20 Հունիսի, Չորեքշաբթի, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետին. տեղյա՞կ է նա այս ամենին

??????

Նորանշանակ ԿԳ նախարարի կողմից «Այբ»-ի և Արարատյան բակալավրիատի (ԱԲ) մասին կատարված հակասական արտահայտությունները և անհամաչափ հարձակումները դարձել են հասարակության լայն քննարկման առարկա և վերածվել «Այբ» դպրոցի ու «Այբ» հիմնադրամի գործունեության անվճար գովազդի: Ամեն ինչ սկսվեց պետբյուջեից ինչ-ինչ էլիտար դպրոցների և ինչ-որ հոգևորականների կատարված հատկացումներից, աուդիտից, աուդիտը չսկսած` աուդիտի արդյունքները հայտարարելուց, հետո էլ պարզվեց աուդիտ չէ, այլ` ուսումնասիրություն: Հիմա, քանի դեռ աչքներս ջուր կտրած սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, ԿԳ նախարարը շարունակ կրկնում է իր չհիմնավորված և բացարձակ պնդումները նվաստիս և ԱԲ-ի հասցրած վնասների մասին` մեր հասարակությանը պարգևելով հակաքննադատական մտածողության և անհանդուրժողականության վառ օրինակներից մեկը: Իսկ ինչու եմ ես ԱԲ-ով հանդերձ այդքան անհանգստություն պատճառում կրթության նորանշանակ պատասխանատուներին, փորձենք հասկանալ:

ԱԲ-ը «վտանգավոր» կամ «վնասակար» է, որովհետև այն համակարգային լուծում է մի կրթական համակարգի համար, որը չունի համակարգային լուծում: Այն որակ է մի կրթական համակարգի համար, որն անկախության տարիների ընթացքում ի վիճակի չեղավ ստեղծելու որակ խթանող և բարձր մտածողական հմտություններ ձևավորող կրթական ծրագիր: ԱԲ-ը ուժեղ պետություն և մրցունակ քաղաքացի կերտելու համար է մի երկրում, ուր այդպես էլ չձևավորվեցին բարձր որակներ ձևավորելու ազգային տեսլական և դրան հետամուտ պետական ծառայողի մշակույթ: ԱԲ-ը լավագույն կրթության հնարավորություն է բոլորի համար, եթե մենք հավասարությունը հասկանում ենք որպես լավագույնի հավասար հնարավորություն: ԱԲ-ը միջազգայնորեն մրցունակ կրթական ծրագիր է, որը հիմնված է սեփական ինքնության գիտակցման և ազգային արժեքների վրա` ապահովելով գիտելիքի և հմտությունների ձևավորման արժեքային հիմքը: ԱԲ-ի նպատակը ձևավորելն է 21-րդ դարի հայ քաղաքացիներ, որոնք հաղորդ են սեփական ինքնության ակունքներին և պատրաստ են ծառայելու սեփական երկրին: Ահա այսպիսի «վտանգներ» և «վնասներ» է հասցնում ԱԲ-ը մեր կրթական համակարգին:

Անհիմն պնդումների և աղաղակող բացահայտումների խոստման օղակը սեղմվում է, և մեղադրանքների մետամորֆորզներն ավելի ու ավելի զավեշտական են դառնում: Խոստացել էին հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմ, բայց վավերագրական ռեպորտաժ էլ չի ստացվում: Ոչ ավել-ոչ պակաս հայտարարվում է, որ նախագահական բարձունքներից ճնշել են ԿԳ նախարարության վրա, սահմանափակել են նախարարության գործառույթները: Նախարարասիրության ինչպիսի՛ վառ դրսևորում: Ինչպիսի՛ թասիբ և նամուս: Ինչպիսի՛ իշխանական ինքնազմայլանք: Մարդիկ մոռանում են, որ պաշտոնյա նշանակում է ծառայող, այլ ոչ թե իշխան: Մենք ընդամենը աշխատել և ծառայել ենք նրանց փոխարեն` նրանց հրավիրելով ծառայելու, ստեղծել ենք նրանց փոխարեն` հավատալով, որ պետությունը մենք բոլորս ենք և ազգին ծառայելը բոլորիս պարտականությունն է: Հետո մենք ի՞նչն ենք պաշտպանում և ջատագովում: Ճահճացած համակա՞րգը, թե՞ ժողովրդին: Նախ ձեր ճահիճը չորացրեք և ինքներդ ձեզ խեղդվելու վտանգից ազատեք, հետո փորձեք մարդկանց ազատել:

Խնդիրներն անձնավորելը բովանդակային խոսակցությունից խուսափողների վերջին հույսն ու հանգրվանն է: Բավական է ասել` «Ահա՛ չարիքը և մեր բոլոր դժբախտությունների պատճառը. նա՛ է մեղավորը, որ մենք ոչինչ չստեղծեցինք», և գայթակղեցնելու ենք բովանդակությունից անտեղյակ և դատապարտելու պատրաստ մի ստվար զանգված: Նախ` պետության հետ աշխատելը չարիք համարելն արժեզրկում է պետության գաղափարը և անհույս դարձնում պետության խոստումներին վստահելը: «Նախորդներն անխտիր չարիք են» կեղծ թեզը հարց է առաջացնում. իսկ ո՞րն է ձեր ստեղծած բարիքը: Եթե դու ոչինչ չես ստեղծել, դու ըստ էության չունես ստեղծածը գնահատելու կարողություն և չափանիշ: Հայաստանում չկա միջազգայնորեն ճանաչված հայալեզու այլ ծրագիր` բացի ԱԲ-ից: Այսպիսի ծրագրի ստեղծումը տևելու է տարիներ և պահանջելու է հսկայական միջոցներ: Երկրորդ` պետական պաշտոնյան պետք է անաչառ լինի: Անձնավորված անհիմն խոսակցությունը և պետական դիրքի չարաշահումը ականապատ դաշտ են նրա համար:

Մի անգամ Ավետիք Իսահակյանին ասում են. «Վարպե՛տ, այսինչ մեկն անընդհատ չարախոսում է ձեր մասին»: Իսահակյանը պատասխանում է. «Զարմանալի է, ես նրան երբեք լավություն չեմ արել»: Վարպետի հետ ես էլ եմ զարմանում և առավել քան զարմանում, որովհետև ներկայիս ԿԳ նախարարին ոչ միայն լավություն չեմ արել, այլև բարեբախտաբար ծանոթ չեմ անգամ: Քանի որ անձնական թշնամանքի ենթատեքստ փնտրողներին էլ վերջնականապես հիասթափեցրի, մնում է մի բան` մեր բազմիցս առաջարկած երկխոսության հնարավորությունն օգտագործել: Մենախոսությունները եւ միակողմանի հարձակումները փակուղի են:

Հակված չեմ մտածելու, որ ԱԲ-ի շուրջ ստեղծված այս անդուր տեսարանը հաճելի է կառավարության բոլոր անդամներին: Հատկապես խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետին. տեղյա՞կ է նա այս ամենին և կիսո՞ւմ է ԿԳ նախարարի այսօրինակ կեցվածքը: Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները:

Տեր Մեսրոպ քահանա Արամյան

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ