19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» խմբակցության նախագիծը թույլ չտվեցին օրակարգ ընդգրկել

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը: «Ես վստահ պնդում եմ, որ այս ԸՕ-ով գնալ ընտրությունների նշանակում է գնալ հերթական այլասերված ընտրությունների»,-խորհրդարանական հերթական նիստի մեկնարկին ասաց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ բացի ՀՀԿ-ից բոլորը կողմ են ռեյտինգային ընտրակարգը հանելուն, ապա հավելեց, որ իրենք կողմ են այդ հարցը քննարկել մյուս քաղաքական ուժերի հետ ևս:

«Որևէ մեկը չի կարող վիճարկել, որ ապրիլի 2-ին եղան ընտրություններ, որի անունը, ցենզուրայից ելնելով, որակավորումներ չեմ տա: Այս ընտրակարգը պիտի վերացվի: Կոչ եմ անում խորհրդարանին տալ հնարավորություն քննարկել այս հարցը, ընդունել ցանկացած ընդունելի, ռացիոնալ որոշում»,-հավելեց նա:

Պետական-իրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին: Նա նկատեց, որ բոլոր երկրներում, որտեղ ընդունված է համամասնական մոդելը, այդ համակարգը տարածված է: «Աշխարհում այսօր նկատվում է տենդենց՝ հօգուտ բաց ցուցակների»:

Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց դեմ քվեարկել:

«Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը դրվեց քվեարկության: Դրանից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ այս ընտրակարգը հակաժողովրդավարական է, ինչը պետք է փոխվի: «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն էլ վարման կարգով խոսելով՝ կոչ արեց կողմ քվեարկել, որպեսզի հարցը գոնե օրակարգ ընդգրկվի:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավելեց, որ մինչև 2022 թվականը կա բավական ժամանակ, բնականաբար, իրենք անդրադառնալու են Ընտրական օրենսգրքին, սակայն հիմա նպատակահարմար չեն գտնում դա անել:

Նախագիծը չընդգրկվեց օրակարգ ձայների 39 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ