27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարված երեխայի ուսերին ու ուզում հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ թեկնածուին

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր քիչ եղան, և «Իմ քայլի» պատգամավորները հարցախեղդ չարեցին այս թեկնածուին, ինչպես վարվել էին նախորդ թեկնածուների պարագայում: Այս պահին պատգամավորները ելույթներ են ունենում, հայտնում հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: 
 
ՍԴ դատավորի ընտրության հարցի շուրջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում պատգամավորները ազատ են և կարող են քվեարկել ով ինչպես ցանկանա:
 
Այս խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի համար անհասկանալի է՝ ինչու է թեկնածուն պարբերաբար հայտարարում, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է:
 
«Դուք, ինձ թվում է, հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում Ձեր այս հայտարարությունը: Դուք ուզում եք անցումային արդարադատություն ստեղծել, ձեր ամբողջ նպատակն էն ա, որ դատարանները անկախ դարձնեք, հիմա էս ցանկության ֆոնին, Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական կոմպոնենտով ձևավորվի: Սահմանադրական դատարանի անդամը, լինեք Դուք, լինի որևէ մեկը, խնդրում եմ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներով, չի կարող չծառայել քաղաքական ուժին», – հայտարարեց Պետրոսյանը:
 
ԲՀԿ-ական ատգամավորը անդրադարձավ նաև Գրիգորյանի հայտարարությանը, թե իշխանության շատ ներկայացուցիչների հետ ինքը ծանոթացել է, ոչ թե խաշ-խորովածի սեղանին, այլ՝ բանտերում ու հայտարարեց. «Դուք ասում եք՝ բանտում եք ծանոթացել, մեկս մեկին օգնել է: Բա եղբայր, որ բանտային պայմաններում ձեզ օգնած մարդը, ձեզանից աջակցություն ակնկալի, հայցի, էդ ո՞նց եք ձեր բանտային օրերի հիշողությունները մոռանալու»:
 
Նրա խոսքով՝ ՍԴ դատավորի նախորդ երկու թեկնածուները, որոնց ընտրությունը խորհրդարանական մեծամասնությունը տապալեց, թերևս վատ գիծ ունեին՝ նրանք իշխանությունների հետ բանտում ընկերություն չէին արել:
 
«Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», – դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին՝ հարցադրում արեց Պետրոսյանը:
 
Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, Դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել, եկել ենք ինքնահիացմամբ ենք զբաղվո՞ւմ այստեղ: Եթե Դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ