27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը փողի վրա նստած՝ չի ուզում տալ, սա էր ամբողջ պամությունը․ Էդմոն Մարուքյան

Չկարողացա դահլիճ վերադառնալ եւ որեւէ կերպ արձագանքել եւ ճիշտ կլինի հենց հիմա արձագանքելը։ Այս մասին երեկոյան 23։30-ին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասել է ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում իր եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի լեզվակռվին։

«Ինչ է եղել, հարգելի հայրենակիցներ։ Շատ ցավալի միջադեպ է եղել, ինչի համար ափսոսում եմ։ Բայց ինձ հարց եմ տալիս, ինչու են տեղի ունենում նման միջադեպեր», հարցրել է Էդմոն Մարուքյանը եւ հիշեցրել, որ Վանաձորից ընտրվել է 2012 թվականին, 5 տարի աշխատել է խորհրդարանում, երեք անգամ եղել  մշտական հանձնաժողովի անդամ, 4՝ միջազգային պատվիրակության անդամ, 5-րդ գումարման ԱԺ-ում «Պառլամենտ մոնիտորինգը» ճանաչել է որպես մեծամասնականով ընտրված ամենաակտիվ պատգամավոր եւ երբեւէ նման միջադեպի մեջ չեմ ընկել։

«2017 թվին «Ելք» դաշինքով եմ ընտրվել։ Էլի չի եղել միջադեպ։ 2018-ին եմ ընտրվել՝ առաջնորդելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը եւ անընդհատ ընկնում եմ նման միջադեպերի մեջ։ Հիմա հարց է առաջանում․ Էդմոն Մարուքյանն է՞ պրոբլեմ, թե՞ մեկ այլ պրոբլեմ կա։ Բա ինչո՞ւ առաջ չկար նման պրոբլեմ։ Սկզբում միայնակ եմ ընտրվել։ Հիմա 17 հոգով ենք ընտրվել։ Անգլերենին տիրապետում եմ, հետեւում եմ լուրերին, համաշխարհային զարգացումներին եւ իմ ուղեղն ու գիտելիքները փորձում եմ աշխատեցնել մեր երկրի համար։ Տեսել եմ, որ ամբողջ աշխարհում ֆինանսական աջակցություն են տրամադրում իրենց ՀՆԱ-ի տոկոսի չափով։ Իսկ Հայաստանում չեն ուզում դա անել, ես էլ ասել եմ, որ փող կա։ Ասում էին՝ մենք քյասիբ երկիր ենք, փող չկա։ Երկու օր է՝ հայհոյում են մեզ, իրենց ֆեյսբուքներով, կայքերով ու ֆեյքերով․․․ Պոպուլիստ ա, ծախված ա․․․», պատմել է Մարուքյանը, պնդել, որ փող կա եւ նախաձեռնությամբ է հանդես եկել։

«Խորհրդարանում բովանդակային քննարկում չի ստացվում, այս խորհրդարանում ընդհանրապես բովանդակային քննարկում չի լինում, չի ստացվում էս խորհրդարանում, սիրելի հայրենակիցներ։ Մի հատ բրիֆինգով վիրավորական ելույթ ունեցան, հետո եկան դահլիճում վիրավորական ելույթներ ունեցան, ով ոնց կարողացավ՝ վիրավորեց։ Հետո ամբիոնից վիրավորեցին, թե մարդիկ են ծեծել՝ դուք օգնության չեք եկել։ Դա սուտ է, սիրելի հայրենակիցներ», ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահը։

Ալեն Սիմոնյանի պատմած դեպքի կապակցությամբ, Մարուքյանն ասել է, որ ինքը  Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել էր, որ  «իրենք գնում են, մենք մնում ենք, եթե բռնություն լինի՝ մենք կգանք»։

«Ես վրդովվեցի, ասեցի՝ սուտ ես ասում, հետո սեռական բնույթի հայհոյանք հասցվեց մեր խմբակցության կին պատգամավորի։ Հետո նորից՝ ինձ վիրավորանք։ Եվ ես, միգուցե, հունից դուրս եկա ու պատասխանեցի վիրավորանքով։ Ինչի են ուզում հասնել, որ մեզ ներքաշեն այդպիսի միջադեպերի մե՞ջ, որ դուք մոռանաք, որ ձեր փողերից կարող են ձեզ փող տալ։ Որ չիմանաք, որ այսօր 4300 ընտանիք մթան մեջ նստած, լույս չունի, որ միացնի։ Լույս չկա, որ երեխաները վաղը օնլայն դաս անեն։ 763 ընտանիք գազ չունի, ցրտին նստած են։ Դա արվում է, որ դուք շեղվեք, որ մտածեք՝ վայ, էս ինչ եղավ, էս ինչ ասեցին իրար»։

Մենք չենք շեղվելու, հայտարարել է Էդմոն Մարությանը․ 

«Հետեւողական ապացուցելու ենք, որ ժողովուրդը փող ունի, պետք է ստանա այդ փողը։ Մարդիկ վերջին փողը տվել են լույսի վարձին, որովհետեւ ավելի լավ է հաց չունենան, քան լույս։ Հիմա Խաչատրյան Գագոյի գանձապետը եկել, ասում է՝ փող չկա։ Խաչատրյան Գագոն ինչքան տեղակալ ուներ՝ կամ նստած է կամ փախած։ Ինչքան կարելի  հեղափոխությունից խոսել․․․ Կյանքներս կերաք, արյուններս խմեցիք։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, եթե մտածում եք՝ կարելի է կին պատգամավորին սեռական բնույթի հայհոյանքներ տան, որ շեղեն․․․  Մենք այդպես չենք մտածում»։

Էդմոն Մարուքյանը նորից պնդել է, որ կա 300 միլիարդ փող, «չեն ուզում տալ»։

«Այսօր գիտե՞ք խորհրդարանում ինչ է քննարկվել, Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը, որ բանավոր ցուցումի հիման վրա մարդուն կարող են մեկուսացնել, բողոքարկման որեւէ ընթացակարգ չկա։ Գիտեի՞ք։ Բայց դրան ո՞վ է հետեւում․․․ Ամեն ինչ այս մասին է՝ Սերժը․․․ Ի՞նչ Սերժ։ Ինչից խոսում ենք, ասում են՝ Միշիկը, Սերժիկը, Սաշիկը։ Դա նրա համար է, որ մենք շեղվենք, պատասխանենք հայհոյանքներին, անձնական վիրավորանքներին։ Բովանդակային հարց ենք քննարկում՝ մտնում են անձնական տիրույթ, ընտանիքի անդամներին են վիրավորում։ Կառուցողական քննարկում ինչո՞ւ չի ստացվում», հռետորական հարց է հնչեցրել Մարուքյանը։

«Դուք 73 տոկոս եք տվել այդ մարդկանց՝ բերել, հիմա այդ մարդիկ ձեր գազն ու լույսը անջատում են, մեզ էլ հայհոյում են։ Մենք էլ պատասխանում ենք․․․  Վրդովված եմ եղել, ստացվել է։ Խորհրդարանում կա Էթիկայի հանձնաժողով ձեւավորելու ընթացակարգ։ «Իմ քայլի» ձեռքին է, թող իմ հարցը դնեն, քննարկեն։ Կառավարությունն ընդունել է 14 ծրագիր, հազարավոր մարդիկ դուրս են մնացել այդ օգնությունից։ Պետք է գտնենք այդ մարդկանց ու աջակցենք։ Մենք էլ դա առաջարկել ենք ժողովրդի շահերը պաշտպանելու համար»։

Մենք չենք զիջելու, ժողովրդի շահերն էլ ենք պաշտպանելու, մեր շահերն էլ, ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահը։

«Չենք զիջելու։ Ոչ մի միլիմետր։ Դուք դատավոր, մենք էլ ամբաստանյալ։ Մենք շարունակելու ենք 500 հազար ընտանիքներին 100 հազար դրամով աջակցելու եւ 470 հազար թոշակառուներին մեկ ամսվա թոշակ հատկացնելու մեր ծրագիրը։ Չպետք է լինի ընտանիք, որ լույս չունենա։ Կառավարությունը փողի վրա նստած՝ չի ուզում տալ, սա էր ամբողջ պամությունը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ