27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՀ-ում ստրուկներ չկան, կա հարկադիր աշխատանք, թրաֆիկինգ, երեխաների աշխատանք

«2007 թվականին, երբ ՄԱԿ-ում ստեղծվեց ժամանակակից ստրկության ձևերի հատուկ մանդատը, ՄԱԿ-ը ցանկանում էր ասել, որ ստրկությունը դեռ կա, չի վերացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը:

Նշենք, որ ըստ «Walk Free Foundation»-ի հաշվետվության՝ Հայաստանում կա 16 000 ստրուկ: «Թվում է՝ մենք զարգացել ենք, ապրում ենք ժամանակակից դարում, որ ստրկությունն աբսուրդ է, բայց ստրկությունը կա աշխարհում։ Երբ ես կարդացի, որ Հայաստանում կա 16 000 ստրուկ, մտածեցի՝ հիմա մենք ներդրումների քաղաքականություն ենք վարում, ես էլ ներդրող եմ, նայում եմ՝ այս երկրում 16 000 ստրուկ կա, ես որտե՞ղ գումար ներդնեմ։ Եթե ստրուկ կա, նշանակում է՝ կա կոռուպցիա, չկա օրենք, չկա օրենքի պաշտպանություն, ծրագրեր չկան, կա ծայրահեղ աղքատություն, աշխատանքային վերահսկողության բացակայություն, և այլն։ Մյուս կողմից՝ ես ուրիշ ներդրող եմ, ասում եմ՝ «ինչ լավ է, էժան աշխատուժ է, գնամ ու այդ ստրուկներին շահագործեմ, լավ առիթ է տրված»։  Աբսուրդ է դա։ Ստրկությունը շահագործման ամենաբարձր ֆորման է։ Եթե նման թիվ է հրապարակվում, նշանակում է՝ երկրի նկատմամբ բերվում է մի նոր ձևակերպում, մոտեցում, որն աբսուրդ է»,- նշեց Գ. Շահինյանը։

Նա ընդգծեց, որ այսօր երբեմն ստրկությունը նույնականացնում են շահագործման այլ երևույթների հետ՝ թրաֆիկինգի, հարկադիր աշխատանքի, և այլն։ Նրա խոսքով՝ ըստ կոնվենցիաների՝ ստրկությունն այն է, երբ մարդու նկատմամբ ներդրվում է այնպիսի ուժեր, որ մարդը դիտվում է՝ որպես սեփականություն, որին կարելի է վաճառել, փոխել ու անել նրա հետ տարբեր գործողություններ. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ժամանակակից Հայաստանում նման իրավիճակ կա։ Ես ուսումնասիրելով՝ դա չեմ տեսել։ Աշխարհում դեռ, ցավոք սրտի, դա կա, կան երկրներ, որտեղ ստրկությունը դեռ մնացել է իր մնացորդային ձևերով»։

Գ. Շահինյանը Հայաստանում եղած ստրուկների վերաբերյալ թիվն անհիմն է համարում. «Նրանք չեն եղել Հայաստանում, չունեն մարդիկ, որոնք այստեղ կարող են տեղում ուսումնասիրություն անել ու հավաքել նյութերը։ Իրենք չեն գալիս Հայաստան, չեն ուսումնասիրում իրավիճակն այստեղ, չի քննարկում այդ հավաքված նյութերը, ուղարկում երկրին այդ տվյալները։ Իրենք ինքնուրույն հրապարակել են այդ թվերը, բայց ինչի՞ հիման վրա, ոչ ոքի պարզ չէ։ Շատ աբսուրդ թվեր են, որովհետև Հայաստանում նման վիճակագրություն չկա։ «Ստրուկ» տերմինը երբեք Հայաստանում չի օգտագործվել»։

Հարցին՝ այսօր Հայաստանում իրականում կա՞ն ստրուկներ, Գ. Շահինյանն այսպես պատասխանեց. «ՀՀ-ում ստրուկներ չկան, կա հարկադիր աշխատանք, թրաֆիկինգ, երեխաների աշխատանք, բայց բոլոր այդ երևույթները պահանջում են խոր ուսումնասիրություններ»։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է խոր ուսումնասիրություն անի այս առումով, ու ուղարկի այդ ուսումնասիրության արդյունքներն այն կազմակերպություններին, որոնց հետ աշխատում է «Walk Free Foundation»-ը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ