27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես անձամբ եմ լսել Արսեն Թորոսյանի խոսքերը, պատասխանատվությունից խուսափելու նրա փորձը ապարդյուն է. Վրացի պրոֆեսոր

Վարակիչ պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության վրացական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն կրկին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ՀՀ առողջապահության նախարարության հայտարարության հետ: Այդ մասին գրում է Interpressnews.ge-ն։

«Ծիծաղելի է, երբ երկրի առողջապահության նախարարը նման հայտարարություն է անում, որտեղ վերջին երկու օրվա ընթացքում ( մայիսի 23-ին և 24-ին) հայտնաբերվել է COVID-19- ի 733 նոր դեպք: Ինչպես գիտեք, մայիսի 22-ին Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մեղմ ասած, սխալ և ապակողմնորոշիչ հայտարարություն է արել Վրաստանի մասին: Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները (և ոչ թե ինքը՝ նախարարը) բացատրություն են տվել, որ նախարարը նման բան չի՞ ասել: Եվ նրա հայտարարությունը, ցավոք, սխա՞լ է մեկնաբանվել լրատվամիջոցների կողմից: Մենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ սա ապատեղեկատվության ևս մեկ փորձ է, քանի որ ես անձամբ (ինչպես մյուսները) լսել եմ պարոն նախարարի ելույթը, որտեղ նա, առանց որևէ փաստարկի, ասում է, որ իրենց հակահամաճարակային համակարգը ավելի ուժեղ է, քան Վրաստանում: Նա նաև կասկածում է Վրաստանում կիրառված թեստային համակարգերի և թեստավորման մեթոդաբանության որակների վրա, ինչպես նաև՝ կասկածել է Վրաստանի վիճակագրության հարցում», – հայտարարել է Ցերցվաձեն:

«Մենք շարունակում ենք կարծելլ, որ պարոն Թորոսյանի` պատասխանատվությունից խուսափելու փորձը ապարդյուն է, և նա պետք է կամ հիմնավորի իր ոչ ճիշտ (մեղմ ասած) գնահատականները, կամ գոնե ներողություն խնդրի», – ասել է  Ցերցվաձեն:

 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին։

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք  ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց  դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», – ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին:

«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», – հավելել է  Զալկալիանին:

Երեկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարել է, որ բարձր են գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: «Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանության վրա ենք կառուցել և շարունակելու զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը: Ցավում ենք, որ նախարարի խոսքերը թյուրըմբռման և քաղաքական շահարկման տեղիք են տվել», – մասնավորապես, նշել է Նիկողոսյանը։
 

Հիշեցնենք՝ Հանրային խորհրդի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի ժխտել, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, սակայն նշել է, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը ոչ լավ իմաստով տարբերվում է հայկականից։

«Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես՝ հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով: Կա մեթոդաբանության տարբերություն, այդ թվում՝ այն քաղաքացիների, որոնք թեստավորվում են ընդհանրապես: Կա մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք Վրաստանում հաշվարկում են որպես թեստ: Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ և, անկեղծ ասած, չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թետերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն», – նշել էր նախարարը։

Արսեն Թորոսյանի հարց հնչեցրեց՝ արդյոք Վրաստանում սուր շնչառական վարակներ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է, ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց շատ թեթև են տարել այն, ընդհնարապես թեստավորվել են:
«Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Դա մեր խնդիրը չէ: Նույնը վերաբերում է նաև մահվան դեպքերին: Արդյոք թոքաբորբով մահվան դեպքը, եթե առկա է նաև կորոնավիրուս, համարվում է կորոնավիրուսից մահվան դեպք, թե ոչ: Մեզ մոտ համարվում է միանշանակ: Թափանցիկության նման համակարգ, ինչպես մեզ մոտ է, ես այլ երկրում չգիտեմ»,- ասել էր նա:

Թորոսյանը միաժամանակ հարցականի տակ էր դրել տուրիստական սեզոնից հետո հնարավոր բարվոք իրավիճակը, որը կարող է հաստատվել հարևան երկրում:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել էր ոչ դիվանագիտական։
 

Իսկ Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունաբանության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետք է կամ հիմնավորի Վրաստանում կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սխալ գնահատականները, կամ էլ ներողություն խնդրի: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ