20 Օգոստոսի, Երկուշաբթի, 2018

Մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը. Տեր Մեսրոպ քահանա Արամյան

harc

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կարծում է, որ  աշխարհում այսօր  հոգեւոր ճգնաժամ է ,  շատ արժեքներ հարցականի տակ են դրվում, մարդիկ կորցնում են իրականության զգացողությունը:

«Հաճույքը , հաճոյապաշտությունը, եսապաշտությունը դառնում են առանցքային երեւույթներ: Տեսնում ենք, որ անընդհատ դա է քարոզվում, մարդկային կյանքը դառնում է ոչ ռեալ, արհեստական, ֆեյսբուքյան, մարդիկ կորցնում են իրական զգացողություններն ու ապրումները: Աշխարհում մարդկային արժեքների հետ ավերիչ իրողություններ են կատարվում»,-  Henaran.am -ի հետ զրույցում  անդրադառնալով  աշխարհում մարդասիրության ճգնաժամին, մտահոգություն հայտնեց  «Այբ» կրթական հիմնադրամի  համահիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Նրա խոսքով, մարդասիրությունը մարդկության գոյության  ու քրիստոնեության հիմնարար հասկացություններից է ու առանց մարդասիրության ընդհանրապես  քրիստոնեությունը հնարավոր չէ պատկերացնել.  «Ի վերջո, ամբողջ քրիստոնեական փրկագործությունը կայանում էր նրանում, որ Աստված այնքան սիրեց մարդկանց, որ իր Որդուն զոհաբերեց մարդկանց համար, տեղի ունեցավ տիեզերական զոհաբերություն», -բացատրեց  Տեր Մեսրոպ քահանա Արամյանը : 

Մարդասիրության մասին խոսելիս, Տեր Մեսրոպ քահանա Արամյանն այն տարանջատում է հումանիզմից, որը գաղափար է եւ մարդապաշտությունից, որը մարդկային կյանքի ֆետիշացումն է. «Մենք ոչ թե պետք է ֆետիշացնենք մարդկային կյանքը , այլ մարդուն պետք է սիրենք՝  նրա մեջ տեսնելով Աստծո պատկերը եւ նմանությունը, որովհետեւ, եթե ֆետիշացնում ենք մարդկային կյանքը, նշանակում է այն սահմանափակված է այս երկրավոր իրողություններով, բայց մարդը ըստ հոգեւոր պատկերացումների,  դեպի հավերժ գնացող էակ է, եւ մենք մարդու մեջ այդ անսահմանությունը պիտի տեսնենք: Մարդասիրությունը անհամեմատ ավելի մեծ բան է, քան մարդապաշտությունը: Երբ մենք մարդասիրությամբ ենք զբաղվում, հոգեւոր տեսանկյունից մեր արած գործը ոչ թե ուղղված է դեպի մարդիկ, այլ դա Աստծո սիրո պատասխանն է, որը մարդը կարող հետ տալ»:  

Տեր Մեսրոպ քահանա Արամյանն  ասաց ՝ մարդկությանը երկրորդ շանսը տրվեց Նոյով՝ Արարատյան երկրից եւ դա պատահական չէ, այնպես, ինչպես պատահական չէ, որ այսօր աշխարհին մարդասիրության ուղերձը Հայաստանից է հնչում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով. «Հայերը շատ խորն են ապրել մարդկային կյանքի ողբերգությունը եւ հենց այդ պատճառով էլ հասկանում են, թե որքան կարեւոր է մարդկանց գործը , որոնք կարողանում են ձեռք մեկնել, կարողանում են իրենց կյանքի մեջ հերոսություն եւ սխրագործություն դնել, յուրօրինակ արարքներ են անում, որոնք ուսանելի են ամբողջ մարդկության համար եւ որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի  է  սիրել մարդուն ոչ թե խոսքով, այլ գործով եւ թե ինչեր  կարելի է զոհաբերել հանուն մարդասիրության: Այս առումով Ավրորայի հերոսները գալիս են ապացուցելու մարդկային կյանքի ռեալությունը, իրական մարդուն հասնելը, ոչ թե արհեստական կարեկցանքով, ֆեյսբուքյան ստատուսներով, այլ իրական գործով» :

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ