27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեմ հիշում ինչպես եմ զենքը հանձնել ոստիկանություն. Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում է։

 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննությունը «Ելք» դաշինքի՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին վստահված անձանցից Հայկ Սարգսյանի ու  «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ճանաչում է Հայկ Սարգսյանին, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական շտաբի պետն է եղել։

«Նաև նրա հետ ընկերական հարաբերություններ եմ ունեցել մինչ միջադեպը», – ասաց նա։

Վարչապետն ասաց, որ Արթուր Այվազյանին առաջին անգամ է հանդիպում, բայց երբ ԱԺ պատգամավոր է եղել, նրանից նամակներ է ստացել։

«Այդքանով գիտեմ», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2017-ի նախընտրական քարոզարշավի վերջին օրը ինքը տանն է եղել՝ երեկոյան, կարծես, 22։00-ի կողմերն էր, երբ զանգել են իրեն ու ասել, որ իրենց տղաների վրա հարձակում է տեղի ունեցել։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որքանով որ հիշում է, զանգահարողը ներկայումս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր։

«Փորձեցի Հայկին զանգել, չպատասխանեց, հետո, եթե չեմ սխալվում, Ալենի միջոցով ասեցի՝ թող ինձ զանգեն, զանգեցին ու ասացին, որ միջադեպ է եղել, ես ասացի արագ տարածքից հեռացեք ու եկեք նախընտրական շտաբ», – ասաց վարչապետը։

Նա նշեց, որ անմիջապես տանից դուրս է եկել, տեսել է, որ իր նկարի վրա ներկ են փչել:

«Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա ու հարցրել են՝ ուր է դրոշը, ով է տարել, մի քանի քաղաքացիներ են եղել ու նրանցից մեկն ասել է՝ ինքն է տարել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ իրենց տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացիներից մեկը կամ քաղաքացին, հարվածել է Հայկ Սարգսյանին։

«Բնականաբար, մեր ժողովուդրը միջամտել է, հետո այդ անձը հանել է զենքը, ու հենց այդ պահին ներկաներից մեկը արագ արձագանքել է, խփել է նրա ձեռին, ու զենքն ընկել է։ Երբ ես իմացել եմ, որ զենքն իրենց մոտ է, ասել եմ՝ ցույց տվեք, ես զենքը վերցրել եմ, առանց դիպչելու, անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն, հետո Facebook-ով ուղիղ եթեր եմ մտել ու ցուցադրել եմ զենքը, ցուցադրել՝ ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ», – մանրամասնեց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը հրաժարվել է, որ իրեն ուղիղ եթերով ցույց տան, որովհետև ակնհայտ վնասվածքներ ուներ։

Նա ասաց, թե չի հիշում՝ ինչպես է զենքը հանձնել ոստիկանություն։

«Եթե չեմ սխալվում՝ ոստիկանությունը ոնց-որ չեկավ Տերյան հասցե, ես ինքս գնացի դեպքի վայր, հետո Մալաթիայի բաժին ու եթե չեմ սխալվում, այնտեղ եմ զենքը հանձնել», – ասաց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, 2017 թվականի մարտի 31-ին Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում էր տեղի ունեցել «ԵԼՔ» դաշինքի վստահված անձանց վրա։
 
ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ատրճանակի լուսանկարը, որով Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում էր տեղի ունեցել դաշինքի վստահված անձանց վրա։
 
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «ԵԼՔ» դաշինքի կողմնակիցների նկատմամբ զինված հարձակում գործած անձը «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատապարտյալ Արթուր Այվազյան է՝ «Մանախ» մականունով։
Մասնավորապես, մարտի 31-ին գիշերը «Ելք» դաշինքի կողմնակիցների ու Մանախի միջև տեղի էր ունեցել ընդհարում, և դաշինքի շտաբի ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը ճանաչվել էր տուժող, հարուցվել էր քրգործ, Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «խուլիգանություն» և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Ապօրինի զենք պահելը»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ