23 Օգոստոսի, Ուրբաթ, 2019

Պաշտոն Վիգեն Սարգսյանին

12.thumb

Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։

Միջոցառմանը հրավիրված էին «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։

Դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ Նա հայտնեց, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է:

Ըստ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի, շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «Լույսի» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա: Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծեց, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը:

Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշեց, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը:

Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։

Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։

Դասախոսությունից հետո տեղի ունեցավ պանելային քննարկում, որին հրավիրված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր ուղղեցին պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացան համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

«Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ