27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կհարկվենք երջանկության հարկով. վերջապես հասկացանք

Վերջապե՜ս հասկացանք, թե ինչի՞ հաշվին էին պլանավորում ներկայիս իշխանությունները տնտեսություն «զարգացնել», երբ հայտարարում էին, թե այլևս «հանքային տնտեսական քաղաքականություն» չի լինելու։

Հիմա մենք գնում ենք «հարկային տնտեսական քաղաքականության» ճանապարհով։ Հետաքրքիր է՝ ինչպես դեռ այն ժամանակ գլխի չէինք ընկել, թե ի՛նչ նկատի ուներ պարոն Փաշինյանը, երբ ասում էր՝ գնում ենք «ներառող տնտեսական համակարգ» ձևավորելու ճանապարհով։ Կամ գուցե ինքն ա՞յլ բան նկատի ուներ, իսկ իր թիմը բառացի է ընկալել։

Փաստն այսօր այն է, որ 2020 թվականից, ըստ նոր հարկային տեսլականի, ունենալու ենք մի հարկային համակարգ, որը ներառելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու․ իհարկե, առայժմ հայտարարվել է երկու տեսակ հարկման ձևերի մասին՝ դրսից ստացված գումարների և ամենօրյա գնումներ կատարելու, իսկ մինչև 2020 թվականը, ենթադրվում է՝ կհայտարարվի նաև այլ հարկատեսակների մասին:

Երբ ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը և նույն ՊԵԿ նախագահի հայտարարություններն ու պարզաբանումները հանրությունը սվիններով ընդունեց, սկսվեց սվաղելու, ծածկադմփոց անելու քաղաքականությունը:

Փաշինյանը հայտարարեց, թե սխալ ենք մեկնաբանում, մյուսները, թե բա նման բան չկա, ընդամենը քննարկման է դրվել, կարծես ժողովուրդը կարծել էր, թե արդեն օրենքն ընդունվել է:

Իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ շտապեց ասել, թե առանց հանրային քննարկման ոչ մի փոփոխություն չի եղել: Գիտենք ձեր հանրային քննարկումները: Մի առիթով ժողովրդին հրավիրելու եք հրապարակ, իսկ հետո «հու հու հա հա դըմփ դըմփ» կանեք ու կասեք, թե ժողովուրդը հիացած ընդունեց նոր փոփոխություններով և պատրաստ է ծննդյան նվեր ստացած հարյուր դոլարից քսաներեքը տալ պետությանը կամ խոպանից ստացված հարյուր դոլարից հրաժարվել քսաներեքից:

Երբ կառավարության գլուխը «մատ թափահարելով» պնդում է, թե այս երկրում 350 հազար ճռռացողներ կերակրում են 800 հազար թամբալների, և կամ շատ շատերը գլխի չեն ընկնում, որ կարելի է ոչ թե 80 հազարով աշխատել, այլ ավելի բարձր աշխատավարձով, սպասելի են այսպիսի օրենսդրական նախաձեռնություններ:

Իսկ հետո, եթե ժողովուրդն ինչ որ հրաշքով հանդուրժի այս ամենը, հարկային բեռը ծանրանալու է նրանց վրա, ովքեր ապրիլին Գյումրիից Երևան չեն քայլել: Կհարկվենք երջանկության հարկով, չէ որ շուտով կամ արդեն բոլորը երջանիկ են: Իսկ պարոն 23 տոկոսներն իրենց իրականում երջանիկ կզգան այդ ամենն իրականություն դարձնելուց հետո:

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ