27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շարունակելու ենք արժևորել ավանդական ընտանեկան արժեքներն ու հայ եկեղեցին. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին.

Հարգելի խորհրդարան

Սիրելի ժողովուրդ

Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Այո, կա նոր իրողություն. մենք լինելու ենք կառուցողական ընդդիմություն, արհեստականորեն չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքը, բայց կան  մի շարք ծրագրային կետեր, որոնք նույնիսկ քննարկման և սակարկման ենթական չեն մեզ համար, դրանք են.

  1. Ժողովրդավարության, քաղաքական բազմակարծության և այլակարծության զարգացումը: Ակնհայտ է, որ բոլոր թերություններով հանդերձ, մեր կառավարման շրջանում դրանք զարգացել են, և նոր իշխանություններին չէր խանգարի այլակարծության, բազմակարծության և հանդուրժողոկանության հարցերում ընդօրինակել այդ մոտեցումը: Այլակարծության բացակայությունն ու մերժումը ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա:
  2. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը քննարկման ենթակա չէ: Սա ոչ թե տարածքային հակամարտություն է Ադրբեջանի և Հայաստանի միջև, այլ ինքնորոշման իրավունքի և ազատության պայքար, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես Ադրբեջանի հետ հակամարտության կողմ, այլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր:
  3. Ազգային անվտանգության և բանակաշինության խնդիրները առաջնային են մեզ համար: Իմ խորին համոզմամբ մի կողմից իրական ժողովրդավարական, մյուս կողմից իրական ազգային ավանդական և քրիստոնեական արժեքները ոչ թե հակադրելի են, այլ համադրելի: Մենք շարունակելու ենք աջակցել և արժևորել ավանդական ազգային ընտանեկան արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի մշակույթն ու ազգային ավանդույթները:
  4. Տնտեսության դիվերսիֆիկացում և տնտեսական աճի տեմպերի պահպանում և զարգացում: Հիշեցնեմ, որ մեր կառավարությունը նոր կառավարությանը փոխանցել է առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ ունեցող երկիր: Եվ ակնկալում ենք նոր կառավարությունից ոչ պակաս քան   նման զարգացման տեմպերի ապահովում:
  5. Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի: Արձանագրենք, որ շատ կարճ ժամանակում նորանշանակ վարչապետը փոխեց և սրբագրեց իր նախկին դիրքորոշումը և ընդունեց, որ այդ կառույցներին անդամակցումը ոչ միայն չի սպառնում մեր անվտանգությանը, ինչպես ինքն էր նշում նախկինում, այլ ընդհակառակը:

Եվ վերջապես, մենք որպես ազգային պահպանողական քաղաքական ուժ, որի համար ազգային ու քրիստոնեական արժեքները առանցքային են, շարունակելու ենք գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի`լինելով կառավարության գործընկերը, բայց ոչ երբեք կցորդը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ