05 Մարտի, Ուրբաթ, 2021
KFC

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ Հրապարակ

images

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։

– Պարոն Թաթոյան, ՄԻՊ գրասենյակն ինչպե՞ս է հավաքում ռազմագերիների, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները, ի՞նչ աղբյուրներից, հավաքագրումից հետո ո՞ւմ եք ուղարկում։

– Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից՝ կլինեն ներպետական մարմինները, հրապարակային աղբյուրները, մեր տղաների ազգականները, ընտանիքները եւ մեր մոնիթորինգի արդյունքները։ Պետք է մի բան նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանը քննչական գործառույթներով օժտված չէ, հետեւաբար, ՀՀ ՄԻՊ-ը քրեական գործի քննություն անելու իրավունք չունի, դրա համար է, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, եւ մենք նաեւ շատ արդյունավետ համագործակցում ենք Քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ, կարող եմ ասել՝ ամենօրյա ռեժիմով։

Մեր արձանագրած տեղեկությունները՝ զեկույցների, փակ զեկույցների տեսքով, դրանից բացի պատերազմական հանցագործությունների մասին տվյալները ամփոփված-ուղարկված են ընդհանուր իրավազորություն ունեցող տարբեր երկրներ՝ քրեական հետապնդումներ նախաձեռնելու խնդրանքով, ուղարկվում են միջազգային կառույցներին, մեր արտգործնախարարություն, մյուս մարմիններին եւ այլն։

– Ադրբեջանը մեր ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, Հայաստանն ի՞նչ կարող է անել։

– Ադրբեջանի այդ քաղաքականությունը, նման իրավական գործընթացներ նախաձեռնելը, քրեական գործ հարուցելը, ձերբակալելը, կալանավորելը եւ այլն, կոպտորեն հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Ադրբեջանն ակնհայտորեն չարաշահում է իրավական գործընթացները, հարցը քաղաքականացնում է, արհեստականորեն ձգձգում է, սակայն ուզում է ցույց տալ, որ չկա արհեստական ձգձգում, քանի որ ինքն իբրեւ քրեական վարույթ է նախաձեռնել։

Դա ակնհայտ հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին նաեւ այն իմաստով, որ մեր տղաները, այդ թվում՝ 62+2 հոգին, Արցախում իրականացրել են իրենց իսկական զինվորական ծառայությունը, կատարել են իրենց սահմանադրական պարտականությունը։ Ադրբեջանցիներն ասում են, թե իբր թե, Հայաստանը նրանց ուղարկել է սպանություններ կատարելու համար՝ զինված ուժերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ։

Դա իրականության հետ բացարձակ որեւէ առնչություն չունի, որովհետեւ նրանք այնտեղ են եղել որպես զորակոչված ծառայողներ՝ Հայաստանի զինված ուժերում ծառայելու նպատակով, իսկ զինված ուժեր զորակոչված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքը տարածում է պարտադիր կանոններ, որ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն, եւ նրանց նկատմամբ որեւէ քրեական գործ չի կարող հարուցվել։

– Կան պատգամավորներ, որոնք նշում են, թե գերիների թիվը հրապարակելով՝ նրանց վտանգի տակ կդնեն․ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

– Մենք մեր գործընկերների հետ շատ պատշաճ աշխատում ենք, շատ հարգանքով ենք վերաբերվում նրանց աշխատանքին, դա ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն է, ՊՆ-ն է, ԱԱԾ-ն է, Քննչական կոմիտեն եւ այլն։ ՄԻՊ-ը, իհարկե, տիրապետում է այն թվին, որ, իմ կարծիքով, կան Ադրբեջանում գերության մեջ պահվող մարդիկ, բայց մեզ անհրաժեշտ է, եւ ես կարեւոր եմ համարում, որ պետական իրավասու մարմինը դա հրապարակի, որ մենք դա օգտագործենք նաեւ հրապարակային նամակներում, որ այլ քննարկումներում մենք կարողանանք մեր ճնշումները մեծացնել։ Առնվազն 2 տեսակի կատեգորիա կա՝ մեր գերիների թվի առումով․ մեկն այն է, որ անվիճարկելի, օբյեկտիվ բնույթի ապացույցներով հաստատված է, որ կան Ադրբեջանում։

Ընդ որում, մենք հիմք չպետք է վերցնենք այն թիվը, որ ադրբեջանցիներն են հաստատել, այլ որ մենք տեսանյութով նայեցինք, տեսանք, որ մեր տղան Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել, մենք դա պետք է չափանիշ ընդունենք։ Սա մի կատեգորիա է։ Այսինքն՝ ապացույցներով, տեսանյութերում երեւացող, որ մարդիկ տեսնում եւ ճանաչում են։ Երկրորդ կատեգորիայում մեր այն տղաներն են, որոնց վերաբերյալ, օրինակ, տեսանյութ չկա, այլ աղբյուրներից ենք տեղեկացել, կասկածում ենք եւ այլն։

Այդ դեպքում մենք ազատություն ունենք ասելու, որ, օրինակ, առնվազն 200 հոգի կամ, պայմանականորեն, առնվազն 100 հոգի գերի կա։ Այսինքն՝ մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք օբյեկտիվորեն ասել, որ մենք առնվազն այս թվով գերիներ ունենք այնտեղ։ Մենք պետք է այս 2 կատեգորիան զատենք իրարից։ Խոսքը չի վերաբերում ցուցակներին, խոսքը վերաբերում է թվի հրապարակմանը։ Պետությունը թիվը հրապարակելով՝ կկանխի նաեւ հնարավոր մանիպուլյացիան, այսօր մարդկանց մեջ շատ են, չէ՞, թվեր պտտվում, մեկն ասում է՝ 500, մյուսը՝ 700 եւ այլն, պետությունը սրան վերջ կդնի, կասի՝ ժողովուրդ ջան, ես պատշաճ աշխատում եմ, ահա՝ այսքան թիվ կա, եւ միջազգային հանրությանն էլ պետք է ասի՝ ես 2 կատեգորիա ունեմ, եւ քանի որ Ադրբեջանը մեզ անընդհատ խոչընդոտում է, ես տեսանյութերով եւ այլ ապացույցներով այս թվով գերիների հարցում համոզված եմ, դա օբյեկտիվ ապացույցներով է հաստատվում, բայց ես նաեւ շատ հիմքեր ունեմ ենթադրելու, որ, օրինակ, եւս առնվազն 50 հոգի ունեմ այնտեղ։ Հասկանո՞ւմ եք՝ մենք այսպես պատասխանատվությունը նաեւ թողնում ենք Ադրբեջանի վրա, իսկ հիմա․․․ մենք թվեր չենք հայտարարում, իսկ Ադրբեջանը․․․ Ադրբեջանը նույնիսկ թիվ չի էլ հայտարարում, մեր 62+2 տղաներին ինքն ասում է «մի քանի տասնյակ», թիվ չի ասում, հասկանո՞ւմ եք՝ օգտվելով նաեւ այն առիթից, որ մենք էլ թիվ չենք ասում։

Օրինակ՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոնկրետ թիվ եմ տվել։ Թող հանկարծ շահարկում չանեն, թե մենք մեր գործընկերների հետ չենք կարողանում աշխատել կամ չենք կարողանում տվյալներ հավաքել։ Հարցը հետեւյալն է, որ իրավասու մարմինը թիվ հրապարակի, որ մենք ամեն կյանքի համար պատասխանատվությունը թողնենք Ադրբեջանի վրա։

– Այն տեղեկությունները, որոնք Դուք հավաքում եք, ի վերջո, ի՞նչ նշանակություն կարող են ունենալ։

– Դրանք իրավական ընթացակարգեր են, ես իմ հնարավորությունների սահմաններում․․․ չասեմ՝ մի բան էլ ավել, բայց ինչ հնարավոր է, արվում է։ Նույնիսկ 2 օր առաջ դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Այդպիսի բան, որ ՄԻՊ-ը դիմի այդ միավորին, երբեք չի եղել, բայց ես դիմել եմ, իմ փաստարկները հատուկ ներկայացրել եմ։

Այսինքն՝ ես տեղյակ եմ, որ ԱԳՆ մեր գործընկերները զբաղվում են, բայց մարդու իրավունքների տեսանկյունից այս բոլոր փաստարկները, ինչ ես հրապարակային հնչեցնում եմ եւ Ձեզ ասացի, դրանք շատ ավելի հիմնավոր, թղթին տված, կոնկրետ օրինակներով ներկայացրել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ավելին՝ կցել եմ նաեւ իմ 2 արտահերթ զեկույցները, մեկը՝ ատելության եւ թշնամանքի քարոզին վերաբերող՝ որպես հայերի նկատմամբ էթնիկ ատելության հիմքով խոշտանգումների խորքային պատճառ, եւ այն զեկույցը, որը վերաբերում է Ադրբեջանում հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքին՝ նրանց հարցաքննությունների վրա ֆիքսվելով։ Ես այդպես նաեւ ցույց եմ տվել, որ նրանց հարցաքննության որեւէ արդյունք, հայտնած որեւէ տվյալ միջազգային նորմերի տեսանկյունից չի կարող դիտվել որպես ապացույց, դա ուղղակի բացառվում է, որովհետեւ նրանք՝ բոլորը, խոշտանգման, բռնության վտանգի ներքո են։

Ադրբեջանցիներն ասում են, որ քրեական գործ են հարուցել եւ քննում են, ես դրա համար արագ հատուկ զեկույց հրապարակեցի, որը շատ պրոֆեսիոնալ զեկույց է, եւ ուղարկեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Դրանք հատկապես կարեւոր էին՝ ցույց տալու համար այս ողջ շղթան, եւ մենք ցույց ենք տվել։ Մենք ցույց ենք տվել, որ նրանք այդկերպ մեր ժողովրդին հոգեկան տառապանքներ են պատճառում, էմոցիաների հետ են խաղում, լարված են պահում մթնոլորտը, նպաստում են դրան եւ այլն։

– Հիմա շատ է խոսվում ադրբեջանցիների հետ համակեցության մասին, դա հնարավոր համարո՞ւմ եք, եւ արդյո՞ք իրենց մոտ էթնիկ հիմքով ատելությունը պետական աջակցություն ունի եւ ինստիտուցիոնալ բնույթ է կրում։

– Դուք ճիշտ տերմիններով եք խոսում, եւ ես էլ եմ այդ տերմիններն օգտագործում։ Մեր մոնիթորինգը հենց դա է վկայում, ես դա պարբերաբար հատուկ հրապարակում եմ, որ իրենց մոտ պետական մակարդակով շարունակվում է հայատյացության, թշնամանքի քարոզի քաղաքականությունը։ Ոչ ոք չի ասում, որ համատեղ ապրել պետք չէ, ենթադրենք, այս տարածաշրջանում այս ժողովուրդները դեռ պետք է շարունակեն միասին ապրել, բայց երբ մի երկիր պետական ամենաբարձր մակարդակով ատելություն է գեներացնում, եւ ավելին՝ նախորդ 20-30 տարիներն անցել են այդ պետական աջակցությամբ ատելության զարգացման քաղաքականության համատեքստում՝ սկսած երեխաների դասագրքերից եւ այլն, եւ այն դաժանությունները, ատելությունը, որը դուրս տվեց այս պատերազմի ընթացքում․․․ այդ գլխատումներն ինչո՞ւ էին տեղի ունենում, այդ ամենը կոնկրետ պատճառ ուներ, եւ խորքային պատճառները հենց այդտեղ են։ Երբ ես անդրադառնում եմ մեր գյուղերին, ես հենց դա նկատի ունեմ, որ ճանապարհի մի կողմում զինված ադրբեջանցիներ են, զինվորականներ, մյուս կողմում՝ մեր խաղաղ բնակիչը։ Ճիշտ է՝ այնտեղ հայ եւ ռուս սահմանապահները կան, բայց դա կապ չունի, մյուս կողմում զենքով մարդիկ են, իսկ մեր երեխաներն այդտեղ խաղում են։ Այսինքն՝ այս պայմաններում, երբ դու ունես մեծ ծավալի ատելություն․․․

Դուք մոռացե՞լ եք, որ դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները ցեղասպանության կազմակերպիչների ու կատարողների, Բաքվի ջարդերի կազմակերպիչների, կատարողների հետ համեմատություններ էին անում, ասում էին՝ փառավորվել է նրանց հոգին։ Դա ի՞նչ է նշանակում, դա չի՞ նշանակում, որ բացահայտ սպառնալիքներ են, էլ չեմ ասում նրանց խոսքի այլ մասերը։

– Կարծիք կա, որ Հայաստանում միակ աշխատող կառույցը, պաշտոնյան Դուք եք, Դուք Ձեզ մենա՞կ եք զգում, իշխանություններն աշխատո՞ւմ են Ձեզ հետ։

– Չէ, դա այդպես չէ, մեր բոլոր գործընկերներն էլ․․․, օրինակ՝ ԱԳՆ մեր գործընկերների հետ մենք աշխատում ենք, Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչը եւ իր գրասենյակն ակտիվ աշխատում են, Քննչական կոմիտեում քննիչները քննություն են իրականացնում, ԱԱԾ սահմանապահ զորքերի մեր տղաները հերոսական ծառայություն են տանում, զինված ուժերը, որոնց հետ մենք աշխատում ենք։ Այսինքն՝ մենք աշխատում ենք բացառապես մասնագիտական տեսանկյունից, խնդիրները շատ են, ժամանակը՝ քիչ։ Դուք տեսնում եք, թե այս սահմանների գործընթացն ինչ արագ է գնում, մենք անընդհատ մարդու իրավունքների խախտումներ ենք արձանագրում, դրանք նաեւ պետք է հրապարակենք։ Օբուդսմենի դերն էլ է դա, որ դու նաեւ հրապարակային դաշտում աշխատես լիարժեք, դրանից բացի՝ մենք պետք է իրավական համակարգում ծառայենք նաեւ մարդու իրավունքների խնդիրների վերհանմանն ու առաջ տանելուն, հանրային դիսկուրսի համար նաեւ հիմքեր ստեղծելուն։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ