25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի նախագահը պատասխանում է մեղադրանքներին

Վերջին շրջանում, որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին “Բանակում անարդարություններին` ոչ” նախաձեռնության” անունից, որոնց թիրախում իմ անձն է` որպես պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ:

Նշվում է, թե  զորամասերից մեկում ստուգումներ իրականացնելու ընթացքում հասարակական խորհրդի հանձնախումբն իմ գլխավորությամբ պարզել է, որ զինվորներին անորակ սնունդ է հրամցվում, ինչի մասին ես լռել եւ չեմ զեկուցել պաշտպանության նախարարին:

“Նախաձեռնությունն” այդ “դրվագը” գնահատում է որպես հասարակական խորհրդի նախագահի հանցավոր անգործության եւ ապա` կոռուպցիոն գործարքի մեջ մտնելու ապացույց: Զարգացնելով միտքը, վերջին հրապարակման մեջ, նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության բոլոր կառույցներին կոչ է անում բոյկոտել հասարակական խորհրդի նոր կազմի ձևավորումը` հիմնավորելով այդ կոչը իմ անձի` այդ կառույցի ղեկավարը մնալու հավանականությամբ:

Այս ամենի իրական շարժառիթը նախաձեռնության ետևում կանգնած մարդկանց հավակնոտ նկրտումներն են պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նկատմամբ, որի հետ կապված, խորհրդի վերակազմավորման այս օրերին, նրանք կորցրել են բանականության եւ բարոյականության վերջին նշույլները:

Հնչեցվող կոչերի եւ մեղադրանքների հետ կապված հարկ եմ համարում նշել հետևյալը.
Հայտարարությունները, որոնք տարածվում են հիշյալ “նախաձեռնության” կողմից,
փաստացի անստորագիր են, քանի որ որպես “նախաձեռնության անդամներ” ներկայացվող մարդիկ, նման անուն-ազգանուններով, ուղղակի գոյություն չունեն: Հայտարարությունները լրատվամիջոցներին ուղարկվում են ոչ թե ներկայացուցիչների միջոցով, այլ էլեկտրոնային տարբերակով եւ հայտնի չէ, թե ումից են ստացվել այդ հայտարարությունները:

Կան ընդամենը էլեկտրոնային հասցեներ, որտեղից եկել են դրանք: Բոլորս էլ գիտենք, թե ինչ “բարդությունների” հետ է կապված ցանկացած քանակությամբ նման էլեկտրոնային հասցե բացելը` մնալով “անտեսանելի”:

“Նախաձեռնության” կողմից ներկայացվող դեպքը, թե իբր զորամասերից մեկում, մասնավորապես Մարտունի 2-ում, մեր հանձնախումբը սննդի հետ կապված ապօրինություն է հայտնաբերել եւ չի զեկուցել նախարարին` բացարձակ սուտ է:

Հասարակական խորհուրդը, որը պարբերաբար ստուգայցեր  է անցկացրել զորամասերում, ի թիվս այլ հարցերի, ուշադրություն է դարձրել նաեւ սննդի հարցերին: Մենք հանդիպել ենք նաեւ դեպքերի, երբ զինվորները լավ չեն օգտվել այս կամ այն ճաշատեսակից:

Այդ դեպքերը մեր կողմից արձանագրվել եւ ներկայացվել են պաշտպանության նախարարին: Բոլոր դեպքերում էլ հասարակական խորհրդի զեկուցագրերին նախարարի կողմից ընթացք է տրվել, ուսումնասիրվել եւ վերացվել են պատճառները, իսկ առանձին դեպքերում մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:

Հետեւաբար, ներկայացվող` գոյություն չունեցող պատմությունը մեկնաբանել որպես հասարակական խորհրդի “նախագահի կոռումպացվածության” ապացույց պարզագույն հիմարություն է, առավել եւս` անիրական մարդկանց անունների ետեւում թաքնվող անձանց պարագայում, երբ չկա նույնիսկ նրանց օրինական կարգով պատասխանատվության կանչելու եւ զրպարտության համար դատական հայց ներկայացնելու տարրական հնարավորություն, ինչը պատրաստվում եմ անհապաղ անել` “նախաձեռնության” իրական որեւէ անդամի հայտնության դեպքում:

Հասարակական խորհուրդը, ինչպես միշտ, բաց է համագործակցության համար: Ցանկացած կազմակերպություն, որը առաջարկներ, հարցեր կամ պարզաբանումների կարիք կունենա, ազատ է դիմելու մեզ: Հետևաբար, եթե “Բանակում անարդարություններին` ոչ “նախաձեռնությունն” իսկապես ցանկություն ուներ պարզել իր կողմից նշված “փաստը”, կարող էր դիմել հասարակական խորհրդին կամ պաշտպանության նախարարությանը եւ ամեն ինչ պարզ ու հասկանալի կդառնար:

Դրա փոխարեն “նախաձեռնությունը” գնում է ստալինյան ժամանակներում ընդունված մեթոդաբանությամբ` անստորագիր նամակներ հրապարակելով եւ ենթադրելով, թե դրանք կարող են արդյունքի հանգեցնել և ստիպել կա՜մ պաշտպանության նախարարին միջոցներ ձեռնարկել հասարակական խորհրդի նախագահին փոխելու ուղղությամբ, կա՜մ ինձ` հրաժարվել պաշտոնից:

Այս մտածողությունն ուղղակի աբսուրդային է, քանի որ կեղծ “նախաձեռնությունների”զրպարտիչ հայտարարությունների հիման վրա որոշումներ ակնկալելն ուղղակի ցնորամտություն է:

Ամփոփելով, մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ “նախաձեռնության” մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև այն պահին, երբ ի հայտ կգա դրանք ներկայացնողներից գոնե մեկը, նույն պահին ես դատական հայց կներկայացնեմ` զրպարտության ու վիրավորանքի համար:

Եվ վերջում` կոչ եմ անում լրատվամիջոցներին` ձեռնպահ մնալ կեղծ, գոյություն չունեցող անուն-ազգանուններով մարդկանց անունից նախաձեռնված ցանկացած տիպի մեքենայությունների եւ սեւ քարոզչության մասնակից լինելուց:

Հարգանքով` Գեղամ Հարությունյան
ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ