27 Հունիսի, Հինգշաբթի, 2019

Ո՞վ է տվել Աննա Հակոբյանին խաղաղության աղերս հղելու մանդատ

zham.am-oa4w8pKvdg58ULym7Mel

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտնել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը.

«Մենք ամբողջ սրտով հավատում ենք խաղաղ գործընթացին կանանց եւ երիտասարդների մասնակցության կարեւորությանը: Կանայք հակամարտության կարգավորմանը նոր հեռանկար են հաղորդում եւ մենք աջակցում ենք կանանց ներգրավմանը խաղաղության հաստատման մեջ»:

Միրոսլավ Լայչակը, ով չորեգշաբթի Սենատի Հելսինկյան հանձնաժողովում որպես ԵԱՀԿ գործող նախագահ հարցուպատասխանի էր հրավիրվել, «Ամերիկայի Ձայնի» խնդրանքով անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, որը, ըստ Լայչակի, առանձնանում է բարձր ակնկալիքներով.

«Կարծում եմ, մեր առջեւ հակամարտության կարգավորման իրական հնարավորություն է բացվել եւ հույս ունեմ մեզ կհաջողվի այս հնարավորությունն իրական, գործնական առաջընթացի վերածել»:

«Կանայք հանուն խաղաղության» իր նախաձեռնության մասին Աննա Հակոբյանը խոսել է երեքշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսում կազմակերպված երեկոյի եւ չորեքշաբթի՝ Կարնեգիի հիմնադրամում Վաշինգտոնի առաջատար փորձագետների հետ հանդիպման ընթացքում.

«Որպես կին եւ մայր, ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Հակամարտության ընթացքում բազմաթիվ երիտասարդներ են զոհվում: Մեր նախաձեռնության նպատակն է կանխել մարդկային կյանքերի կորուստը բոլոր կողմերից», – նշում է Հակոբյանը, – «եթե կանայք միավորվեն եւ ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից, եթե ասեն քաղաքական գործիչներին՝ փոխարենը ձեր ուժերը չափեք բանակցային սեղանի շուրջ, ապա նրանց ձայնը լսելի կլինի»:

Կայուն խաղաղության հաստատման համար կարեւորագույն դեր է խաղում պետության ժողովրդավարացումը, նշում է Աննա Հակոբյանը՝ չէ՞ որ ժողովրդավարական պետությունները միմյանց դեմ չեն պատերազմում: Այդ ուղղությամբ եւս Հայաստանն իր քայլը կատարել է:

«Հայ ազգը միավորվեց եւ մերժեց ղեկավարներին, որոնց մարդիկ այլեւս չէին կարող դիմանալ եւ վստահել: Տարիներ շարունակվող կեղծիքի եւ խաբեության ժամանակն ավարտվեց, անհավասարությունն ու անարդարությունը, վատ կառավարումն ու մարդու իրավունքների խախտումները ավարտվեցին», – նշում է Աննա Հակոբյանը:

«Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիեւը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների, նշում է Հայաստանի վարչապետի տիկինը.

«Ավելին, ես տեսա նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր տիկնոջ նկարները, ովքեր զբոսնում էին Բաքվի փողոցներով, նկարվում մարդկանց հետ: Անշուշտ, որպես մի քաղաքական գործչի տիկին, ով հայտնի է մարդկանց հետ նկարվելով, ես կցանկանայի, որ դա մնար իր առանձնահատկությունը, սակայն, դա ամենաչնչին բանն է, ինչ ես պատրաստ եմ զոհաբերել հանուն խաղաղության»:

Աննա Հակոբյանի ամիսներ շարունակ ամենատարբեր հարթակներւմ թմբկահարվող խաղաղասիրական նկրտումներին ուղիղ պատասխան է հնչեցրել Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ «կիրթ» Իլհամ Ալիեւի տիկին Մեհրիբան Ալիեւան:

 Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «այդպիսի զինվորականների ու սպաների հետ անպայման վերադարձնելու են Ղարաբաղը»:

«Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը»,- ըստ Haqqin.az-ի՝ հայտարարել է Մեհրիբան Ալիևան:

Հետաքրքիր է՝ ժողովրդավարությունը դրոշակ դարձրած Աննա Հակոբյանը՝ ո՞ր սոցհարցման կամ հանրաքվեի արդյունքով՝ մեծամասնության կարծիքը հաշվի առնելով է նման հայտարարություններ անում: ՀՀ հասարակությունը Աննա Հակոբյանին չի տվել այն մանդատը, որով նա պիտի խաղաղության աղերս հղի Բաքվին: 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ