26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս աղաղակող անարդարությանը պետք է վերջ տրվի. Հրանուշ Հակոբյան

Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Շնորհակալությու՜ն, Ֆրանսիա, լուծումներ պետք է գտնել
 
Վշտի, արյան ու արցունքի անտակ ծովում ծառս է լինում հայ ժողովրդի վիրավոր հոգին․․․ Մենք կրել ենք ցավալի պարտություն անհավասար պատերազմում, թեև մեր Պաշտպանության բանակն ու կամավորները 44 օր շարունակ հերոսաբար կենաց-մահու պայքար մղեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքայի, Ադրբեջանի հրոսակների, վարձու ահաբեկիչների դեմ, և այս ամենը սառը աշխարհի քար լռություն ներքո։
 
Մենք ունեցանք անչափ թանկ կորուստներ, արնածոր են մեր սրտերն ու հոգիները, մենք սգում ենք զոհված երիտասարդների մահը, մտահոգվում անհայտ կորած, գերի ընկած և վիրավոր հայորդիների համար։
Բզկտվել ու անդամահատվել է Արցախ աշխարհը՝ երեսուն տարվա մեր համազգային հպարտության, ոգևորության ու միասնության աղբյուրը, մեր հաղթանակների սրբազան խորհրդանիշը։ Ցավալի, մեր ժողովրդի համար ծանր հետևանքներով հայտարարությունը, իհարկե կանխեց արյունահեղությունը, և Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն միջնորդական առաքելությամբ հանդես եկավ, այլև խաղաղապահներին տեղակայեց Արցախում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը և փախստականների վերադարձը։
 
Սակայն, սոսկալի ծանր ու անչափ ցավալի է տեսնել մեկը մյուսի հետևից դատարկվող գյուղերը, այրվող տները, փակվող դարպասները, դարավոր թշնամու տիրապետության տակ անցնող հայոց սրբավայրերը, հուշարձան կոթողները, նախնյաց շիրիմները, որոնք արդեն սկսել են պղծվել․․․
 
Այս աղաղակող անարդարությանը պետք է վերջ տրվի։ Այս պահին կարծես լույսի մի փոքր շող է ճառագում․ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։
 
Շնորհակալություն, Ֆրանսիայի ազատասեր և արդարամիտ ժողովուրդ, որ ընտրել ես նման խիզախ սենատորների, որոնք ի լուր աշխարհի ներկայացրեցին Արցախի ճգնաժամը և կանգնեցին ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում։
Խնդիրը կարող է լուծումներ ստանալ, եթե ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման, Ֆրանսիայի պառլամենտը, ԱՄՆ կոնգրեսը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը մեկը մյուսի հետևից ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի անկախությունը։ Շտապ պետք է գործի դնել մեր դիվանագիտական բոլոր հնարավորությունները, օգտագործել Սփյուռքի հզոր ներուժը։
 
Արցախի անկախության ճանաչումը կլինի այն ամենի պատասխանը, ինչ Թուրքիան կատարեց այս տարածաշրջանում՝ իր բարբարոս էությանը և գործելակերպին համապատասխան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքներն ու նորմերը, հազավոր ընտանիքների պատճառելով կորուստներ, առաջացնելով անասելի հումանիտար ճգնաժամ․․․ Բոլորի համար պարզ է այն, որ նրա վերջնական նպատակն է կուլ տալ Անդրկովկասը և իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, հագուրդ տալ իր նորօսմանական նկրտումներին։ Սակայն, պետք է կանխել Թուրքիայի անընդունելի հավակնությունները և թույլ չտալ նոր ողբերգություններ, նոր էթնիկ զտումներ, փախստականների նոր ալիք, նոր ցեղասպանություն, նոր պատերազմական իրավիճակ տարածաշրջանում։ Իսկ դա հնարավոր է Հայաստանի Հանրապետության ակտիվ ջանքերով և խելամիտ դիվանագիտությամբ, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների համատեղ գործակցությամբ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ