26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք է օրենքով արգելել համասեռամոլության քարոզը. Էդուարդ Շարմազանով

Վերջին շրջանում ՀՀ-ում ակտիվ քարոզ է ընթանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից: Վերջիններս պահանջում են իրենց իրավունքները և շահերը պաշտպանող օրենքներ ընդունել: Համասեռամոլության այս քարոզը մտահոգիչ է : Henaran.am-ի թղթակիցը ազգային արժեքների պահպանման, ԼԳԲՏ համայնքի ակտիվացման, սրան հետեւած նոր կառավարության լռության եւ նախկին կառավարողների սխալների մասին զրուցել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պրն. Շարմազանով, մենք ականատեսն ենք մի իրողության, երբ քաղաքական նոր իրավիճակը շատ արագ արձանագրեց «արժեքների հեղափոխություն»: Էլթոն Ջոնի հետ պետական պաշտոնյաների սելֆիները, բարեգործության քողի տակ Էլթոն Ջոնի կողմից այլասերության բացահայտ քարոզը, Շուռնուխի դեպքերը, համասեռամոլների կողմից հարձակումը ոստիկանության վրա, որոշ կազմակերպությունների դիմումը կառավարությանը եւ շրջանառվող տեղեկատվական հոսքերը՝ նույնասեռական անձանց իրավունքների ընդլայնման առնչությամբ, արդյո՞ք սրանք ահազանգ չեն այն մասին, որ պատերազմ է հայտարարվել 1700-ամյա քրիստոնեական եւ ազգային ինքությանը:

-Ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ այս մասին: Ես մի կուսակցության ներկայացուցիչ եմ, որը դավանում է ազգային պահպանողականության արժեքները և մեզ համար քրիստոնեական արժեքների, ազգային ավանդույթների ազգային արժեհամակարգի, ավանդական ընտանիքի պահպանությունը սուրբ գործ է: Վերջին շրջանում բավականին լուրջ քարոզչություն է գնում՝ ընդդեմ ազգային արժեքների, կամ միգուցե հարում՝ ապազգային արժեքների: Մենք տեսնում ենք համասեռամոլության, հոմոսեքսուալիզմի և աղանդավորության հստակ քարոզ: Մենք տեսանք Շուռնուխի դեպքը, ոստիկանին ծեծի ենթարկելը, սերժ թանկյանների արձագանքը և սատարումը համասեռամոլության քարոզին, տեսանք հայ առաքելական  եկեղեցու, Վեհափառի դեմ կատարվող սանձարձակ գործողություններ, որոնք ես խայտառակություն կարող եմ որակել: Կարծում եմ՝ այս ամենը շատ մտահոգիչ է: Ոչ թե խոսել, այլ՝ գործել է պետք, և չի կարելի միայն հայտարարություններով սահմանափակվել:

 -Սոցիալական ցանցերում, հանրային որոշ շրջանակներում մտահոգություն է հնչում, որ վտանգված է ազգային-ավանդական արժեհամակարգը, որը քանդելու քայլերը հստակ են. ռազմահայրենասիրությունը շիզոֆրենիա է հայտարարվում, ամենաբարձր մակարդակով մարիխուաննա է գովազդվում, վտանգված է Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը, հայ ընտանիքի ինստիտուտը: Նոր կառավարողները ոչ միայն լռում են, այլև սատարում են այս իրավիճակին: Միաժամանակ Ձեր իշխանության կառավարման օրոք է ստեղծվել օրենսդրական այն համակարգը, որը բերել է նման իրավիճակի :

-Իհարկե մեր իշխանությունը ունեցել է բազմաթիվ թերություններ: Մենք պետք է ընդունենք, որ կա խնդիր: Երբ կառավարության ծրագիրը քննարկվում էր, ես Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը հարց ուղղեցի՝ ինչպե՞ս են վերաբերվում ռազմահայրենասիրական դաստաիարակության ներդրմանը բուհերում և ինչպե՞ս է նրա կառավարությունը վերաբերվում Եկեղեցու պատմություն առարկայի ուսումնասիրությանը դպրոցներում, բայց ի զարմանս ինձ, Փաշինյանը չլսելու տվեց հարցը և չանդրադարձավ դրան:

Միգուցե պատասխանելը շահեկան չէր իր համար. եթե վերջինս ասեր կողմ եմ, գուցե նրան սատարողները վատ ընդունեին դա և քննադատեին իրեն, եթե ասեր՝ կողմ չեմ, գուցե հասարակությունն ասեր՝ դրա պաշտպանն է: Մեր նպատակը բյուջեն լցնելը չպետք է լինի: Ես միշտ ասել եմ՝ տեսանելի թշնամին՝ Ադրբեջանը և Թուրքիան,  ավելի քիչ վտանգավոր են, քան անտեսանելի թշնամին. այն է ՝ տարիներ շարունակ իրականացվող ապազագային, ապաբարոյական, ապաքրիստոնեկան քարոզը, որը տարբեր քարոզչամեքենաների տեսքով հասունացել է, և այսօր մենք տեսնում ենք, որ մարդիկ այլևս չեն զարմանում համասեռամոլներ տեսնելուց:

 -Օրերս Դուք հանդիպել եք Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության անդամների հետ: Հայտարարվեց, որ Դուք պատրաստ եք համագործակցության: Նախաձեռնությունը միասեռականության քարոզն արգելող օրենքի նախագծի մասին է խոսում: Կոնկրետ մարտավարություն, հստակություն այս հարցում կա՞: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Քրիստոնեական արժեհամակարգի ու ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության նպատակն է օրենքների ընդունման միջոցով ամրապնդել և պաշտպանել մեր ազգային քրիստոնեական և ավանդական արժեքները: Ես աշնանը հանդես եմ գալու նախաձեռնությամբ՝ երեխայի պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, որտեղ հստակ նշված է լինելու երեխայի հոգևոր առողջության դեմ իրականացվող քարոզը: Մենք ՀՀ-ում պետք է օրենքով արգելենք համասեռամոլության քարոզը: Ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանն է նշել, եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ դառնա համասեռամոլների և աղանդավորների քարոզիչ, ես երբեք չեմ կարող նման քարոզ իրականացնել: Ես էլ որպես նրա գործի շարունակող, ևս մեկ անգամ ասում եմ, որ չենք կարող անտարբեր մնալ այն անառողջ և վտանգավոր քարոզի հանդեպ, որը տեղի է ունենում: Իմ այս նախաձեռնությանը կմիանան նաև պատգամավորներ և ոչ միայն ՀՀԿ-ից: Ես ուզում եմ շեշտել, որ որևէ մեկի անձնական կյանքի մեջ չեմ ուզում մտնել, յուրաքանչյուրը ինքն է որոշում իր անձնական կյանքն ինչպես դասավորել, դա իր իրավունքն է, բայց ինձ համար անթույլատրելի է իմ երկրում նման համայնքի ներկայացուցիչների քարոզը: Եվ ես դեմ եմ դրան:

-Մենք տեսնում ենք, որ  այսօր կան մարտահրավերներ, որոնք սպառնալիք են դառնում: Այդ սպառնալքիներից է նաև երեխաներին մատուցվող այն տեղեկատվությունը, որը շեղում է նրանց ընկալումները և ճանաչողությունը: Այդ ամենը մատուցվում է խաղերի ու ներկայացումների ձևով: «Հասմիկ» ճամբարի օրինակը թարմ է: Նաեւ տեսանք, որ ԿԳ նախարարը չի շտապում այս առնչությամբ կարծիք հայտնել: Վերջինս նաեւ հայտնի է իր «կեղծ բարեպաշտությունից» հրաժարվելու մասին թեզով: Ինչպե՞ս եք պատրաստվում կոնսոլիդացնել պատգամավորներին, հաջողության հասնել, երբ Դուք այլեւս իշխանություն չեք: Երբ կառավարական շրջանակներում, այս հարցերի շուրջ մեղմ ասած՝ բարյացակամ մոտեցում չկա:

-ԿԳ նախարարը և իշխանությունները ամեն ինչից խոսում են, բացի կրթությունից և դաստիարակությունից: Նրանք չեն խոսում այն թեմաներից, որտեղ իրենք շահեկան դիրքերում չեն և իրականանցում են ջայլամի քաղաքականություն: Նրանք պետք է կոնկրետ պատասխանեն այս ամենին կողմ են, թե՝ դեմ: Նրանք միշտ բերում են Եվրոպայի օրինակները, բայց փաստ է, որ Հունաստանը լինելով եվրոպական երկիր, նրա սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա նշվել է, որ իրենց պետական կրոնը՝ օրթոդոքս եկեղեցին է:  Երբ ես սահմանադրական բարեփոխումների ժամանակ առաջարկեցի, որ մենք սահմանադրությամբ ամրագրենք, որ մեր պետական կրոնը մեր հայ առաքելական եկեղեցու Սուրբ դավանանքն է, սկսեցին անհարկի աղմուկ բարձրացնել: Ես իմ գործընկերներին շատ լավ ճանաչում եմ և գիտեմ, որ որևէ մեկը չի ցանկանա, որ իր երեխաների շրջանում համասեռամոլության քարոզ լինի: Ես սրա դեմ պայքարում արդեն ունեմ դաշնակիցներ թե՛ հասարակական և թե՛ օրենսդրական դաշտում:

Տպավորությունն այնպիսին է, որ սիրո եւ համերաշխության քողի տակ սանձարձակության Ջինն է շշից դուրս եկել եւ նոր իշխանությունը չի պատրաստվում դրան միջամտել: Այս առնչությամբ հստակ մտահոգություն կա, թե ինչո՞ւ է լռում վարչապետը, ինչո՞ւ է կրավորական կեցվածք ընդունել եկեղեցին: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է այս իրավիճակի հանգուցալուծումը: 

-Այն օրենսդրական նախագիծը, որի մասին արդեն նշեցի, լակմուսի թուղթ է լինելու կառավարության համար: Մենք մինչև այս տարվա վերջ կառավարություն կմտցնենք այս նախագիծը և ով ինչ կարծիք ունենա թող ասի, և ոչ միայն Փաշինյանի թիմը:  Քաղաքական և կուսակցական շահերը ավելի փոքր են, քան արժեհամակարգի և քաղաքակրթական շահերը, քան ազգի ապագան: Ինձ համար երկրորդական է, թե ես որ կուսակցության ներկայացուցիչ եմ.  այստեղ արժեհամակարգի և ապագայի խնդիրն է: Եթե մարդիկ նորմալ են համարում, որ Էլթոն Ջոնը պետք է գա Հայաստան, համբուրվի իր ամուսնու հետ և սելֆի անեն, ինձ համար նորմալ չէ: ԼԳԲՏ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ եղել են Փաշինյանի թիմի անդամները, իսկ Փաշինյանի կողմից ոչ մի արձագանք չկա: 

Ինչո՞ւ են լռում:  ԼԳԲՏ համայնքի ղեկավարը 2 հարցազրույց է տվել, որտեղ հստակ նշել է, որ այս հեղափոխությունը նաև այդ համայնքի հաղթանակն էր, և իրենք կառավարությունից ակնկալում են աջակցություն՝  ԼԳԲՏ համայնքի պաշտպանության գործում: Նրանք ասում են, որ իրենք այս հեղափոխության առաջին օրերից եղել են Նիկոլ Փաշինյանի շարժման առաջին գծում: Ինչո՞ւ  չեն կանգնում ասում, որ այդ համայնքի մարդիկ կատարվածի հետ ոչ մի կապ չունեն:

Մենք Փաշինյանին կոնկրետ հարցնում ենք՝ ո՞րն է Ձեր արժեքային համակարգը, ասում է՝ «Ես -իզմ-երին դեմ եմ», էդպես չի լինում: Դու չես կարող համ հոմոսեքսուալության քարոզին դեմ լինել, համ էլ ազգային արժեքներին կողմ լինել:  Իսկ ով էլ որ կողմ է, դա էլ է ընտրություն, թող ասեն՝ կողմ ենք: Ամբողջ աշխարհում կա դիրքորոշում դեմ կամ կողմ, իսկ լռելը համաձայնության նշան է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ