26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դժվար չէ գուշակել Լարա Ահարոնյանի առաջարկած հերոսների գտնվելու վայրերը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հիմնադիր և համանախագահ Լարա Ահարոնյանը գրել է․ «Ժամանակն է, որ հերոսների փնտրեք ուրիշ տեղերում քան պատերազմի դաշտերում, որ հետագայում չհիասթափվեք. կամ ընդհանրապես ազատվել մարդկանց «հերոսացնելու» ավանդույթից»:

Ես չգիտեմ, թե պատերազմի դաշտից դուրս որտեղ է նա առաջարկում փնտրել հերոսների, բայց դատելով Լարա Ահարոնյանի մտածողությունից ու գործունեությունից՝ դժվար չէ գուշակել նաև առաջարկած հերոսների գտնվելու վայրերը։

Ինչ վերաբերում է «ընդհանրապես մարդկանց հերոսացնելու ավանդույթից հրաժարվելուն», ապա ցավոք պետք է հիասթափեցնել Լարա Ահարոնյանին․ նրա ցանկությունը կատարելու համար առնվազն պետք է Երկիր մոլորակից ջնջել մարդու այս տեսակը և բոլորովին նոր տեսակի մարդ ստեղծել, քանի որ երկրագնում եղածը հակված է հերոսներ ունենալուն։ Թե ինչու է այդպես, պատասխանը դեռ շատ վաղուց տվել են մարդաբանները, հոգեբանները, փիլիսոփաները, ժողովրդագետները և այլ մասնագետներ։

Չկենտրոնանալով Լարա Ահարոնյան անձի վրա՝ այնուամենայնիվ արժե մեջբերել նրա ղեկավարած կառույցի՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի տեսլականը․ «ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը և հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը»:

Փաստորեն, ըստ այս կազմակերպության համոզման, Հայաստանում կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների միակ պատճառը չարաբաստիկ «հայրիշխանական հասարակարգն է», ու եթե այն ջախջախվի, կնոջ խնդիրները կվերանան։ Սա մի թեզ է, որի նպատակը ոչ թե բռնությունների կանխարգելումն է կամ կնոջ սահմանափակումների վերացումը, այլև ազգային արժեհամակարգի, ազգային մտածողության տրանսֆորմացիան։

Պատահական չէ, որ հենց այս մտածողության կրողներն են պարբերաբար ոտք դնում ազգային արժեհամակարգի ու ազգային մտածողության այլ սահմաններ՝ ընդհուպ հասնելով Արցախյան, Ապրիլյան պատերազմի հերոսներին ու նրանց ազատամարտը արժեզրկելու կարմիր գծին։ Ինչպես ասում են՝ «բոլոր համընկնումները պատահական են», և չգիտես ինչ հրաշքով ու ռեկորդային պատահականությամբ հենց ա՛յդ մտածողության կրողներն են պարբերաբար «չար ու ագրեսիվ» հայ հասարակությանը պատմում «Պուպուշ խաղաղության և ադրբեջանցի եղբայրների» մասին հեքիաթը։

Լարա Ահարոնյանն այս տարվա ապրիլի 2-ին գրել էր․ «Այսօր ամաչելու օր է, մեղավոր զգալու, ոչ թե հպարտանալու ու մենք մեզ ու ուրիշներին խաբելու, որ 18-20 տարեկան հերոսներ ենք ունեցել 3 տարի առաջ: Ու մինչև այսօր շարունակում ենք խոսել պատերազմական լեզվով ու շատ քիչ բան ենք փոխում մեր մտածելակերպի ու ամենօրյա քայլերի մեջ, որ պատկերացնենք ուրիշ բան, քան պատերազմ։ Ամոթ մեզ»:

Մեկ այլ ֆեմինիստուհի էլ, արձագանքելով Լարա Ահարոնյանի՝ հերոսներին այլ տեղ փնտրելու կամ առհասարակ վերացնելու կոչին, արձագանքել էր․ «Բավականին ճիշտ ա ասում՝ դեմ՝ պատերազմներին, դեմ՝ միլիտարիզացիային ու էդ ամենի հետեւանքով՛ զոհերին»։

Սիրելիներս, իսկ ձեզ խի՞ է թվում, թե մեր խելքը գնում է պատերազմների, միլիտարիզացիայի ու զոհերի համար։ Բայց ի վերջո ընդունեք, որ մենք, ապրելով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում, որտեղ գուցե ամեն մի անհեթեթ միտք կարող է Ֆեյսբուքում ծնվել, հասունանալ ու պտուղ տալ, միաժամանակ ապրում ենք չավարտված պատերազմի երկրում, որտեղ «ժողովրդավարության բաստիոնից» առավել մեզ պետք են բաստիոն հրթիռային համալիրներ, իսկ դրանից առավել՝ հերոսներ, որոնք մեր երկրի իրական ամրոցն ու բաստիոնն են։

Այնպես որ, մի՛ ապահերոսացրեք մեր երկիրը, մի՛ արժեզրկեք մեր հերոսներին ու մի՛ պարտադրեք մեզ ձեր գունավոր հեքիաթները․․․

Անի Գասպարյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ