26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սևանը կանգնած է կործանման առջև. նամակ ՀՀ նախագահին

Բնապահպանները վստահ են՝ Սևանը կանգնած է կործանման վտանգի առջև: Այս մասին այսօր նրանք խոսեցին ասուլիսի ժամանակ: ՛՛Սևանա լճի մասին՛՛ ՀՀ օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը հայտնեց, որ Սևանը կորցնելու վտանգի վերաբերյալ մասնագետները նախապատրաստել են բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահին և կառավարությանը: Ներկայացնում ենք այն՝ ստորև.

Մարտի 17-ին հասարակությունը նամակով դիմեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սեւանա լճի հետ կապված ծրագրերի հարցով: Նամակում ասված է.

«Հարգելի պարոն Նախագահ,

դիմում ենք Ձեզ` որպես Հայաստանում ազգային անվտանգության և Օրենքի գերակայության երաշխավորի:

Դուք 2009թ. քաղաքական կամք  ցուցաբերեցիք, ինչի շնորհիվ արգելվեց ոսկու կորզման գործարանի Արարատից Սոտք  տեղափոխման նախագծի իրագործումը, որը մեծ ռիսկեր էր ներկայացնում Սևանա լճի համար: Այժմ Սևանը կրկին անդառնալի ռիսկերի վտանգի առջև է կանգնած: Ռիսկեր, որոնք կրում են կառավարության միանգամից երկու որոշումները: Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի: Երկրորդը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է:

Երկու ծրագրերն էլ հակասում են «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքին, որը կոչված է պահպանելու Սևանը` որպես Հայաստանի ազգային և ռազմավարական առաջնահերթություն:

«Սևանա լճի մասին»  օրենքի նախաբանում ասված է. «Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է»: Հենց ջրերի և ոչ թե ձկների: Սևանում մաքուր ջրի առկայության և ձկնագողերի դեմ ձեռնարկված միջոցառումների դեպքում իշխանի պոպուլյացիան կվերականգնվի: Բայց եթե լիճը դառնա մեծ ձկնաբուծարան, որտեղ ձուկը աճեցվում է արհեստական կերի հաշվին, ապա մաքուր ջրի պահպանման մասին խոսք անգամ լինել չի կարող:  «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի պիլոտային ծրագիրը, որի արդյունքների հիման վրա առաջարկվում է նոր զանգվածային ծրագիր, ռիսկերի առկայության վերաբերյալ չունի բավարար արդյունքներ: Միևնույն ժամանակ միջազգային գիտական փորձը՝ մասնավորապես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փորձը, ցույց է տալիս, որ ցանցավանդակային ձկնաբուծության զանգվածային ծրագրերը բնական ջրամբարներում  և լճերում կարող են պարունակել անդառնալի ռիսկեր: Ընդ որում, այդ տվյալները ստացվել են սովորական լճերից, որոնք չեն համարվել ռազմավարական առաջնահերթություններ: Եվ ջուրն այդ ջրամբարներում հեռու է Սևանա լճի ջրի բարձր որակից: Անհրաժեշտության դեպքում մենք կներկայացնենք մեծ գիտական գրականություն և Ռուսաստանում պետպատվերով կատարված աշխատություններ:

«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է, որ ձկնապաշարների պահպանմանն ու ավելացմանը կնպաստի միայն բնական ճանապարհը, որը չի վնասի ջրերի որակին, այլ ճիշտ հակառակը: Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է` «Կենտրոնական անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն»:

Եվ սրա հետ մեկտեղ այն առաջարկությունը՝ առաջիկա հինգ տարում Սևանա լճից ջրառը ավելացնել 70 միլիոն խմ-ով, այսինքն, սահմանված 170 միլիոն խմ հասցնել 240 միլիոն խմ-ի, իր մեջ լճի համար մահացու վտանգ է պարունակում: Սեւանա լիճը, որպես խմելու ջրի ռազմավարական պաշար, մենք կկորցնենք: Եվ, ընդհանրապես, լճի մակարդակի բարձրացման գործընթացը կանգնեցնելը, ուղղակի կնպաստի նրա ճահճացման գործընթացին, դրանից հետո անգամ ջրի 6 մետրի բարձրացումը վիճակը չի փրկի, մենք գործ կունենանք Սևանա լճի էկոհամակարգի անդառնալի կորստի հետ:

Ուղղակի անհասկանալի է, թե ինչու ջրի պաշարների պլանավորված և, ըստ էության, ֆիզիկապես գոյություն ունեցող պաշարները չեն լցվում Սևանա լիճ: Խոսքը Կեչուտի ջրամբարում Արփա գետից կուտակվող տարեկան 250 միլիոն խորանարդ մետր ջրի մասին է, ևս տարեկան 165 միլիոն խորանարդ մետր Որոտան գետից եկող ջրերի։ Եթե գումարենք Սևանա լճի ջրահավաք ավազանից լիճ թափվող բնական գետերից կուտակվող 170 միլիոն խմ ջուրը, ապա կստացվի 585 միլիոն խմ ջուր, և եթե անգամ լճից վերցվի տարեկան ոչ թե 170, այլ առաջարկվող 240 միլիոն խմ ջուր, ապա միևնույնն է, լիճ լցվող ջրային պաշարների դրական հաշվեկշիռը կապահովվի: Ինչո՞ւ այս  գործողությունը չի կատարվում, ո՞րն է պատճառը: Իսկ պատճառը մեկն է` 12 տարի օրենքն ընդունելուց հետո, համալիր ծրագիրը ընդունելուց հետո Արփա-Սևան ջրատարի վերանորոգումը չի ավարտվում: 48կմ երկարություն ունեցող յուրահատուկ ջրատարը, որն արժեցել է 1 միլիարդ 250 միլիոն խորհրդային ժամանակների ռուբլի, բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի բարդ պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքներով կառուցվել է 11 տարում, մինչդեռ այդ ջրատարի վերանորոգումը արդեն 12-ից 13 տարի է՝ չի ավարտվում: Չի սկսվում և չի ավարտվում Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որն Արարատյան դաշտին կտա տարեկան լրացուցիչ շուրջ 100 միլիոն խմ ջուր:

Վերջին երեք տարիների ընթացքում պարզ նկատելի է Սևանի մակարդակ պահպանման, այլ ոչ թե բարձրացման միտումը: Բայց դրական հաշվեկշռի բացակայությունը կհանգեցնի լճի ճահճացմանը: Լճի ջրերի որակի վրա ճնշումը բարձր է.

  • կոմունալ կենցաղային կեղտաջրերի անարգել հոսքը դեպի լիճ
  • կենցաղային աղբի մնացորդների ներհոսքը դեպի լիճ
  • ջրածածկ անտառների քայքայումը և սնուցիչ նյութերի տարալուծումն ու տարածումը լճում 
  • լճի ջրերում բարձր է սնուցիչ նյութերի կոնցենտրացիան, որի սպառողը` ձուկը, չկա։

Ընդ որում, խոսքը ձկան մասին է, որը բնակվում է Սևանում, այլ ոչ թե ցանցավանդակներում, քանի որ կերի օգտագործումը բոլորովին այլ է: Պետք է մշակել ձկնապաշարի վերականգման գիտականորեն հիմնավորված ծրագիր, գուցե միջազգային մրցույթ և արագ կյանքի կոչել։

Չկան հստակ գիտականորեն հիմնավորված և մաթմեթոդներով հաշվարկած մոդելներ և սցենարներ։ Ներկայումս առկա բոլոր գնահատականներն ու առաջարկները զուրկ են գիտական հիմքից և հետապնդում են միայն բիզնես շահեր։ Ձկնաբուծության զարգացման առաջարկվող ծրագիրը չունի որևէ գիտական հիմնավորում։ Նույնիսկ իրականացված մոնիտորինգի տվյալները խիստ թերի են և ոչ ամբողջական։ Անհայտ է փորձնական ձկնաբուծարանի տարածքի հատակային նստվածքների վիճակը և փոփոխությունների դինամիկան։

Պարոն Նախագահ, մենք անհրաժեշտ ենք համարում կանգնեցնել այս երկու ծրագրերը` դրսևորելով քաղաքական կամք և խորը հիմնավորված գիտական մոտեցում, միայն այդ դեպքում մենք կպահպանենք  ազգային գանձը և համայն մարդկության համար եզակի քաղցրահամ ջրերի ռազմավարական պաշարները»:

 


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ