27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ-ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Մեր տնտեսության աճն ու անկումը միաժամանակ» վերտառությամբ։ Գրառման մեջ Թևանյանը նշել է, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած այս տարվա առաջին եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները շատ հակասական են։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում մեր տնտեսությունն իրոք նոր հնարավորություններ է գտել։ Քանզի տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է կլոր 4 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8․7 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4․5, առևտրի շրջանառությունը՝ 0․2, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 5․5, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14․8, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9․2 (պետական հատվածում՝ աճը 10․5 տոկոս է, իսկ մասնավորում՝ 7․7 տոկոս), արտահանումը՝ 0․2 տոկոսով։ Եվ այս պայմաններում գները «հաջողացրել» են նվազել 0․1 տոկոսով։

Մի քիչ վատ է պատկերը շինարարության ոլորտում (այս տարվա երեք ամսում նախորդի համեմատ կա նվազում 9․4 տոկոսով) և արտաքին առևտրաշրջանառության մեջ (անկումը՝ 4 տոկոս), բայց մակրոթվերը դրանից չեն տուժում։

Կրկնեմ, կարող է թվալ, թե մենք կորոնավիրուսային պայմաններում դրախտի բանալին գտել ենք, սակայն վիճկոմի ներկայացրած մեկ այլ թվեր հուշում են, որ վիճակն իրականում լավ չէ և մակրոտնտեսական միտումները բացասական ուղղությամբ են։

Այսպես, այս տարվա մարտին (երբ կորոնավիրուսն «այո»–ի քարոզից օգտվելով սկսեց արագ տարածվել ու երբ իշխանություններն ստիպված եղան ուշացումով արտակարգ դրություն հայտարարել) նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ ունենք ՏԱՑ ցուցանիշի 4․9 տոկոսանոց անկում։

Նույն ժամանակահատվածների համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 1․9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 26․2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9․9 տոկոսով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 4․8, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 16, արտահանումը՝ 17․4։

Միտումները հիմնականում վատն են նաև, երբ համեմատում ենք այս տարվա մարտը փետրվարի նկատմամբ։ Եվ դա այն դեպքում, երբ ավանդաբար մարտը փետրվարի նկատմամբ միշտ աճ է լինում։ Այս տարի այդպես չէ։ Մարտի ՏԱՑ–ը փետրվարին զիջում է։

Կարելի է գրեթե 100 տոկոսանոց ճշգրտությամբ կանխատեսել, որ այս տարվա ապրիլը շատ ավելի վատ մակրոտնտեսական պատկեր է արձանագրելու նախորդ տարվա ապրիլի ու այս տարվա մարտի համեմատ։

Եվ այսպես, ճգնաժամը թակում է բոլորիս դուռը, կորոնավիրուսի տարածման տեմպը լրջորեն մտահոգում է, Ադրբեջանը հոխորտում է, հայ–ռուսական հարաբերություններն իջել են պատմական նվազագույն մակարդակի։ Իսկ ներսում մեզ հրամցնում են սեփականության լկտի վերաբաշխում, քաղաքական հետապնդումներ ու էժանագին շոուներ։

Ստեղծված իրավիճակից ելքը լուրջ հակաճգնաժամային քաղաքականության իրականացումն է՝ պրոֆեսիոնալների, հակաճգնաժամային կառավարման կարողություններ ունեցողների և կոմպետենտ մարդկանց միջոցով։

Հանրությունը պառակտող և հնամաշ «լայվերով» երկար չենք ձգի։ Մեզ Ազգային համաձայնության նոր կառավարություն է պետք՝ իշխանության ներսում առկա առողջ շրջանակների ու կառավարությունից դուրս գտնվող մասնագիտական, քաղաքական շրջանակների ներգրավմամբ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ