27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այն, ինչ արված է, եթե չի ունենա անհիմն հետեւանքներ, կարելի է ընդունելի համարել. Բորիս Նավասարդյան՝ Yerevan.today-ի խուզարկության մասին

Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում իրականացված խուզարկության  եւ խոսքի ազատության խնդիրների շուրջ Henaran.am-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

 Պարոն Նավասարդյան,  լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն է տեղի ունեցել, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը,  իրավապահ մարմինների գործողություններն արդյո՞ք կարող ենք դիտարկել որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ:

-Ես կարծում եմ, որ գործի կարեւորությունը ՀՀ անվտանգության տեսանկյունից, ենթադրում է, որ այդ կարգի օպերատիվ գործողություններ կարող են կատարվել եւ բուն իրենց ձեւով , այդ գործողությունները արդարացված են: Խնդիրը այսօր կայանում է նրանում, որ դա  չխաթարի լրատվամիջոցի նորմալ գործունեությունը: Իրավապահ մարմինները եզրակացությունը, թե ինչ են հայտնաբերել, պետք է հնարավորինս արագ՝ մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում հայտնեն եւ բոլոր  հնարավորությունները ստեղծվեն, որպեսզի լրատվամիջոցը հետագայում կարողանա նորմալ սպասարկել իր լսարանին:

-Կայքի խմբագիրն արդեն հայտարարել է, որ խմբագրության աշխատանքը, ըստ էության խաթարված է, որովհետեւ իրավապահներն, առանց որեւէ հիմնավորման, իրենց հետ տարել են նրա աշխատանքային համակարգիչը, առգրավել են նաեւ խմբագրության այլ համակարգիչների կոշտ սկավառակները: Սեւակ Հակոբյանը նաեւ  հայտարարել է, որ խուզարկությունն իրականացվել է խախտումներով: Գործի կարեւորությունը հաշվի առնելով հանդերձ,  մտահոգիչ չէ՞ այս ամենը: Ի դեպ, ուշագրավ է, այս խուզարկությունը տեղի ունեցավ  նախօրեին վարչապետ Փաշինյանի՝ այն հայտարարությունից հետո, թե Հայաստանում երբեւէ չի եղել խոսքի ազատության այսպիսի աստիճաան:

-Գիտեք, մենք պիտի դեռ համոզվենք, թե որքանով հիմնավորում ունեին իրավապահ մարմիններն այդ կարգի գործողություն իրականացնելու համար, սակայն , ամեն դեպքում, այն, ինչ արված է,  այսօր, զուտ տեսականորեն, եթե չի ունենա անհիմն հետեւանքներ, ապա կարելի է ընդունելի համարել, բայց նորից եմ կրկնում , իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները պետք է ներկայացվեն մեկ-երկու օրվա ընթացքում, հստակ պետք է ներկայացվի՝ իրենց որեւէ կասկածները հիմնավորվել են, թե ոչ, եւ եթե ոչ, ապա անմիջապես պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի լրատվամիջոցն իր ամբողջ ներուժով աշխատի եւ մենք դա կդիտարկենք որպես լուրջ խնդիր: Այս պահին խոսել, որ խոսքի ազատության խախտում կա, վաղ է:

-Պարոն Նավասարդյան, իսկ հանրային մթնոլորտի մասին ի՞նչ կասեք: Այստեղ խնդիրներ չունենք: Եթե հետեւում էիք խուզարկության ժամերին ուղիղ եթերներին, մեկնաբանություններում լրատվամիջոցի դեմ ուղղակի հարձակում էր գնում, զուտ այն պատճառով, որ կայքը ասոցացվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թեեւ կայքի խմբագիրը ուղիղ եթերում հերքեց այդ կապը:

-Բնականաբար, այսօր մթնոլորտը սոցցանցերում չի կարող չմտահոգել: Մի կողմից հաշվի առնելով, թե ինչպիսի քաղաքաական իրավիճակում է հայտնվել  Հայաստանը, հեղափոխությունը, որն իրականացվել է, հանդիպում է որոշակի  դիմադրության եւ իրադարձությունների հետագա զարգացումը շատ անկանխատեսելի է: Հանրության բավականին մեծ հատված իրեն զգում է պատասխանատու Հայաստանում կատարված փոփոխությունների համար: Այդ տեսանկյունից,  այդ լարվածությունը ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Կարծում եմ, որ այդ լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցը քաղաքական որոշակիությունն է, իսկ դրա համար անհրաժեշտ են լեգիտիմ ընտրություններ, եւ կարեւոր են  թե  Երեւանի ընտրությունները, թե առավել եւս, խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որոնք պետք է շատ արագ անցկացվեն: Կարծում եմ, որ դրանից հետո մենք կարող ենք ակնկալել պարզ եւ հասականալի իրավիճակ եւ մեր համաքաղաքացիները կարիք չեն ունենա պաշտպանել այն նվաճումները, որ ունեցել են:

-Թեկուզ եւ տեղի ունեցած փոփոխությունների պատասխանատվությունը գիտակցելով,  լրատվամիջոցին թիրախավորելը, այդուհանդերձ, խնդիր չէ՞: Խոսքը տարբերվող կարծիքը չհանդուրժելու մասին է:

-Մենք ՝  կառավարությունը եւ հասարակական կազմակերպությունները, որքան էլ փորձում ենք, բայց միշտ չէ, որ հաջողվում է ճիշտ ուղղորդել հանրային տրամադրությունները: Հիմա այդպիսին են հանրային տրամադրությունները, դրանց համար բացատրություն կա, բայց մենք խնդիրը շատ լուրջ կտեսնենք, եթե այս տեղեկատվական ագրեսիվ պահվածքին հետեւեն նաեւ այնպիսի քայլեր, որոնք անմիջական վտանգի տակ կդնեն լրատվամիջոցների եւ լրագրողների գործունեությունը: Քանի դեռ մենք դա չենք կարող տեսնել եւ արձանագրել, պիտի ընդամենը փորձենք հնարավորինս  հանգստացնել մարդկանց, բայց ասել, որ դա մարտահրավեր է խոսքի ազատության արտահայտմանը, չէի ասի, քանի որ ի վերջո, ինչպես լրատվամիջոցները կարող են քննադատել տարբեր գործիչների եւ տարբեր շրջանակի  մարդկանց, այնպես էլ հանրության ներկայացուցիչները կարող են վերաբերվել լրատվամիջոցներին եւ լրագրոներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ