26 Սեպտեմբերի, Կիրակի, 2021
KFC

Նրանք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում

maxresdefault
Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել։ Իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում։
 
Այսօր 18 տարեկան Սաքոյի տոնն է, որը հավատացած էր՝ հաղթելու ենք, մորն ասած վերջին խոսքերն էին՝ “մամ ջան, կպած առաջ ենք գնում, չմտածես”, ու ինքը հաղթած էլ զոհվեց՝ էդ մենք ենք պարտվել։
Այսօր էն զոհված բժիշկների՝ Սաշայի, Նարեկի, Վահեի, Դավիթի, Հարութի… տոնն է, որոնք վիրավոր տղաների համար ոչինչ չեն խնայել՝ իրենց կասկան են տվել, իրենց կյանքն են տվել։
 
Այսօր 34 տարեկան Կարոյի տոնն է, որն ամեն հարձակումից առաջ 1֊2 ամսական աղջկա նկարն է նայել ու կատաղած առաջ նետվել։ Կարոյի դին ամիսներ անց հենց աղջկա նկարով էլ ճանաչեցին։
 
Այսօր ձյաձ Սամվելի տոնն է, ում տղան աչքի առաջ զոհվել էր, բայց ինքը շարունակել էր կռվել։ Ձյաձ Սամվելն արդեն տանն է. այսօր Եռաբլուրում է, տղայի հետ դեռ կռիվ է տալիս, թե՝ ախր, հակառակ տեղերում պիտի լինեինք։
Այսօր էն հոգևորականների տոնն է, որոնք օրերով խրամատում էին քնում, վիրավորներին օգնում, նաև՝ զենքով առաջ գնում։ Նրանց շարքում էլ զոհեր, անհետ կորածներ կան…
 
Այսօր “նեգոդնի” տղերքի՝ Հայկի, Բարութի (անունն էդպես էլ չիմացա), Գևի, մյուսների տոնն է, որոնք հոսպիտալի մոտ էին՝ վիրավորների ծնողներին էին օգնում, համոզում, որ մի բան ուտեն, որոնք երկու օրը մեկ Արցախ էին գնում՝ սնունդ, ծխախոտ տանում։
Այսօր դեռ հիվանդանոցներում պառկած վիրավոր տղերքի տոնն է, որոնք թշմանուն “գրավ” են թողել իրենց ձեռք ու ոտքը։
Այսօր պատերազմից ողջ֊առողջ վերադարձած Գագոյի, Գոռի, ձյաձ Լյովի, Հովոյի, Խաչիկի, ձյաձ Աբրահամի, Կարոյի… տոնն է, որոնք հիմա լուռ են, հատկապես այսօր լուռ են։
 
Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում… Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն։
 
Շնորհավո՜ր, տղե’րք։ Կներեք մեզ։
 
Կարինե Հարությունյան
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ