27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լրջագույն վտանգներ, դա ցնցելու է համակարգը. Փաշինյանի առաջարկած մեխանիզմը պահանջում է շրջանցել Սահմանադրությունն ու Եվրոպական կոնվենցիան

«Սա հղի է լրջագույն վտանգներով, ցանկալի է, որ դա չարվի, ամեն ինչ ընթանա ավանդական իրավական ընթացակարգերով: Մենք ավանդույթներ ունենք,  հարցրեք պետհամալսարանի իրավաբան-գիտնականներին, սա  մեր բոլոր ավանդույթներին դեմ է, ցնցելու է համակարգը: Այս փոքրիկ երկիրը ինչքա՞ն կարելի է  ցնցել, չի դիմանա»-Henaran.am-ին ասաց միջազգային իրավունքի մասնագետ, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմի ներդրման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, փետրվարի 13-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինանը պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հարցին, թե արդյո՞ք կառավարությունը չի ցանկանում պետականացնել նախկին իշխանության օրոք ապօրինի հարստացման ճանապարհով ձեռք բերված ռեսուրսները, հայտարարեց. «Այստեղ կա հարց ընդհանրապես երկրից եւ ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացի հետ կապված եւ հիմա ուզում եմ ասել, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Այն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է: Այս դեպքում չի գործում անմեղության կանխավարկածը, գործում է կոպիտ ասած մեղավորության կանխավարկածը: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ այդ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, ապա այդ գույքի ձեռքբերումը համարվում է ապօրինի»:

Միջազգային իրավունքի փորձագետը, սակայն, ընդգծում է՝ նշված մեխանիզմը չափազանց ռիսկային է, իսկ ընթացակարգը՝ բացառություն՝ արդեն գոյություն ունեցող կառուցակարգի, իրավական մեխանիզմի: «Այն ընդհանրապես համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից շեղում: Այն կարելի է դիտարկել Կոնվենցիայի ներսում, եթե այդ շեղումը հակակշռվում է կամայականությունների, խախտումների դեմ շատ արդյունավետ մեխանիզմներով, այնպես,  որ հանկարծ կամայականություն չցուցաբերեն պետական մարմինները, բայց դա չափազանց բարդ է անել, որովհետեւ այսպես , թե այնպես, եթե դու ապացուցման բեռը դնում ես մեղադրյալի վրա, անմեղության կանխավարկածն արդեն իսկ խախտվում է, իսկ  անմեղության կանխավարկածը Հայաստանում սահմանադրական նորմ է: Մենք դա ինչպե՞ս ենք շրջանցելու»:

Խոսելով առհասարակ, առանց դատարանի անձին գույքից զրկելու հնարավորության մասին, Արա Ղազարյանը որպես օրինակ նշեց տույժ-տուգանքների պարագան, բայց եւ շեշտեց, որ Սահմանադրական դատարանը այս խնդրի հետ կապված որոշում ունի, որն ասում է, որ տույժ-տուգանքները դիտարկվում է ոչ թե որպես անձին գույքից զրկել, այլ գույքի նկատմամբ վերահսկողություն  իրականացնել : Ըստ Ղազարյանի՝՝ սա նաեւ ՄԻ եվրոպական կոնվենցիայի դիրքորոշումն է:

«Այդ դեպքում առանց դատարանի որոշման իրավունք է տրվում անձին գույքից զրկել , տվյալ դեպքում, տույժի ենթարկել, պայմանով, որ քաղաքացուն հետո հնարավորություն տրվի  որոշումը վիճարկել: Բայց  դա արվում է վարչարարության մեջ՝ վարչական դատարանում, երբ խոսքը վերաբերում է  ասենք՝ 5 կամ 10 հազար դրամ տույժ-տուգանքին: Մինչդեռ, երբ խոսքը վերաբերում է  միլիոնավոր դոլարների կամ անշարժ  գույքի, անձը կանգնած է շատ մեծ բան կորցնելու  ռիսկի առջեւ, որ ոչ մի պետությունում, եթե այն ժողովրդավարական է, չեն համաձայնի իրականացնել՝ առանց դատարանի որոշման: Մենք , ստացվում է, պետք է Սահմանադրությունը փոխենք, որովհետեւ Սահմանադրության մեջ նորմ ունենք, որ անձը կարող է գույքից զրկվել միայն դատարանի որոշման հիման վրա: Գումարած սրան, ունենք Եվրոպական կոնվենցիան, այս ամենը ո՞նց ենք շրջանցելու»,-Henaran.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց մասնագետը:

Մասնագետի խոսքով, անցումային արդարադատությունն ինքնին բախում է ՄԻ եվրոպական կոնվենցիայի հետ, այն էլ՝ հզոր բախում է:  «Մենք վաղուց հայտարարել ենք, որ այսօրվա քրեական  գործերը, որ հուլիս ամսից  սկսվել են, նույն թափով առաջ տանել չեն կարողանալու: Մարդու իրավունքների հարցեր կան եւ դա ստիպելու է, որ դատավարությունը դանդաղի: Հիմա , եթե մենք ուզում ենք կիրառել արտակարգ ընթացակարգեր, ասենք՝ փողերի լվացման գործերում, որտեղ ապացուցման մեղքը դրվում է մեղադրյալի վրա, նման բան Կոնվենցիան  թույլ է տալիս, բայց պայմանով, որ դատավարական շատ բարձր երաշխիքների ներքո ուղեկցվի գործընթացը , իսկ մեր երկրում այդ երաշխիքները ապահովված չեն», շեշտեց Արա Ղազարյանը:

Հարցին,  արդյոք վարչապետի առաջարկած մեխանիզմը իրավաքաղաքական վենդետաների եւ ընտրովի արդարադատության ռիսկեր չի առաջացնի, Արա Ղազարյանը  պատասխանեց.«Հաշվի առնելով քաղաքական գործիչների հայտարարությունները նաեւ հայտնի հեռախոսազանգերը, հնարավոր է խտրականության մասին հարց բարձրանա, թիրախավորման հարց  բարձրանա: Դրա համար, պաշտոնատար անձինք պետք է շատ զգույշ լինեն իրենց հայտարարություններում, առանց այն էլ շատ են  բացթողումներ արել, եւ փաստաբաններն այդ ամբողջը ֆիքսում են: Տեսեք, Մարտի 1-ի գործով Հայաստանը մտավ մոնիթորինգի տակ: Ես կարող եմ հավաստիացնել, որ եթե այդ հայտարարությունները չլինեին, այդ որոշումը չէր լինի եւ դա շատ լուրջ է»:

Փաստաբանը նկատեց՝ քաղաքական  գործիչներին պետք է շատ արագ արդյունք, բայց մարդու իրավունքները  չի կարելի շրջանցել կամ զոհել որեւէ պարագայում:

Ինչ վերաբերում է մեղավորության կանխավարկածով դատավարության հնարավորությանը, Արա Ղազարյանն ասաց. «Մեղավորության կանխավարկածով դատավարություն հնարավոր է իրականացնել որպես բացառություն՝ լատենտային բնույթի հանցագործությունների համար՝ փողերի լվացում կամ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքար: Միայն այս դեպքում է  թույլատրվում է աշխատել մեղավորության կանխավարկածով, վարչապետը ասաց՝ որպես կանոն,  բայց դա որպես  բացառություն է համարում, դա շատ նեղ է մեկնաբանվում, որովհետեւ, կրկնում եմ, հակակշռող չափանիշները շատ բարձր են: Դա կարելի է կիրառել այն երկրներում, որտեղ քրեական դատավարությունը շատ  զարգացած է եւ դատարանների, քննիչների, դատավորների  կողմից օրենքի տառը եւ բովանդակությունը պահպանվում է, մինչդեռ Հայաստանում, այդ առումով խնդիրները շատ են»:

Որպես օրինակ փաստաբանը մատնանշեց գործարար Սամվել Մայրապետյանի գործը: «Անձնական գույքն ամբողջությամբ կալանքի տակ է, բայց  մարդու իրավունքների  սկզբունքը պահանջում է, որ պետք է այդ որոշումը պատճառաբանված լինի եւ համաչափ, այսինքն՝ արգելանքի տակ վերցված գույքի ծավալը պետք է համապատասխանի մեղադրանքի ծավալին, իսկ նրա գույքն ապրիորի վերցրել են կալանքի տակ՝ առանց հաշվարկ կատարելու, դա նշանակում է, որ հակակշիռը չաշխատեց: Հիմա, նման կոշտ մեթոդներով ո՞նց կարելի է նման մեխանիզմներ կիրառել՝ առանց դատարանի որոշման: Շատ մեծ է վտանգը, որ հակակշիռները չեն աշխատի ու արդյունքում անձը կմնա անպաշտպան»,-եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ