15 Դեկտեմբերի, Կիրակի, 2019
KFC

Գյումրեցուն «կտել» չեն կարող: Ումի՞ց էիր պաշտպանվում. դա այն ժողովուրդն էր, որը քեզ 70 տոկոս ձայն էր տվել. 168 Ժամ

maxresdefault

Հուլիսի 20-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«168 Ժամը» գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանին խնդրեց ամփոփել համաժողովի և վարչապետի այցի արդյունքները։

Գագիկ Համբարյանն ասաց՝  շատ ուրախ է, որ նոր կառավարությունն այդքան շատ մտածում է ՀՀ մարզերի մասին, քանի որ նույնաբովանդակ տնտեսական ֆորումներ նաև հանրապետության այլ մարզերում են տեղի ունեցել, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. «50 ներդրումային ծրագիր է ներկայացվել, և որպես գյումրեցի՝ շատ ուրախ կլինեի տեղեկանալ, թե ինչ-որ ներդրող արդյո՞ք հետաքրքրություն է հայտնել ներկայացված այդ 50 ծրագրերից մեկի մեջ ներդրումներ կատարել, բանակցություններ ընդհանրապես ընթացե՞լ են, թե՞ ոչ»։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ Տեխնոպարկի տարածքում, ուր անցկացվում էր ֆորումը, առանձնացված են եղել ներդրումային ծրագրերի հեղինակների ու ներդրողների համար առանձին բանակցությունների սենյակներ, որոնք մնացել են դատարկ, այսինքն՝ որևէ ներդրող որևէ հետաքրքրություն չի դրսևորել տեղի ունեցած այդ ցուցահանդես-շնորհանդեսի նկատմամբ»,- ասաց քաղաքագետը:

Նա կարծում է, որ վերջապես մեր իշխանությունները պետք է հասկանան, որ այսպիսի միջոցառումներ կազմակերպելով՝ չեն կարող հասարակությանը երկար ժամանակ համոզել, որ ամեն ինչ շատ լավ է ու ընթանում է իր հունով։ Այդպես կլիներ այն ժամանակ, եթե ներկայացված այդ 50 ծրագրերից 5-ի նկատմամբ ներդրողները հետաքրքրություն ցուցաբերեին, բանակցություններ վարվեին, և մենք այսօր իմանայինք դրանց արդյունքների մասին։

«Պարոն վարչապետը Գյումրիում տաք-տաք երկաթ էր ծեծում այդ ցուցահանդեսի ժամանակ։ Շատ լավ կլիներ, եթե այդ բանակցությունները ևս տաք-տաք վիճակում տեղի ունենային, և շիրակցի գործարարներն ինչ-որ արդյունքի հասնեին։ Այնպես որ, ես ցավով եմ նշում, բայց որևիցե դրական արդյունք այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Փաշինյանն ու նրա կառավարությունն ընդունել են նախկին իշխանությունների աշխատաոճը. այսինքն՝ անում ենք ցուցադրելու համար, և վերջ։ Արդյունքների մասին շատ դեպքերում կամ հասարակությունը ոչինչ չի իմանում, կամ չկա արդյունք, որ դրա վերաբերյալ հասարակությանը տեղյակ պահեն»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցին և գյումրեցիների ընդունելությանը՝ Գ. Համբարյանը նշեց, որ սա արդեն երկրորդ դեպքն է Գյումրիում, երբ վարչապետն ու կառավարության անդամները մեծ պատվիրակությամբ այցելում են, և արգելապատնեշներ են դրվում, որ հասարակ մարդիկ չմոտենան։

«Սա առաջին անգամ արել էին անցյալ տարի՝ դեկտեմբերի 7-ին, որը շատ մեծ դժգոհություններ առաջացրեց գյումրեցիների մոտ, դարձավ սկանդալի թեմա։ Նույնն արել էին այս անգամ, ինչն անընդունելի է։ Նախկինում պարոն Փաշինյանը բազմիցս է գնահատել նախորդ իշխանություններին, որ նրանք հասարակությունից կտրված են, հասարակության և իշխանությունների միջև մեծ, խորը փոս կա, ու նրանք միմյանց չեն հասկանում։ Հիմա գրեթե նույն բանը ես այսօր էլ եմ տեսնում։ Եկել էիր, ումի՞ց էիր պաշտպանվում։ Դա այն ժողովուրդն էր, որը քեզ 70 տոկոս ձայն է տվել, թեպետ Շիրակի մարզում ինքն այդքան չի հավաքել»,- նշեց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։

Մեր այն հարցին, թե ինչի՞ց է վախենում վարչապետ Ն. Փաշինյանը, որ անվտանգության այդպիսի միջոցառումներ են ձեռնարկվում, Գագիկ Համբարյանն ասաց, որ իր կարծիքով՝ հարցը ոչ այնքան վախի, որքան պատասխանատվության աստիճանի մեջ է. վարչապետը չի կարող մարդկանց հարցերին պատասխաններ տալ։

«Եթե նկատել եք, ինքը կրկնօրինակում է Սերժ Սարգսյանին։ Հիշում ենք Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը Եռաբլուրում, երբ նա հունից դուրս եկավ՝ իրեն հարցադրումով մոտեցած տիկնոջը մեղադրելով իրենց տոնը փչացնելու մեջ։ Նույն բանը գրեթե նույնաբովանդակ կերպով պարոն Փաշինյանն ասաց մի կնոջ, ով իր սոցիալական հարցերով մոտեցել էր նրան»,- նկատեց գյումրեցի քաղաքագետը։

Վերջինս նշում է, որ վերջապես մեր իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք գործ ունեն շարքային քաղաքացու հետ, ով շատ դեպքերում իր սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ այնքան է թաղված, որ իրեն ոչ հետաքրքրում է նրանց կողմից կազմակերպված ինչ-որ միջոցառումներ, այլ ընդամենը այդ մարդիկ տեղեկանում են, որ ինչ-որ առիթով երկրի ղեկավարը ժամանում է Գյումրի, և իրենք կարող են իրենց հուզող հարցերով հանդես գալ։

«Եվ իշխանությունները դրանից ոչ պետք է նեղսրտեն, ոչ էլ պետք է զարմանան։ Այո, մեր հասարակության սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, գրագիտության վիճակն էլ՝ բավական հեղհեղուկ, որ նրանց մեծ մասից այլ բան սպասել պետք չէ։ Ես, օրինակ, վարչապետի այցի ժամանակ կարդում էի «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերի տակի գրառումներն ու սարսափում էի։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ ֆեյքերը հատուկ նստած են մարդկանց վիրավորելու համար»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա՝ հանրապետության 80 տոկոսն այդ մարդիկ են, ովքեր մոտենում են իրենց խնդիրներով, և խնդիրն այն է, որ շատ դեպքերում վարչապետը, ուղղակի պատասխան չունենալով, չի ցանկանում շփվել մարդկանց հետ։

«Եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանն այդ վարքագիծը քննադատողի դերում չլիներ, հիշում եք՝ ժամանակին նա իր քննադատության 60-70 տոկոսը նվիրում էր նախկին իշխանությունների այդ վարքագծին, որն ինքն է հիմա դրսևորում նույն այդ հասարկության անդամների նկատմամբ, ա՛յ դա ես արդեն չեմ ընդունում»,- շեշտեց քաղաքագետը։

Հարցին, թե գյումրեցիների տպավորությունն ինչպիսի՞ն էր վարչապետի այցից հետո, Գ. Համբարյանն ասաց, որ նրանք բացարձակ տպավորված չէին ոչ այցից, ոչ համաժողովից։

«Նախքան գալն էլ գյումրեցիներն առանձնապես ակնկալիքներ չունեին։ Գիտե՞ք՝ Գյումրին աղետ տեսած քաղաք է։ Եթե բարբառով ասենք՝ գյումրեցուն «կտելը» շատ դժվար է։ Գյումրեցիները տեսել են Գորբաչովին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նրանց կառավարման տարիների բազմաթիվ վարչապետների, բայց Գյումրին մնացել է աղետի գոտի։ Չեմ կարող ասել, որ ոչինչ չի փոխվել նախորդ տարիներին։ Փոխվել է ամենաշատը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ով «Լինսի» հիմնադրամը բերեց Գյումրի, բավականին փոխվել է Սերժ Սարգսյանի կառավարման այն շրջանում, երբ «Մուշ-2» թաղամասը կառուցվեց, քաղաքի կենտրոնը փոխվեց Կարեն Կարապետյանի վարչապետության 1.5 տարիների ընթացքում, երբ փողոցներից մեկը վերանորոգվեց, երբ գործընթացը շարունակվում է, բայց աղետի գոտին չի վերացել, և գյումրեցիների աչքերին թոզ փչել, որ ամեն ինչ լավ կլինի, չի լինի. Գյումրեցին հավատում է գործին»,- ասաց գյումրեցի քաղաքագետը։

Նա կրկին շեշտեց, որ գյումրեցին ակնկալիքներ չուներ այդ այցից, ու հավելեց, որ իր համար անընդունելի էր, որ այդ համաժողովի անցկացման վայրը արգելապատնեշներով փակել էին։

«Բացի այդ, շատ մեծ էլ չէր հետաքրքրությունը ֆորումի նկատմամբ։ Շատ մարդ էլ չկար։ Հիմնականում այն մարդիկ էին, ովքեր շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում էին ու անպայման ուզում էին իրենց խնդիրը պատմել վարչապետին։

Մարդիկ շատ դեպքերում չեն հասկանում, նրանց հետաքրքիր էլ չէ, թե վարչապետն ինչ օրակարգով է գալիս։ Նրանք այնքան մեծ խնդիրներ ունեն, դրա համար էլ եկել էին, որ բարձրաձայնեն այդ մասին։ Այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին էլ որտե՞ղ պետք է տեսնեն, կամ նա էլ ե՞րբ է գալու Գյումրի, որ նրանք հնարավորություն ունենան իրենց խնդիրների մասին նրա հետ խոսեն»,- նշեց Գ. Համբարյանը և եզրափակեց,- Գյումրեցուն համոզելը շատ դժվար է. գյումրեցին ադապտացվել է այդ քաղաքական դեմագոգիային և թույլ չի տալիս, որ իրեն խաբեն։

Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ թեպետ նա իր քայլերթը Գյումրիից էր սկսել ու հաղթանակի հասել, բայց նա և իր ղեկավարած քաղաքական ուժն այնտեղ շատ ավելի քիչ ձայներ հավաքեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քան հանրապետության այլ բնակավայրերում»։

Այս եւ այլ հրապարակումներին անոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ