27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլոր համայքները կունենան հանգստի եւ ժամանցի կենտրոններ

Երեւան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները, այգիներն ու պուրակները:

Շենգավիթ վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Շողակաթի զբոսայգին: Շենգավիթցիների հանգստյան ամենասիրելի վայրերից մեկը երկար տարիներ մատնված լինելով անուշադրության, գործնականում կորցրել էր իր նպատակային նշանակությունը: Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում ծանոթանալով իրավիճակին, հանձնարարել էր մշակել զբոսայգու համալիր բարեկարգման ծրագիր եւ այն ներառել այս տարվա զարգացման ծրագրերի շրջանակում:

Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի եւ գրեթե 200 ծառերի համար: Զբոսայգին նաեւ ձեւավորվել է ծաղկային կոմպոզիցիաներով ու գեղեցիկ արձանիկներով: Բացի այդ, տեղադրվել են նստարաններ եւ կառուցվել բաց եւ փակ զրուցարաններ: Զբոսայգու համալիր բարեկարգման շրջանակում հիմնանորոգվել եւ գործարկվել է նաեւ շատրվանը:

Բնակիչների հետ շրջելով ու ծանոթանալով զբոսայգում ստեղծված հարմարություններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանի ղեկավարին կատարած աշխատանքների համար:

Լրագրողների հարցերին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ բակային տարածքների, այգիների եւ պուրակների բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական: “Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման մեր քաղաքականությունը ենթադրում է բոլոր վարչական շրջաններում ունենալ հանգստի եւ ժամանցի նմանատիպ կենտրոններ: Այս տարվա ընթացքում արդեն հասցրել ենք մեր բնակիչների տնօրինմանը հանձնել Նորք-Մարաշ եւ Էրեբունի վարչական շրջանների համանման կենտրոնները: Այսօր էլ հանձնեցինք Շենգավիթինը: Հաջորդը կլինի Աջափնյակ վարչական շրջանում, որտեղ այս պահին ընթանում են շինարարական աշխատանքները եւ մոտ մեկ ամսից այն եւս կհանձնենք շահագործման”, – նշել է Տարոն Մարգարյանը:

Մասնավոր հատվածին այս աշխատանքներում ներգրավելու հարցին ի պատասխան էլ քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը մշտապես բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ ընթացք տալու մայրաքաղաքի բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների մասնակցության առաջարկներին: “Մենք բազմիցս կոչ ենք արել մեր գործարարներին մասնակցություն ունենալ ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման գործում: Ի պատիվ նրանց, նաեւ հարկ է նշել, որ արդեն որոշ վարչական շրջաններում նրանք լուրջ մասնակցություն են ունենում տարածքների բարեկարգման հարցում”, – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց գոհունակությունը, քաղաքապետը հորդորել է խնամքով վերաբերել տարածքին ու պահպանել այն:

Վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ զբոսայգու հարակից տարածքում տեղակայված “Փրկություն” հաշմանդամ երեխաների հ/կ, որի շենքը ավագանու վերջերս կայացրած որոշմամբ կազմակերպությանն է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին նախորդ շրջայցի ժամանակ իրենց կողմից բարձրացված այդ խնդրանքին արագ լուծում տալու համար, կենտրոնի տնօրեն Արփինե Վարդանյանը նաեւ հավելել է, որ դրան զուգահեռ կարգավորվել է նաեւ կենտրոնի շենքում թեքահարթակների ներկառուցման խնդիրը: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները մշտապես կլինեն քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում:

Շարունակելով շրջայցը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաեւ Արշակունյաց 135 եւ Մայիսի 9-ի 51 շենքերի բակեր: Մայրաքաղաքի զարգացման այս տարվա ծրագրերի շրջանակում ամբողջությամբ բարեկարգվել եւ բնակիչների տնօրինմանն են հանձնվել նաեւ վերոնշյալ հասցեների բակային տարածքները, որոնք կահավորվել են խաղային ատրակցիոններով ու զրուցարաններով: Վերջին բակում կառուցվել է նաեւ ֆուտբոլի մինի դաշտ:

Լսելով բնակիչների գոհունակությունն ու շնորհակալությունները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին եւ հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական` վստահեցնելով, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում այլեւս չեն մնա անբարեկարգ բակեր:

 

Երեւանի քաղաքապետարանի

տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ