26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Շեկոյանը չի լքում գրողների միությունը, քանի որ Վանոն դեռ այստեղ է

Ֆեյսբուքյան “Ելք” շարժման  “Հանուն Վանո Սիրադեղյանի վերադարձի…” կազմակերպած ստորագրահավաքին միացել է նաեւ արձակագիր,  հայտնի գրող Արմեն Շեկոյանը:

Նախաձեռնության հեղինակ Վարդուհի Սիմոնյանը Henaran.am-ին ասաց,  որ Արմեն Շեկոյանը ստորագրահավաքին առաջին միացողներից է եղել ու “ էս գործում մեզ ամենամեծ դուխը տվողներից”:

“Մոտ դիստանցիան մեզ հիմա խանգարում է գնահատել մեր ժամանակի մեծերին. Շեկոյանի եւ  հատկապես նրա “Հայկական ժամանակը” վեպի տարողությունը մենք դեռ կհասկանանք, երբ թարազուի գանք. անհամեստություն է դառնում, որ իմ պես մի հասարակ ընթերցողը պիտի սա ասի պրոֆեսիոնալ գրաքննադատի փոխարեն, բայց դե ուր ա էդ ասողը, չենք տեսնում, որ մենք էլ խոսելու փոխարեն ականջներս կախ իրեն լսենք”,-ասաց Վարդուհին:

Նա նաեւ պատմեց, որ  Արմեն Շեկոյանն իր թանկ ժամանակի հաշվին անգամ այցելել է իր տուն, տեղեկացել այս նախաձեռնության մանրամասներին եւ այս շաբաթ իր “Հայկական ժամանակում” մի մեծ կտոր Վանո դրել:

Արմեն Շեկոյանը գրել է. “ Վանո Սիրադեղյանին ու Վանոյի գրականությունը չհիշելն առնվազն անամոթություն է, մանավանդ որ՝ Վանոյի գրածներն էսօր լավ էլ կարդում են ու, համոզված եմ, վաղն էլ են կարդալու, շատ ուրիշներ էլ, եւ հատկապես գրական մամուլի վերլուծական հոդվածներում է Վանոյի անունը հետեւողականորեն մոռացվում:

Եթե ձեր խոնարհ ծառան առ էսօր գրողների միության շարքերը չի լքել,  դրա պատճառներից մեկն էլ էն է, որ Վանոն ինքն էլ է դեռեւս գրողների միության անդամ, եւ քանի դեռ ինքն էլ է գրողների միության անդամ, էդ գրողների միության շարքերում մնալն ինձ համար պատիվ է, որովհետեւ նույնիսկ էմվեդեի մինիստրի պաշտոնից հետո Վանոն “Ափսոս էր երեխան” եւ մի քանի ուրիշ շատ ուժեղ պատմվածքներ է գրել, եւ իր էդ գրածները որեւէ մեկիս գրածի հետ չես համեմատի, եւ իր էդ մի քանի գործերը համոզիչ կերպով վկայում են, որ անկախության շրջանում էլ ենք լուրջ գրականություն ստեղծել, եւ էս ասածներս գրողներն ու գրականագետները չեն ասում, որովհետեւ Վանոն Էմվեդեի մինիստր աշխատած տարիներին շատ ու շատ գրողների ու գրականագետների էնքան լավություններ արեց, որ էդ լավության տակ մնացածները ճգնում են չնկատել Վանոյի էս նոր գրածներն ու ընդհանրապես մոռանալ Վանոյին, որպեսզի իրենց պարտքի տակ գտնվելն էլ մոռացության մատնվի, իսկ մյուսները՝ ում Վանոն չհասցրեց լավություններ անել, բնականաբար չեն գնահատում Վանոյին ու նրա գրածները՝ համարելով, որ Վանոն էդքան մեծամեծ պաշտոններ զբաղեցնելով՝ իրենց որեւէ նշանակալի լավություն չարեց, ու էդպես մտածելով՝ նաեւ մտածում են, որ Վանոն իրենց պարտք մնաց, եւ Վանոյին ու իր գրածները ժամանակ առ ժամանակ մտովի կամ էսպես գրավոր հիշելով՝ երբեւէ չեմ մտածում թե՝ ինքը որեւէ մեկիս պարտք է. ավելին. ես համարում եմ, որ մենք՝ գրողներս ենք Վանոյին էապես պարտք, որովհետեւ եթե որեւէ մեկը գրողներիս փորձի մեղադրել թե՝ անկախության շրջանում որեւէ էական ու արժեքավոր բան չենք ստեղծել, անմիջապես իր գրած էդ “Ափսոս էր երեխան” եմ դեմ անելու, ինչպես նաեւ՝ “Սալոնիկի դեսանտն” ու մյուսները, եւ, որ ամենակարեւորն է, ես, ի տարբերություն ուրիշների, մշտապես մտածում ու պատկերացնում եմ, որ եթե գրողներիցս այլ մեկը թեկուզ մի քանի օր Էմվեդեի նախարար աշխատեր, դրանից հետո ոչ միայն գրական որեւէ արժեքավոր բան չէր ստեղծի, այլեւ Մեսրոպյան տառերն էլ կմոռանար, եւ էս ու մյուս ասածներս դուք պարտավոր եք առնվազն ի գիտություն ընդունել, որովհետեւ էս բաները ձեզ ասում է մեկը, որն անկախության էս քսան ու ավելի տարիներին բոլորի փոխարեն գրել ու էդ ոգով էլ շարունակում է, եւ որ Վանոյի ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ իսկական գրականությունը փախուստի ու ինքնամեկուսացման պայմաններում միայն կարող է առաջանալ, եւ եթե էս վեպիս որոշ հատվածներ հաջող են ստացվել, էդ նրանից է, որ ժամանակ առ ժամանակ ինձ էլ է հաջողվել փախչել ձեզանից եւ ինձ ու ձեզ շրջապատող էս ամենից, եւ Վանոյի օրինակն էլ է գալիս հաստատելու, որ գրականությունը չափազանց բարդ ու անիմանալի երեւույթ է, եւ գրականությանն առնչվող մարդիկ էլ են չափազանց բարդ ու անիմանալի… “,-գրել է Շեկոյանը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ