25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի 3-րդ Հանրապետության 8 գեներալ-գնդապետներից 4-ն անցնում են քրեական գործերով. Antifake.am

2018 թվականի իշխանափոխությանը հաջորդած բազմաթիվ աղմկահարույց քրեական գործերում վկայի և մեղադրյալի կարգավիճակներով ներգրավվեցին նախկին բարձրաստիճան սպաներ և անվտանգության մարմինների ծառայողներ: Քրեական գործերի շրջանակը տարբեր է. «Մարտի 1-ի» գործից` մինչև պաշտոնեական դիրքի չարաշահում: 

Հայտնի է, որ գեներալ-գնդապետի բարձրագույն սպայական կոչումը պատկանում է բարձրագույն կոչումների դասին և շնորհվում է ՀՀ Նախագահի կողմից ՀՀ Զինված ուժերում և ՀՀ Ազգային անվտանգության մարմիններում ծառայողներին։ Այն ավագությամբ երկրորդն է` բանակի գեներալից հետո:

Այսօր Հայաստանում գեներալ-գնդապետի զինվորական կոչմանն արժանացած սպաների մեծ մասը որևէ դատավարական կարգավիճակով ներգրավված է այս կամ այն քրեական գործում: 

Հայաստանում գեներալ-գնդապետի զինվորական կոչման արժանացել են Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Գորիկ Հակոբյանը, Մովսես Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը և Հայկ Հարությունյանը:

Գուրգեն Դալիբալթայան

Գեներալ-գնդապետ Գորգեն Դալիբալթայանը 1991-1992թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նորաստեղծ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնը: Իսկ 1993-2008թթ. եղել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը:

Գուրգեն Դալիբալթայանը մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը,  անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Քարվաճառի (Քելբաջարի) կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։ Գեներալ-գնդապետի բարձրագույն սպայական կոչումը Դալիբալթայանին շնորհվել է 1996 թվականին:

Գուրգեն Դալիբալթայանը մահացել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին և թաղվել Եռաբլուրում:

Միքայել Հարությունյան

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը զբաղեցրել է մի շարք կարևորագույն պաշտոններ ՀՀ Զինված ուժերում, մասնավորապես` 1994-2007թթ. զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, իսկ 2007-2008թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնները: Մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին:

Միքայել Հարությունյանին գեներալ-գնդապետի բարձրագույն սպայական կոչումը շնորհվել է 2002 թվականին:

2018 թվականին հայտնի «Մարտի 1»-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ (Քրեական օրենսգրքի 300.1 հոդված): Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում:

Սեյրան Օհանյան

Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը Արցախի հերոս է, մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը, զբաղեցրել ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնը, մասնակցել Շուշիի ազատագրմանը:

Սեյրան Օհանյանը Արցախում և Հայաստանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում` 1999-2007թթ.` ԼՂՀ Պաշտպանության նախարար, 2007-2008թթ.` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, 2008-2016թթ.` ՀՀ Պաշտպանության նախարար:

Գեներալ Օհանյանը ևս ներգրավվել է «Մարտի 1-ի» գործում` որպես մեղադրյալ: Նա նույնպես մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու համար (Քրեական օրենսգրքի 300.1 հոդված):

Յուրի Խաչատուրով 

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Արցախյան ազատագրական շարժման մասնակից է: 2008-2016թթ. եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, 2016-2017թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԽ քարտուղարի, իսկ 2017-2018թթ.` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնները:

2018 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1-ի» գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1, այն է` սահմանադրական կարգը տապալելու հոդվածով:

Գորիկ Հակոբյան

Գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը եղել է 2004-2016թթ. եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետը, երկար տարիներ աշխատել ՀՀ անվտանգության մարմիններում: Գորիկ Հակոբյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչումը շնորհվել է 2009 թվականին: 

Գորիկ Հակոբյանը մահացել է 2017 թվականին Երևանում:

Մովսես Հակոբյան

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Արցախի հերոս է, 2019 թվականից զբաղեցնում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: Հակոբյանը 2007-2015թթ. եղել է ԼՂՀ Պաշտպանության նախարարը, 2015-2016թթ. զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի, 2016-2018թթ.`ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնները: 2018-2019թթ. Մովսես Հակոբյանը եղել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչը: Մովսես Հակոբյանին բարձրագույն սպայական կոչումը շնորհվել է 2017 թվականին:

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով:

Հայաստանի ոստիկանական համակարգում բարձրագույն սպայական` գեներալ-գնդապետի կոչում ունեն Ոստիկանության նախկին պետեր Հայկ Հարությունյանը և Վլադիմիր Գասպարյանը:

Հայկ Հարությունյան

Ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը ՀՀ անվտանգային մարմինների երկարամյա ծառայող է եղել: Հարությունյանը 2003-2008թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, այնուհետև 2008-2010թթ. եղել է ՀՀ Պետական պահպանության ծառայության, իսկ 2010-2014թթ.` ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետը: Ոստիկանության բարձրագույն սպայակազմի կոչումը Հայկ Հարությունյանին շնորհվել է 2006 թվականին:

Գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը 2019 թվականի սեպտեմբերի 23-ին մահացած է հայտնաբերվել է իր ամառանոցում՝ հրազենային վնասվածքով:

Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ նախքան մահը` Հարությունյանը հարցաքննվելու էր «Մարտի 1-ի» գործով, և որ գործի շրջանակներում նրա դատավարական կարգավիճակը փոխվելու էր:

Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը 1997-2010թթ. զբաղեցրել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետը: Գասպարյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ Ոստիկանության պետը: Վլադիմիր Գասպարյանը եղել է  ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, երկար տարիներ ծառայել ՀՀ ՆԳՆ համակարգում: Գեներալ-գնդապետի զինվորական կոչում Վլադիմիր Գասպարյանին շնորհվել է 2017 թվականին:

2019թ. սեպտեմբերին Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով` «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետևանքներ են առաջացրել»:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ