13 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2019
KFC

Ատոմ Ջանջուղազյանը համաձայն չէր Լիլիթ Մակունցի հետ

35383751_1436739803138685_3183465764506042368_n

«Բյուջեների կատարման կարգը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության հերթական նիստի որոշումը ֆինանսների ու մշակույթների նախարարների անհամաձայնության առիթ դարձավ, երբ Լիլիթ Մակունցն առաջարկեց գոնե 6 ամսով հետաձգել օրենսդրական ակտի ընդունումը: Սակայն 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկեց, որ   կառավարությունը շարժվի  հենց այն ուղղությամբ, որն առաջարկում է  ֆինանսների նախարարը:

«Նշված նախագծի վերաբերյալ, ինչպես նաև  գանձապետարանի հետ առնչվող հարաբերությունների առումով մշակույթի նախարարությանը կից մի քանի ՊՈԱԿ-ների արվել են առաջարկներ, որ հարցը առ ժամանակ՝ գոնե 6 ամսով, հետաձգվի, մինչև որ հարցերը լուծումներ կգտնեն»,-ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նշենք, որ այդ փոփոխություններով՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) ենթահաշիվների, ինչպես նաև գանձապետարանում հաշիվներ ունեցող պետության կամ համայնքների կամ պետության ու համայնքների կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաև այդ հիմնադրամների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց և 50 տոկոսից ավելի պետական կամ համայնքի բաժնեմաս կամ պետական ու համայնքի (հանրագումարով) բաժնեմասեր ունեցող ընկերությունների, ինչպես նաև այդ ընկերությունների կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվների վճարումները պետք է իրականացվեն գանձապետական միասնական հաշվից։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր դիրքորոշումը հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝  նշելով, որ այդ համակողմանի քննարկումը տևել է մոտ 10 տարի և նոր քննարկումները չեն ավելացնելու լրացուցիչ փաստարկներ:

 «Հարցը, մեր կարծիքով, արդեն իսկ բավականին հետաձգված է: Ես չէի ուզում այդ նախապատմությանն անդրադառնալ: 2011 թ-ին Պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրենքն ընդունվել է,  դեռևս 2008-ին օրենքի նախագիծ ներկայացվեց կառավարության կողմից ԱԺ, օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է, որտեղ այս դրույթը 2017 թ-ին դեկտեմբերին կարգավորում է ստացել օրենսդրական դաշտում և առաջին ընթերցումից հետո ուղղակի չի քննարկվել»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Բայց հարցերը, որոնք ներկայացվել են մշակույթի նախարարին, դրանցից տեղյակ է նաև ֆինանսների նախարարը, և, ավելին, ֆիննախն ասում է, որ հենց դրա համար անհրաժեշտ է օր առաջ ընդունել օրենքի փոփոխությունները: Մասնավորապես, հիմնական մտահոգությունն այն է, որ ամեն մի գնման համար անհրաժեշտ  է լինելու  տեղեկացնել գանձապետարան:

Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ բոլոր գնումները  այսպես թե, այնպես  կատարվում են էլեկտրոնային հարթակով, կանոնները դրված են համակարգում:

«Այս հսկողական համակարգն անցնելուց հետո չի կարող լինել մի դեպք, երբ վճարումը սահմանված կարգով չիրականացվի կամ չհասնի սահմանված նպատակին: Այս պայմաններում կանոններով վճարումները չեն կարող լրացուցիչ բյուրոկրատական խնդիրներ առաջացնել»,-նշեց նա:

Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց,թե ինչ է տեղի ունենալու. «Այսօր այս ՊՈԱԿ-ների հաշիվներն առևտրային բանկերում են, և որևէ կանխարգելիչ վերահսկողական մեխանիզմ այդ հաշիվների նկատմամբ չկա: Սա վերաբերում է ոչ միայն մշակութային, այլև մյուս ՊՈԱԿ-ներին: Եվ ֆինանսների նախարարությունը հաստատում է նախահաշիվները, իրենք էլ ներկայացնում են հաշվետվություններ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ , նկատելով, որ խիստ մասնագիտական օրինագիծ է, և պետք է  իսկապես հասկանալ բոլոր նրբությունները,  ֆինանսների նախարարին առաջարկեց ներկայացնել, թե ինչ է փոխվելու մշակութային ՊՈԱԿ-ների համար, այս որոշումից հետո ինչպես են աշխատելու:

«Սակայն այս  փոփոխությունից հետո բացի հաշվի՝ ֆիզիկապես գանձապետարան տեղափոխվելուց, բոլոր նրանց համար, ովքեր այս ընթացքում պահպանել են սահմանված կանոնները, տեղի է ունենում այն, որ իրենք իրենց հաշիվները սրանից հետո սկսում են էլեկտրոնային եղանակով կառավարել և չեն ունենում որևէ տեղաշարժի, շփման անհրաժեշտություն»,-բացատրեց նախարարը:

Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ միջազգային փառատոնների հետ գործակցության ժամանակ, հոնորարների և ելույթավճարների դեպքում տվյալ կազմակերպությունները հրաժարվում են անել գանձապետարանի հաշվին և ցանկանում են դա անել միայն առևտրային բանկերի հաշիվներին:

Ատոմ Ջանջուղյանն էլ առարկեց, որ իր համար տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները հրաժարվում են՝ «իրենց համար ի՞նչ տարբերություն»: Մանավանդ, որ գանձապետարանն էլ, Ջանջուղազյանի խոսքով,  պետության պարտքն է:

1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ միջամտեց՝ ասելով. «Ես, իհարկե, հասկանում եմ ՊՈԱԿ-ների փորձը բոլոր արդարացված կամ չարդարացված, շինծու կամ հիմնավոր հիմնավորումներով պայքարեն այս բանի դեմ, որովհետև այնտեղ որոշակի կարգ խախտելու հնարավորություններ կան, բայց կարծում եմ, որ մենք, որպես կառավարությու,ն պետք է հենց այն ուղղությամբ շարժվենք, ինչը առաջարկում է  պարոն Ֆինանսների նախարարը»:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հիմա ընդունել օրենքը՝ պայմանով, որ հետո մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն:

Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն, նշվում  է նաև, որ  կառավարության 2017-2022 թթ. ծրագրով սահմանվում է, որ պետական ֆինանսները նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է բյուջետային գործընթացում պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման ֆինանսական ցուցանիշների համակարգից անցում կատարել քանակական և որակական արդյունքային ցուցանիշների համակարգին, ինչպես նաև ուժեղացնել ֆինանսական կարգապահությունը։ Հիշյալով պայմանավորված՝ ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը ՊՈԱԿ-ների և հաշիվների համախմբման համար, վերջիններիս հաշիվների վարումը պետք է  կազմակերպվի գանձապետարանի միջոցով, իսկ մինչև 2019 թվականի ավարտը պետական և համայնքների բյուջեների կատարման համար ներկայումս գործող նախնական հսկողության համակարգը կիրառել ՊՈԱԿ-ների հաշիվների նկատմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ