26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը. Դ. Պետրոսյան

Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձություններին:

Նա մասնավորապես գրել է.

«Երեկ՝ 2018 թ. մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ղեկավարության հետ, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլեւ ավելի մտահոգիչ:

ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը եւս մեկ անգամ ցույց տվեց համալսարանի ներկայիս ոչ ուսանողակենտրոն լինելը: Ուսանողների կողմից սեփական կարծիքը հայտնելու, մասնակցային տարբերակով դրանց լուծման հասնելու փորձերը որակավորվեցին որպես բռնություն եւ զոռբայություն:

ԵՊՀ ղեկավարությունը, փոխանակ ընդառաջ գնալու ուսանողների պահանջներին, փորձեց քաղաքական ենթատեքստ հաղորդել ամբողջ պրոցեսին՝ փորձելով խեղաթյուրել ուսանողական անկախ, ազատ պայքարը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը ցավում է, որ ԵՊՀ ղեկավարությունը փաստարկների բացակայության պատճառով դիմում է անթույլատրելի մեթոդների՝ փորձելով արհամարհել, աղավաղել սեփական ուսանողների նախաձեռնությունը:

Թե՛ երեկ, թե՛ այսօր ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն կամ գործունեություն:

Պետք է փաստենք, որ ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը ուսանողական խնդիրներին եւ անուշադրությունը ուսանողների պահանջների նկատմամբ:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը հայտարարվել է անկախ ուսանողական տարածք, որտեղ այժմ ուսանողների եւ դասախոսների մի մասը կիսվում են իրենց խնդիրներով, մի մասը պատրաստվում է քննություններին, մի մասն էլ լսում է երաժշտություն: Մենք կարծում ենք, որ բուհի կարեւորագույն հատկանիշներից մեկը պիտի լինի ուսանողակենտրոնությունը: Բուհը ուսանողին վերադարձնելու պրոցեսը սկսվել է եւ այն անկասելի է:

Միեւնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանք միմյանց նկատմամբ: Մի կողմ թողնելով ընթացիկ տարաձայնությունները եւ առկա լուրջ գաղափարական հակասությունները՝ ուսանողական անկախ, ազատ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը առողջություն է ցանկանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում»:

Նշենք, որ ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին: Նրանք նշել էր, որ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները բռնություն են իրականացրել ռեկտորի նկատմամբ, ինչի պատճառով նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ