11 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2018

Պոպուլիզմի վտանգավոր քայլարշավը

11915129

Արևմտյան և ռուսական փորձագիտական շրջանակները Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին խոսելիս մեկ գնահատականում ունեն համաձայնություն՝  Հայաստանում պոպուլիզմն է իշխում։ Տարբեր հարցերում ունենալով տարաձայնություններ, այդ թվում նաև՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների` ինչո՞ւ են նրանք այդ մեկ հարցում որդեգրել միասնական դիրքորոշում։ Այս հարցն ավելի հանգամանալից քննարկման կարիք ունի։

Պոպուլիզմը բնորոշ է ժողովրդավարական երկրներին, որտեղ ընտրողների ձայների համար պայքար է ընթանում, սակայն զարգացած ժողովրդավարական երկրներում հասարակության գրագիտությունը ու քաղաքական պատրաստվածությունը սահմանափակում է դրա չարաշահումը և պոպուլիստի պիտակը ստացած անձանց համար ճանապարհը դեպի բարձր իշխանություն դժվարանում է։

Հայաստանի հասարակության քաղաքական գրագիտության աստիճանը բարձր չէ։ Նման երկրներին Արևմուտքում անվանում են «նոր ժողովրդավարություններ», այսինքն երկրներ, որոնց հասարակությունները դեռ չունեն ժողովրդավարական քաղաքակրթություններին բնորոշ հասունություն, իսկ պետական ինստիտուտները դեռ ձևավորման փուլում են ու չեն վաստակել հանրության վստահությունը։ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների զգալի հատվածը հույսը դրել է պոպուլիզմի վրա։ Ապագա խոհրդարանական ընտրությունները նույնպես խոստանում են վերածվել պոպուլիզմի մրցավազքի։

Պոպուլիզմ

Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ Պոպուլյարների (populous – լատիներեն՝ ժողովուրդ) շարժումն, որը ներկայացնում էր հասարակ ժողովուրդի՝ պլեբայների շահերը, ի հակադրություն Օպտիմուսների, որոնք ներկայացնում էին ազնվականության շահերը։ Պոպուլյարներն աչքի էին ընկնում իրենց ճարտասանությամբ, պարզունակ կարգախոսներով և ինչպես ժամանակին Ռուսսոն էր գնահատում իր ժամանակի պոպուլիստներին, նրանց ելույթներն ուղղված էին ոչ թե մարդկանց բանականությանը, այլ՝ սրտերին ու զգացմունքներին։ 19-րդ և 20-րդ դարերում նման հոսանքներին սկսեցին անվանել պոպուլիստներ, ինչն արդեն ձեռք է բերել բացասական երանգավորում։

Պոպուլիստներին բնորոշ լավագույն կարգախոսներից էր բոլշևիկների հայտնի կոչը․ «հողը՝ գյուղացուն, գործարանները՝ բանվորներին»։ Հետագայում նրանք խոստացվածը չստացան։ Բոլշևիկները համարում էին, որ ժողովրդի շահագործման հետևանքով կուտակված հարստությունը պետք է բռնազավթվեն ու վերադարձվեն իրական տերերին՝ ժողովրդին։ Շատ դեպքերում «անմարդկային շահագործման» թեզը համապատասխանում էր իրականությանը, սակայն նման քաղաքականությունը փլուզեց եղած տնտեսությունը, և շատերը սովի մատնվեցին։

Ժամանակակից աշխարհում պոպուլիստական շարժումները նորից լուրջ գործոնի են վերածվում, մասնավորապես, ներկայիս Եվրոպայում, իսկ ԱՄՆ-ում շատերը Թրամփին նույնպես պոպուլիստ են անվանում և համարում ոչ համակարգային գործիչ։

Պոպուլիզմի պատճառներն ու դրսևորման ձևերը

Համարվում է, որ պապուլիստական հռետորաբանությանը հատկապես դիմում են քաղաքական ու սոցիալական անկայունության ժամանակաշրջաններում։ Զանգվածները պարզ ու արագ լուծումներ են ակնկալում և տվյալ ժամանակաշրջաններում հակված են լինում նման լուծումների խոստումներից ակնկալիքներ ունենալուն։

Մասնագիտական գրականության մեջ պոպուլիստական գործունեության տիպաբանության հետևյալ բնորոշումներով են ներկայացվում

«Հիմնական պոպուլիստական մեթոդներն են․

ժողովրդի պահանջներին հարմարվելու փորձերը,

պրիմիտիվ կարգախոսների հանդեպ զանգվածների հակվածության օգտագործելը,

չարաշահել հետևյալ երևույթները՝ զանգվածների կենցաղային պատկերացումները, զանգվածների վրա անմիջական ազդեցության համար տվյալ հնարքների օգտագործում (անմիջական շփումներ, ուղիղ եթերներ, ձեռքսեղմումներ և սելֆիներ), ինչի համար պարզունակ կերպով է ներկայացվում հանրային կյանքը և առկա խնդիրները,

զանգվածների կողմից ուժեղ անհատականության պահանջարկի բավարարում, (պատերնալիզմի ձգտումներ),

«ժողովրդական սպասումների» վրա խաղ,

բարդ խնդիրների համար պարզունակ լուծումների առաջարկում,

առաջնորդի և զանգվածների անմիջական շփումներ առանց քաղաքական ինստիտուտների միջնորդության (ուղիղ ժողովրդավարություն),

ժողովրդի անունից հանդես գալ,

ժողովրդի դժգոհության ալիքի վերահասցեագրումը դեպի գործող իշխանության ինստիտուտները,

ներկայանալ որպես ժողովրդական շահերի համար պայքարի մարտիկ,

հանրային կարծիքի մանիպուլյացիաներ»։

Տվյալ հոդվածում կշարունակեմ օգտագործել վերը բերված հղումով նյութից մեջբերումները։

«Պոպուլիստական ոճի քաղաքական գործիչներին հատուկ են հետևյալ հատկությունները․

Ժողովրդի հետ պարբերական հանդիպումներ,

Իր վրա վստահ և կտրուկ քայլերի ունակ գործչի իմիջի ձևավորում,

սեփական նպատակները կարճ և պարզ կերպով ներկայացնելու ունակություն,

Կարողանալ ներկայանալ որպես ժողովրդից դուրս եկած մարդ․ «ես այնպիսին եմ, ինչպիսին դուք եք»,

ազգային և հայրենասիրական զգացմունքների վրա խաղալու ունակություն,

դերասանների, երգիչների և ժողովրդականություն ունեցող մարդկանց աջակցության ցուցադրություն,

ԶԼՄ-ների ակտիվ օգտագործում,

պաշտոնական փաստաթղթերը online ստորագրում, փողի բաժանում կարիքավորներին (կամ սեփական բնակարանի հատկացում որևէ անծանոթ անձի),

ոչ ստանդարտ պահելակերպ,

ցուցադրական ժեստեր,

ոչ ստանդարտ հագուստ,

հանրային սկանդալներ,

ոչ նորմատիվային բառապաշար»։

Նույն հոդվածվում բերվում է ամերիկացի ուսումնասիրող Գ․ Բլումերի խոսքերն այն մասին, որ պոպուլիզմին հակված են այն հասարակությունները, որոնք գտնվում են «սոցիալական անհանգստության» վիճակում, որը բնութագրվում է համընդհանուր գրգռվածությամբ ու անհանգստությամբ, ագրեսիվության աճով։ Նման վիճակներում գտնվող հասարակություններն ավելի շատ են հակված լի պոպուլիստական նման դրսևորումների հանդեպ։

Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ պոպուլիզմի վտանգավորությունն այն է, որ պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը խարխլում է, դառնում է գործիք քաղաքական ախոյանների հետ հաշվեհարդար տեսնելու համար և ի վերջո կարող է հանգեցնել բռնատիրության, ըստ էության` երկրի առջև կանգնած խնդիրներին առանց լուծում տալու, իսկ շատ դեպքերում` այդ խնդիրներն ավելի խորացնելով։

Ստեփան Դանիելյան

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ