26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Օվիրի” աշխատողն “ինատ է արել”, տերմինալն անջատել… անձնագրային “ճգնաժամը” վերջ չունի

Անձնագրերի “ճգնաժամը” Հայաստանում դեռ չի ավարտվել: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում այսօր ականատես եղանք քաղաքացիների հերթերի ու կուտակումների:

Իր հերթին` 96-րդ համարին սպասող մի քաղաքացի Henaran.am-ի հետ զրույցում դժգոհություն հայտնեց, որ արդեն երկրորդ օրն է` առավոտյան կանուխ հերթ է պահում, բայց իր հերթն այդպես էլ չի հասնում ու ոչ մի կերպ չի կարողանում նոր անձնագիր ստանալու դիմումը ներկայացնել:

“Ժամը 8-ից էստեղ կանգնած սպասում եմ, չգիտեմ, էսօր կմտնեմ, թե` չէ: Երեկ էլ հերթ պահեցի, էսօր նոր ցուցակ են կազմել”,-պատմեց քաղաքացին ու հավելեց, թե դեռ հարց է անձնագիրն էլ 5-օրում կստանա, թե ` ոչ: Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցները մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով քաղաքացիներին ներս չէին թողնում: Նրանք ստիպված դրսում էին սպասում իրենց հերթին: Հերթը համալրող յուրաքանչյուր նոր քաղաքացի սպիտակ թղթի վրա նշում էր իր անուն ազգանունը:

“Իբր հերթով 13 հոգու կանչում են, բայց 30 հոգի անհերթ մտնում է”,-դժգոհեց մի կին: Նրան եւս երեկ չէր հաջողվել համապատասխան դիմումը ներկայացնել: Առավոտյան ժամը 9:30-ի դրությամբ անձնագրային եւ վիզաների վարչությունում արդեն “ասեղ գցելու տեղ” չկար: Ի դեպ, ժամը 9-ի փոխարեն, վարչության աշխատակիցները քաղաքացիներին ընդունել են 9:30-ից սկսած` նշելով, թե այդ կես ժամվա ընթացքում փաստաթղթերն են կարգի բերում:

Նշենք, տհաճություններ են առաջացել նաեւ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար եկած քաղաքացիների համար: Տերմինալը, որով քաղաքացիները վճարում են սահմանված պետական տուրքը` յուրաքանչյուր տարվա համար 1000 դրամ, չէր աշխատում:

Ինչպես  Henaran.am-ին պատմեցին քաղաքացիները, տերմինալն սպասարկող համապատասխան աշխատակիցը “ինատ է արել” ու այն երեկ “անջատել է”, այն բանից հետո, երբ քաղաքացիները սկսել են դժգոհել իրենց վճարումների մի քանի հարյուր դրամ մանրը չստանալու համար:

Հավելենք, որ անձնագրերի հետ կապված քաշքշուկները ոստիկանությունը պայմանավորում է նոր անձնագիր ստանալու կամ այն փոխանակելու համար աննախադեպ քանակի դիմումներով եւ նշում, որ խնդիրը կլուծվի անձնագրերի լրացուցիչ խմբաքանակի` Հայաստան հասնելուն պես:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ