19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս պայմաններում ո՞վ կցանկանա լինել դատավոր, ինքներդ ձեզ հարց տվեք, ինքներդ այս պայմաններում կուզե՞ք լինել դատավոր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Կառավարության որդեգրած բարեփոխումներին և դրանց վերաբերյալ հնչող քննադատություններին, թե դրանք անհրաժեշտ արագությամբ չեն իրականացնում, նկատեց՝ մեկ տպավորություն ունի 1990-ականներից, որի քաղաքական կյանքը, որպես լրագրող, շատ ակտիվ լուսաբանել է։ Այդ ամենից  Փաշինյանի տպավորությունն ու կարծիքն այն է, որ արագ բարեփոխումներ, նշանակում է՝ ձախողված բարեփոխումներ։

«90-ականներին իմ աչքի առաջ է եղել, թե ինչպես են շատ կարևոր ու ստրատեգիական ռեֆորմներ ձախողվել միայն այն պատճառով, որ նրանց հեղինակները որոշել և ցանկացել են ժամ առաջ դա ներդնել Հայաստանում։ Մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռևֆորմների տեղի չունենալու ծանրագույն հետևանքները։ Եթե այս առումով նայենք, ապա այդ քննադատությունները հիմնավոր են, բայց ոչ որպես քննադատություն, այլ որպես աշխարհայացքային ընկալում։ Ուզում եմ անկեղծ խոստովանել, որ մեր քաղաքական թիմն այդպիսի ընկալում ու միտում ունի, որը մի անգամ շատ փայլուն կերպով ձևակերպել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ ասելով, որ արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների։ Այսինքն՝ շատ կարևոր է չշտապել՝ ափալ-թափալ գործողություններ չանել»,- նշեց վարչապետը։ 

Որպես օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց դատաիրավական համակարգի բարեփոխումները, որի համար իրենց քննադատել են։

Նա արձանագրեց, որ Հայաստանում դատաիրավական համակարգը խորքային, արմատական ու ռադիկալ պետք է բարեփոխվի, սակայն անկախ դատական համակարգ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ դատավորների աշխատավարձը 5-6 անգամ չի բարձրացել։

«Նախորդ տարի Հայաստանում, թերևս, առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներին տեղի է ունեցել մի երևույթ, որը մեզ հայտնի է «նեդաբոռ» անունով։ Այսինքն՝ եղել են դատավորների թափուր տեղեր, սակայն չեն եղել պատշաճ մակարդակով հավակնորդներ։ Սրա պատճառը պարզ է՝ գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, հակառակ դեպքում  մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպետք է զբաղվեն, քանի որ մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները դա կբացահայտեն, և պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն։

Հիմա այս պայմաններում ո՞վ կցանկանա լինել դատավոր, ինքներդ ձեզ հարց տվեք, ինքներդ այս պայմաններում կուզե՞ք լինել դատավոր։ Հա, ի դեպ, երբ ասում ենք՝ դատավորների աշխատավարձը բարձրացնենք, բոլորը հիշում են կոռումպացված դատավորներին, ասում են՝ դրանց չե՞ք հիշում, ոչ, նրանց մասին չէ խոսքը։ Մեզ պետք է ողնաշարով, հավատով մարդիկ, որոնք այսօր մասնավոր հատվածում ստանում են 3 մլն դրամ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ նախորդ տարի Կառավարությունը չէր կարող գնալ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու  քայլին, քանի որ հանրայնորեն նման որոշում ընդունելը չէր կարող ընկալվել։

Բայց այսօր այդ հարցում միջազգային դոնորները կարող են աջակցել Հայաստանին, և աշխատանքում ներգրավված նոր դատավորների աշխատավարձը կկարողանան դարձնել 2,5-3 մլն դրամ, ինչն ուղիղ ազդեցություն չի ունենա պետական բյուջեի վրա։

«Այդ ընթացքում ընդդիմությունը և բոլորը կասեն, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, և այն բխում է բոլորիս շահերից, և դրա վրա ծախսվող գումարը նույնպես բխում է բոլորի շահերից։ Այս ժամանակ հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից տրամադրել, որպեսզի այդ խնդիրը լուծվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ