբար։

-Ինչպե՞ս եք Դուք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումը, ի՞նչ հեռանկարներ կան։

– Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։ Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր սկզբունքները՝ ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը։

Սանձազերծված պատերազմը, ինչպես հայտնի է, պարունակում էր ահաբեկչական բաղադրիչ, քանի որ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին մեծ թվով իսլամիստ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։ Դա միանշանակ արձանագրված էր ոչ միայն հայկական կողմից, այլ նաև այդ մասին ուղիղ հայտարարում էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն։

 

Առաջին պլան է մղվում Ադրբեջանի պատասխանատվության հարցը պատերազմի սանձազերծման համար, որը հազարավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ։ Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները կանգնեցվել էին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր խաղաց պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն վերոնշյալ հայտարարությունը հրադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ հատուկ նշել, որ քաղաքական կարգավորման հարցը ներկայումս բաց է։ Եվ այն պիտի պարունակի պատասխանատվություն պատերազմը սանձազերծելու համար՝ հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Ուստի Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

– Ղարաբաղյան պատերազմը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ եզրակացություններ խորհուրդ կտայիք անել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ մենք էլ ունենք անավարտ հակամարտություն Դոնբասում։

– Խորհուրդ չեմ տա։ Ուղղակի կհիշեցնեմ հայտնի ճշմարտություն՝ ցանկացած բանակցություն ավելի օգտակար է, իմաստավորված և արժեքավոր, քան դրա բացակայությունը և ինչպես հետևանք՝ ռազմական գործողությունները։

Եվ սա ոչ թե տեսական մտորում է, այլ ծայրաստիճան պրագմատիկ մոտեցում, ընդ որում՝ շատ կարևոր է, որ ոչ մի կողմին չթվա, թե հակամարտությունը կարելի է լուծել հակառակորդին ոչնչացնելով կամ ապահովելով միակողմանի, ամբողջական և վերջնական հաղթանակ։ Որպես կանոն՝ պատերազմները չեն նպաստում հակամարտությունների լուծմանը, պատերազմները միայն հանգեցնում են ողբերգությունների, ցավի, կորուստների և նյութական վնասների, բայց դրանք չեն լուծում հիմնական խնդիրը՝ հակամարտությունը։ Այն պետք է կարգավորել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ընդ որում, ցանկալի է, որ երկխոսության մասնակից դառնան հակամարտող կողմերը։ Ինչպես պատմությունն է վկայում, ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է։ Գործնականում ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել, եթե կա հարգանք կողմերի դիրքորոշումների նկատմամբ և այնպիսի լուծումների որոնում, որը միաժամանակ հաղթող կդարձնի բոլոր կողմերին։

Շատ կարևոր է գիտակցել, որ որևէ աշխարհաքաղաքական բախում և թեժացում չի կարող լուծել մեր ժողովուրդների, մեր հասարակության և քաղաքացիների խնդիրները։ Առաջնահերթություն պետք է լինի հենց ինքը՝ մարդը, անկախ նրանից, թե սահմանի որ կողմում է գտնվում։ Կարող եմ միայն ցանկանալ երկարատև և արդար խաղաղություն բոլորին և, հատկապես, գործընկեր պետություններին, որտեղ կան մարդիկ, որոնք տառապում են հակամարտությունների հետևանքով, և որտեղ այդ հակամարտությունները դեռ վերջնականապես լուծված չեն։

– Փաշինյանին Ուկրաինայում հաճախ համեմատում են Զելենսկու հետ, որքանո՞վ են տեղին այդ համեմատությունները։

– Ես անձամբ, առավել ևս մոտից ծանոթ չեմ Ուկրաինայի նախագահին։ Եվ չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև տարբեր քաղաքագիտական, տեսական և գործնական հիմնավորումների առումով։ Ես կանդրադառնամ մարդկային կողմին։ Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա, քանի որ ես անձամբ շատ լավ ճանաչում եմ նրան։ Հնարավոր է, որ որոշակի առումով նրանք եկան իշխանության նույնանման միջավայրում, քանի որ երկուսն էլ եկան հասարակական սպասումների, նախկին իշխանությունից դժգոհության և արդարության սպասումների ալիքով։ Սակայն, իբրև քաղաքական գործիչներ, ներկա պահին նրանց միջև չկա և ոչ մի հատման կետ, քանի որ Փաշինյանի դեպքում գործ ունենք մարդու հետ, որը դավաճանեց Հայաստանի ազգային շահերը, և նրան չի կարելի համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ։

«Պատիվ ունեմ» դաշինք

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ