09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։

Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։

Անդրադառնալով Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին՝ խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հայտարարությամբ վերահաստատել իր դիրքորոշումն ու մոտեցումները, որը ներկայացվում է ստորև.

ՀԱՄԱԽՈՀՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԱՌԱՋԱՐԿ

Համայն հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների, իսկ մեր պետականությունը՝ գոյաբանական սպառնալիքի դեմ հանդիման։ Ակնհայտ է, որ բոլոր առումներով ձախողումներ արձանագրած և երկիրը կործանման եզրին հասցրած իշխանության հետ հույս կապել չի կարելի։ Հնարավորինս սեղմ ժամկետներում իշխանության փոփոխությունը և ժողովրդի կողմից նոր որակի իշխանության ձևավորումը հնարավոր է միայն ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով։

Միանշանակ է, որ քաղաքական և իրավական պատասխանատվությունից խուսափելու՝ օրվա իշխանությունների միակ ճանապարհը ընտրությունները կեղծելու միջոցով վերարտադրվելու հույսն է։

Միանշանակ է նաև, որ պետական համակարգի կազմաքանդման գործընթացի կանխման, առկա բարոյահոգեբանական ճգնաժամի հաղթահարման, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու մարտահրավերներն անհրաժեշտաբար ենթադրում են բեկումնային և անհապաղ փոփոխություններ մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։

Ելնելով վերնշյալ հաստատումներից՝ Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում.

1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից:

2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն.

ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,

բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին:

Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով։

Հայրենիքի փրկության շարժումն առաջարկում է բոլոր դերակատար քաղաքական ուժերին վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27.01. 2021 թ.

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ