25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, ապա այդ հայտարարությունից հետո պետք է հրաժարական տա. Շարմազանովը՝ ԱԱԽ քարտուղարի մասին

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մոլորության մեջ է  եւ Հայաստան Հանրապետության՝ փաստացի պատերազմի մեջ լինելու մասին նրա արած հայտարարությունը  վտանգավոր է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր հնչեցրած հայտարարությանը։

Շարմազանովը շեշտեց, այդ հայտարարությունը հակասության մեջ է ժամեր առաջ  ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ. «Ընդամենը ժամեր առաջ Նիկոլ  Փաշինյանը ՄԱԿ-ում հայտարարեց, որ  Արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ դա Արցախի  ժողովրդի անվտանգության հարցն է։ Հիմա իմ երկրի անվտանգության խորհրդի  սորոսական քարտուղարը նման անհեթեթ հայտարարություն է  անում, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ է եւ Նիկոլ  Փաշինյանը գերագույն հրամանատար է»։

Նշենք, որ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությանը, թե դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանը, ըստ էության, իր գերագույն հրամանատարի  դեմ հայտարարություն է անում, ինչը նշանակում է՝ ուսադիրները աղբամանը գցել,  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ վարչապետի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։  «Քննարկվում է՝ արդյո՞ք գերագույն գլխավոր  հրամանատար է վարչապետը, թե ոչ։ Գիտեք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, թե կա՞ գերագույն հրամանատար, թե՞ ոչ։ Ես կարող եմ հարց տալ՝ Հայաստանը հիմա պատերազմի մե՞ջ է, թե ոչ։ Շատ կարեւոր է,եթե փաստացի մենք պատերազմի մեջ ենք։ Ես հասկանում եմ, որ Սահմանադրությունը շատ կարևոր է, բայց Սահմանադրությունը ֆիքսել է մի բան, որն իրականության հետ որոշակի խնդիրներ ունի»,- հայտարարել է նա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով,  իրավագիտության եւ Սահմանադրության մեջ  ոչ թե փաստացիությունն է ֆիքսվում, այլ՝ դե յուրե լինելը։ «Հիմա, փաստացի,  Նիկոլ Փաշինյանը Հայաստանի դիկտատորն է, բայց դե յուրե՝  վարչապետ է, փաստացի, Արմեն Գրիգորյանը  գործազուրկ սորոսական է, բայց, դե յուրե՝ դժբախտաբար, Հայաստանի անվտանգության խորհրդի  քարտուղար է։ Փաստացիով չպետք է այդ հարցին մոտենալ։ Նման հայտարարությունները ուղղակի խայտառակություն են։  Որեւէ պետություն Հայաստանին պատերազմ չի հայտարարել,  որեւէ պետության Հայաստանը պատերազմ  չի հայտարարել, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը գերագույն գլխավոր հրամանատար չէ եւ Աստված մի արասցե, որ պատերազմ լինի եւ կրկնակի Աստված մի արասցե, որ պատերազմական իրավիճակում մեր գերագույն գլխավոր հրամանատարը լինի Փաշինյանը»,-ասաց  Շարմազանովը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ գերագույն հրամանատարի եւ Հայաստանի՝  փաստացի պատերազմում գտնվելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանը  անում է հայտարարություններ, որոնք  հարիր չեն նման պաշտոնը դե յուրե զբաղեցնող անձին ։

«Եթե նա մի փոքր պարկեշտություն ունենա, պետք է այդ հայտարարությունից հետո հրաժարական կտա կամ Նիկոլ  Փաշինյանը պետք է  պահանջի նրա հրաժարականը»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Հավելենք, որ ՄԱԿ-ում ունեցած ելույթում վարչապետ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում»:

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ