22 Հունվարի, Ուրբաթ, 2021
KFC

Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման

Без названия (9)
Աղվան Վարդանյան
13 ՀԱՐՑ-ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Աղվան Վարդանյանի խոսքը 2020թ. դեկտեմբերի 1-ին
«Սպուտնիկ Արմենիա»-ում կայացած մամուլի ասուլիսում
Մոտ վեց ամիս հրապարակային չեմ խոսել, հարցազրույց չեմ տվել։ Դրանից առաջ այս մարդու, իր իշխանության բնույթի մասին ամեն ինչ ասել եմ, ողբերգական հետեւանքների մասին զգուշացրել եմ։ Փորձել եմ գործողությունների մղել։
Այսօր որոշեցի խոսել, որովհետեւ հարցեր կան, եւ ուզում եմ ՝ դուք, մեր քաղաքացիները այս հարցերի ու բացահայտումների շուրջ մտածեք։
1.2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։
Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված,ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։
2.Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ, ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի։ Իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։
Արդյո՞ք նրա ամուսինը (կնոջը ամուսին ասում են, չէ՞), միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվեն։ Բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։
3. Արդյո՞ք 2019թ. առաջին կեսին Նիկոլը, հերթական հիստերիկ նոպայի մեջ, ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։
4. Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։
5.Հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին։ Երեւի երեսո՞ւն։ Արդյո՞ք մինչեւ պատերազմը եթե երեք անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել։
6. Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր։ Միայն ժամը եւ գլխավոր ուղղությունը հստակ չգիտեինք։
Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի՞նչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։
Ինչո՞ւ էր պատերազմից մեկ օր առաջ Հայաստանի ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, եւ եթե գար, կալանավորելու էին։
Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։
Ինչո՞ւ արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։
7. Այս ամենի ֆոնին, պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, ի՞նչ էր անում վարչապետի ամուսինը Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։
Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության, ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։
8.Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաժանում, նվաստացնում էր Ալիեւին, չէ՞ր մոտեցնում, արդյո՞ք, պատերազմը։
Հիմա ո՞վ է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։
Արդյո՞ք որեւէ մեկը կարող է հոդաբաշխ բացատրել՝ ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։ Ինչի՞ց է վախենում։ Մտածեք նաեւ այս մասին։
9.Արդյո՞ք ռազմական դրությամբ, խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։
10.2020թ. մարտի սկզբին Նիկոլը այցելեց Վրաստան։ Արդյո՞ք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։
11.Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից, իբրեւ պաշտոնական բանակցող, Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։
12.Վերջին ելույթում Նիկոլը հպարտ քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք։ Մի վախեցեք ասում է ամենավերջին վախկոտը։ Նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ։
Իբրեւ իր վերջին հենարան՝ ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցի տարածքում։
13.Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռ.Քոչարյանին դատարանը ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։
Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից։
Արդյո՞ք նա այդպես ամբողջ գիշեր դողդողացել է նաեւ տարիներ առաջ Կոշի կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։
Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։
Եւ արդյո՞ք մինչեւ Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը չի հանգստացել։
Մի վախեցեք ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։
Նախավարչապետական շրջանի վախկոտության բազմաթիվ դրվագներին չանդրադառնամ։ Եւ՝ փողի հանդեպ առանձնահատուկ սիրուն։
Արդյո՞ք սխալված կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են տարբեր երկրների համապատասխան մարմինները։
Ամփոփեմ. մի անգամ Նիկոլը ասել է՝ մեր ժողովրդին ես բոլորից լավ եմ ճանաչում։ Եւ ճիշտ է, եւ սուտ։
Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի՝ առավելագույնը հինգ տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի, սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր։
Այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու։
Մեր խնդիրն է այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից։
Մեր խնդիրն է պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը ետայսու բացառելը։
KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ