26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը` ջրծաղիկից մահացած զինծառայողի գործի վերաբերյալ

2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում Ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի նախաքննությունը ավարտվել է 2012 թ. հուլիսի 19-ին:                    Ըստ նախաքննության արդյունքի՝ մեղադրանք է առաջադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանին և ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Ժորայի Միքայելյանին` “ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունք, որը պատճառել է էական վնաս” հիմքով (ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մաս):

 Նախաքննության նյութերը ներկայացվել են Հ. Խաչատրյանի իրավահաջորդի` Մ. Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին: Այսօր` 2012 թ. հուլիսի 23-ին, փաստաբան Մ. Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժին, որով բարձրացնում է մի շարք էական խնդիրներ, քանի որ մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները չեն բխում գործով ձեռք բերված ապացույցներից և գործով որպես մեղադրյալ չեն ներգրավվել անձինք, որոնց մեղադրանք առաջադրելու համար առկա են բավարար ապացույցներ:

 Նախաքննության ընթացքում Մինաս Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: Սակայն նախաքննության մարմինը նախաքննության ավարտից մեկ շաբաթ առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին, որոշում է կայացրել վերացնելու”բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու” մեղադրանքը` անտեսելով Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները:

 Ըստ էության, նախաքննության մարմինը Հ. Խաչատրյանի մահվանը հանգեցրած ոչ պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ առաջադրում է այնպիսի մեղադրանք, որը կարելի է գնահատել հովանավորչություն և քրեական գործի կոծկում:

 Փաստաբան Մ. Շուշանյանն իր միջնորդությամբ պահանջում է բժիշկների նկատմամբ մեղադրանքն առաջադրել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածներով, ինչպես նաև քննության առնել Հայկ Խաչատրյանի պարեկային ծառայության կարգի խախտմամբ պարեկային ծառայության նշանակած անձանց պարզելու և նրանց նկատմամբ քրեական պատասխանատվություն ենթարկելու նպատակով: Քանի որ Հ. Խաչատրյանի մահվան հիմքով քրեական գործը չի մտել դատական փուլ, պահանջում ենք ՀՀ պաշտպանության նախարարից և ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանից օրենքով սահմանված իրենց գործառույթները լիարժեք իրականացնել, որպեսզի ապահովվի ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը:

 Պարո՛ն նախարար և պարո՛ն զինդատախազ, այս պահին “դատարանը կպարզի” պատճառաբանությանը հղում անելու որևէ հիմք չկա, որովհետև այս պահին դո՛ւք եք պատասխանատու գործի պատշաճ քննության համար և մենք ահազանգում ենք աղաղակող ապօրինության մասին, որի չվերացման համար անմիջական պատասխանատվությունը կրում եք դո՛ւք”:

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակ”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ