16 Հունիսի, Կիրակի, 2019

Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է

Без названия (1)

«Իրավունք TV»-ն տաղավարում հյուրընկալել է հայտնի պետական-քաղաքական գործիչ  ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ,  ում հետ զրուցեցինք Արցախի հարցի շուրջ օր օրի սրվող ինտրիգի եւ առկամարտահրավերների շուրջ, ներքին եւ արտաքին  քաղաքական վերջին զարգացումների, որոշ շրջանակներիկողմից մեծ աղմուկ բարձրացրած Վահան Շիրխանյանի բաց  նամակի եւ մի շարք այլ ուշագրավ հարցերի շուրջ:

«ՆՊԱՏԱԿՆ Է ԱՄԲՈՂՋ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԸ, ԻՆՉՈՒ ՈՉ 1988 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԿՍՎԱԾ ՇԱՐԺՈՒՄԸ ՈՐԱԿԱԶՐԿԵԼԸ»

Անդրադառնալով Շիրխանյանի բաց նամակին` Շահնազարյանը նախ ասաց.

– Նախ ասեմ, որ Ձեր նշած թեման արհեստականորեն ուռճացված է իշխանությունների կողմից եւ, չգիտես ինչու, դարձել է թիվ 1 քննարկվող խնդիր: Այստեղ ես կցանականամ խոսել այն քաղաքականության մասին, որի շրջանակներում իրենց համար այդ դրվագը նման կարեւոր էպիզոդ է: Նախ եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում` ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից կամ հեղաշրջումից հետո: Փորձ է արվում, այսպես կոչված, հեղափոխական տեսանկյունից ամբողջովին վերանայել անկախության տարիների ողջ պատմությունը: Խարխլել այն արժեքային համակարգը, որը կայացել էր, ոչնչացնել կամ առնվազն նվաստացնել մեզ համար կարեւորագույն արժեքները, ինչպիսիք են Արցախյան ազատամարտը, Հայաստանի պետականությունը: Իշխանության ԶԼՄ-ների, նրանց սպասարկող տարբեր մանր-մունր գործիչների, իշխանափոխությունից հետո նրանց միացած անհատների միջոցով նպատակաուղղված գրոհի են գնում: Տեսեք, ամենաբարձր մակարդակով Մանվել Գրիգորյանին մեղսագրվեցին արարքներ, որոնք հետո չապացուցեցին: Կամ, ոչ անհայտ Սասուն Միքայելյանի կողմից արված այն հայտարարությունը, որ հեղափոխությունը շատ ավելի բարձր ու կարեւոր արժեք է, քան Արցախի ազատամարտը: Այսպես կոչված` քաղաքացու օր հռչակելը, եւ այսպես շարունակ, այս ամենը արվում է նպատակաուղղված կերպով: Այսինքն, ներկա իշխանությունը ուզում է ցույց տալ, որ մինչ իրենց իշխանության զավթելը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, վատ է, շատ վատ: Նրանց նպատակն է հատկապես ամբողջ Արցախյան ազատամարտը, ինչու ոչ՝ 1988 թվականին սկսված շարժումը որակազրկելը: Ես բազմիցս ասել եմ՝ սա ծրագրված քաղաքականություն է: Տեսեք, հիմա որոշել են վերանայել 1998 թվականի ընտրությունները:

Գիտեք, որ որեւէ մեկը Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին այդպես հետեւողականորեն չի քննադատել, որքան ես: Եվ հետաքրքիր է, որ մեծ թվով անձինք, որոնք ժամանակին կրծքով Քոչարյանին ինձանից պաշտպանում էին, այսօր բղավում են, թե Քոչարյանին պետք է կախաղան բարձրացնել, ահեղ դատաստանի ենթարկել: Այդ մարդիկ, այսպես ասած, հավերժ քծնողներ են: Դրա համար ես բովանդակային առումով չեմ ցանկանում անդրադառնալ Շիրխանյանի նամակին, քանի որ, ինչպես ասացի, արհեստականորեն այդ ամենը ուռճացվում է: Պարզապես կարճ ներկայացրի, որ սա հետեւանք է այն քաղաքականության, որը նպատակաուղղված ձեւով տանում են ներկայիս իշխանությունները: Գիտեք, վատն այն է, որ իրենք շատ լավ հասկանում են, որ դա խարխլում է մեր պետականությունը, սակայն հենց այդ նպատակով էլ դա անում են: Իրենց նպատակն է՝ արժեզրկել այն ողջ դրականը, որն արվել է: Իրենց համար պատմությունը սկսվում է այն օրվանից, երբ իրենք եկել են իշխանության: 

– Տեսեք. ներկա իշխանություններին խանգարում են նախկին իշխանությունները, Սահմանադրությունը, մամուլը, օրենսդրությունը, օրհներգը: Այսպիսի մանր-մունր խնդիրներ առաջ քաշելով` փորձում են խլացնել իրոք կարեւոր եւ մտահոգիչ հարցերը: Օրինակ` հայտնի գաղտնալսումները, որոնք խարխլել են ՀՀ արդարադատությունը, դա տաբու է, այդ մասին չպետք է խոսվի: Փորձում են քողարկել բացառապես բոլոր բնագավառներում իրենց տապալումները` տնտեսություն, սոցիալ-տնտեսական հարցեր, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարց եւ այլն:

Փորձում են  հասարակության մի շերտին անընդհատ տրամադրել մյուս շերտի դեմ: Էլ չեմ խոսում Զինված ուժերի նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքի մասին: Մի օրինակ բերեմ, որով ցայտուն դրսեւորվում է նրանց վերաբերմունքը Զինված ուժերի նկատմամբ. Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի շենքը վաճառելը: Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ այս գործարքում կա մեծագույն կոռուպցիոն բաղադրիչ: Դե, էդ դեպքում տղանե՛ր, մի քանի զորամաս էլ վաճառեք, հաստատ գնորդ կգտնվի: Ես կասկած չունեմ, որ այն անձնավորությունը, որին վարչապետը կիրթ մարդ է համարում, պատրաստ է ցանկացած գին վճարել զորամասերի համար: Հասկանո՞ւմ եք, պետականության հանդեպ նրանց մտածողությունը որեւէ կապ չունի պետականությունն ամրապնդելու հետ, նրանք ամբողջովին խարխլում են պետականությունը, պատմությունը: Որ այս իշխանությունները դատապարտված են տապալման, դա ակնհայտ է, բայց անհանգստացնողն այն է, որ մեր պետականությունն է լրաջագույն կորուստներ ունենում: Եվ համար մեկ վտանգը, իհարկե, Արցախն է:

Գիտեք, իշխանափոխություններ նախկին խորհրդային տարածքում էլի տեղի ունեցան` Ուկրաինայում, Վրաստանում: Բայց ո՞րն է սկզբունքային տարբերությունը՝ ՀՀ-ում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածի համեմատ: Այդ երկու երկրներում, թեեւ կար քաղաքական էլիտայի բաժանում, եւ պայքարը գնում էր այդ թեւերի մեջ, սակայն իշխանության եկող կողմը պահպանում էր այն դրականը, որ կար, որովհետեւ իրենք մասն էին այն դրականի: Իսկ մեզ մոտ փողոցից եկած ամբոխը փորձում է ոչնչացնել մինչ իրենց արվածը եւ ստեղծել նոր արժեքներ:

«ՀԱՍԿԱՑԵՔ, ՍԱ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

– Թեեւ չցանկացաք դետալային առումով անդրադառնալ Շիրխանյանի նամակին, այնուամենայնիվ, թույլ տվեք նամակում տեղ գտած մեկ դրվագի վերաբերյալ եւս Ձեր գնահատականը իմանալ: Շիրխանյանն իր բաց նամակում անդրադառնում է նաեւ Ղարաբաղյան հարցի լուծման, այսպես ասած՝ «Մեղրիի տարբերակին»՝ նշելով, որ իր հետ զրույցում Վազգեն Սարգսյանը զայրացած ասել է, թե Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ: 

– Չեմ ուզում բարոյական գնահատականներ տալ, բայց ի՞նչ է նշանակում՝ վկայակոչել մարդկանց հետ խոսակցություններ, որոնք, ցավոք, այսօր չկան: 

Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ կարգավորմանը, ապա տարածքային փոխանակման տարբերակի դեմ ես եմ առաջինը հանդես եկել: Այդ հանրահավաքները ես եմ կազմակերպել: Ո՞ւր էին այդ մարդիկ այն ժամանակ: Հիմա հետ գնալ եւ խոսել, թե 20 տարի առաջ ովքեր ինչ են ասել, կներեք… Չեմ ուզում բարոյական գնահատականներ տալ, որովհետեւ այդ գնահատականները շատ ծայրահեղ կհնչեն: Եվ, առհասարակ, ոչ միայն Ձեր նշած անձնավորությունը, այլեւ էլի մարդիկ, ովքեր այսօր խոսում են 1998 թվականից, ինչո՞ւ այն ժամանակ չէին բարձրաձայնում այդ հարցերը: Իսկ այսօր նրանք դա անում են ներկայիս, այսպես կոչված, հեղափոխական կոնյուկտուրայից ելնելով, քծնելով ներկա իշխանություններին եւ կատարելով նրանց պատվերը: Հասկացեք, սա շատ ժամանակավոր իշխանություն է, եւ այն գնահատականը, որ պատմությունը եւ հասարակությունը տալու է այս իշխանություններին, շատ դաժան է լինելու. ես ինքս ստիպված եմ լինելու ֆիզիկապես պաշտպանել այս իշխանություններին հասարակության այն հատվածից, որին իրենք ոտքի են հանել:

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

– Ձեր հարցազրույցներից մեկում ժամանակին ասել եք, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում Արցախի համար, քան` Ադրբեջանը: Այսօր եւս այդ տեսակետի՞ն եք:

– Իշխանությունները իրենց բոլոր քայլերով դա ապացուցում են: Ավելին, ես ասել եմ` Ադրբեջանի համար նման ձեռնտու իրավիճակ բանակցային գործընթացում դեռեւս չէր եղել, սկսած` 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովից: Եվ հասել է ոչ թե Ադրբեջանն իր գործողություններով, այլ՝ գործող իշխանությունը: Որովհետեւ այն դրական առավելությունը, որը ներկայիս իշխանությունը ժառանգեց նախորդ իշխանություններից` թե՛ արտաքին քաղաքականության հարցում, թե՛ հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, իրենք ուղղակի ոչնչացրել են: Մենք կանգնած ենք պատերազմի շեմին, այս վերջին օրերին ինչ-որ կատարվեց շփման գծում, ամբողջովին վերացրեց այն վերելակային պայմանավորվածությունը, որ Փաշինյանը ձեռք է բերել Ալիեւի հետ` Ալիեւի նախաձեռնությամբ:

– Սպասվում է Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Ի՞նչ ակնկալել դրանից:

– Այն օրակարգը, ինչը որ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ գնում է բանակցությունների, դա ներքին լսարանին ուղղված պատասխան է: Որովհետեւ, այլեւս կարեւոր չէ ո՛չ Փաշինյանի օրակարգը, ո՛չ էլ՝ Ալիեւի օրակարգը, կարեւոր է եռանախագահողների օրակարգը: Համանախագահները մարտի 9-ին իրենց հայտարարությամբ հստակ ասացին, որ այն, ինչը Փաշինյանը ուզում է, դա օրակարգի քննարկման հարց չէ: Այնպես որ, նույն թափով շարունակվում է պոպուլիզմը՝ ներքին լսարանին օգտագործելու համար: Ուզում եմ ուշադրություն հրավիրել Արցախում տեղի ունեցած ԱԽ նիստում Փաշինյանի եւ Բակո Սահակյանի ելույթներին: Բակո Սահակյանի ելույթի մեխը հետեւյալն էր՝ կարեւորագույն խնդիրը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Սակայն Փաշինյանը ո՛չ այդտեղ խոսեց այդ մասին, ո՛չ էլ հետագայում դա ասաց: Սա արդեն իսկ խոսում է, որ Հայաստանն Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ որեւէ ջանք չի ներդնում: Մինչդեռ, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը հայության թիվ 1 խնդիրը պետք է լինի: Սա ես համարում եմ ծրագրավորված քաղաքականություն, որն իրականացնում են ՀՀ իշխանությունները:

Հ.Գ. Պարոն Շահնազարյանի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածներ, նրա տեսակետը Մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործի առնչությամբ, եւ թե ուր են գնում այսպես իշխանությունները, կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

 

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ