26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օտարերկրացու կյանքը Հայաստանի Վանաձոր քաղաքում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության կամավոր Թերեզա Սոուշկովան չեխական pritomnost.cz լրատվամիջոցում հրապարակած հոդվածում իր դիտարկումներն է ներկայացնում Հայաստանի, Վանաձորի ու հայաստանցիների մասին: Նա փորձել է ընդհանրություններ ու տարբերություններ գտնել Հայաստանի ու իր հայրենի Չեխիայի միջև: Կարծես թե տարբերություններն «ավելի շատ են»: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև. Հայաստանը մեծ հակադրությունների երկիր է:

Շատ բաներ չեխին կարող են թվալ անըմբռնելի, սակայն շատ բաներ էլ մոտ են մեզ: Ասում են, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ իմ հայրենիք Չեխիան չես կարող հասկանալ բանականության միջոցով: Այժմ ես ապրում եմ Վանաձորում՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում, որպես Եվրոպական կամավորական ծառայության ծրագրի մասնակից: Ներգրավված եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատանքներին, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավաբանական օգնություն տրամադրելուն: Ես մասնակցում եմ կազմակերպության ծրագրերին և ամսագրերում զեկույցներ, հոդվածներ ու չեխ ընթերցողների համար քաղաքական հոդվածներ գրելուն: Ես բնակվում եմ այստեղ արդեն մեկ ամիս և այս ընթացքում որոշ եզրակացությունների եմ հանգել վանաձորյան կենսակերպի մասին: Վանաձորը դասական իմաստով քաղաք չէ. այն ավելի նման է երկար, բնակեցված փողոցի, որտեղ բոլորը գիտեն բոլորին: Ի դեպ, սա նշանակում է, որ բոլորն արդեն գիտեն մեզ՝ քաղաքի երեք օտարերկրացիներին:

Առաջին շաբաթվա ընթացքում տեղացիները շրջվում էին՝ մեզ նայելու, սակայն որոշ ժամանակ անց նրանք անգամ դադարեցին շուկայում մեզնից  երկու անգամ շատ գումար գանձելը, քանի որ սկսեցին մեզ Վանաձորի գույքացուցակի մաս համարել: Գիտակցածս երևույթներից մեկն այն էր, որ Հայաստանում գործող մի համակարգ կա, որը ես անվանում եմ «հարցնելու մշակույթ»: Այստեղ գրեթե ոչ մի նշան, ցուցանակ, անուն և առավել ևս ժամատախտակ չկա: Պետք է հարցնես որևէ մեկին, թե որտեղ է ավտոբուսի կայարանը (որովհետև եթե անգամ կանգնած ես դրա առջև, չես գիտակցում դա): Նաև պետք է հարցնես, թե որ «մարշրուտկան» (շատ հին միկրոավտոբուս, որում անընդհատ այն զգացողությունն ունես, թե փոխադրամիջոցը յուրաքանչյուր պահի կարող է կտոր-կտոր լինել, սակայն այն ինչ-որ կերպ ավելի հուսալի է թվում կովկասյան՝ ամերիկյան ատրակցիոն բլուրների նմանվող այս ճանապարհներին, քան նոր, փայլուն Մերսեդեսը, քանի որ այն երկար տարիներ անցել է այս ճանապարհները՝ դրանով իսկ արդարացնելով իրեն) ուր է գնում: Առանց հարց ուղղելու դժվար է գիտակցել, թե արդյոք այն հանրային տրասպորտի միջոց է, թե անձնական օգտագործման միկրոավտոբուս: Մեկ այլ հարց է, թե որտեղ կարելի է տոմս գնել, և երբ է այն սկսում և ավարտում երթը: Ավելին, պետք է նաև խնդրել վարորդին կանգ առնել քեզ անհրաժեշտ կանգառում կամ հուշել, թե երբ պետք է իջնես: Միշտ հարցեր տալու այս անհրաժեշտությունը եվրոպացուն, ով սովոր է հույսը դնել ինքն իր կամ Գուգլի վրա, թվում է անիրազեկություն: Մյուս կողմից, հարցնելու անհրաժեշտությունը բերում է մարդկանց հետ շփման, ում ընդհանրապես չեն անհանգստացնում քո հարցերը: Հակառակը, եթե փորձում ես որևէ խնդիր ինքդ լուծել, նրանք զարմանում են, թե ինչու չես փոխարենը պարզապես հարցնում, հատկապես եթե սահուն տիրապետում ես տեղական լինգվա ֆրանկային՝ ռուսերենին:

Այնուամենայնիվ, ամենահաճելի զրույցը կարող է սկսվել մեկ հարցից: Այս զրույցից կարող ես պարզել, թե որ տեսարժան վայրերը միանշանակ չի կարելի բաց թողնել (այնուամենայնիվ, պետք է որևէ մեկին հարցնես. հակառակ դեպքում երբեք չես կարողանա իմանալ դրանց մասին այլ ռեսուրսներից): Հնարավոր է նաև խորհուրդներ ստանաս տեղական ուտեստների կամ ռեստորանների մասին (որոնք չես կարող գտնել առանց հարցի և ստիպված ես փնտրել ամենաքիչը երեք այլ հարցերի օգնությամբ): Զրուցակիցներդ կարող են տեղում տրանսպորտային միջոց տրամադրել քեզ: Հայերը շատ բարի են և պատրաստակամ օգնելու, հատկապես օտարերկրացիների հանդեպ: Նրանք սիրում են իրենց երկիրը և հպարտ են դրանով (այստեղ ամենատարածված նախադասությունը, որ կարող ես լսել, հետևյալն է՝ «Հայաստանում է ամենալավ…»:

Կարելի է նախադասությունը լրացնել ցանկացած բառով, որ ծագում է մտքում) և ցանկանում են այդ գաղափարը փոխանցել իրենց երկրի այցելուներին: Այդ պատճառով նրանք ջանք չեն խնայում հնարավորինս ցույց տալու իրենց հյուրընկալությունը, քանի որ իրենց երկրում հյուր ես: Կցանկանայի եզրափակել հոդվածն իմ այստեղի առօրյա կյանքից մի փոքրիկ պատմությամբ. Ժամացույցիս մարտկոցը փոխարինելու կարիք կար: Չեխիայում այս ծառայությունը տևում է 10 րոպե, և դրա համար գանձվում է 2200 դրամ: Դժվար է հավատալ, թե դա ինչ մեծ խնդիր կարող է լինել Վանաձորում: Նախ ես ստիպված էի փողոցում հարցնել, թե որտեղ է ժամացույցների նորոգման խանութը: Այնուհետ ստիպված էի այլ հարցեր տալ այնտեղ հասնելու համար և մեկ այլ հարց՝ համոզվելու, որ կեղտոտ, ոչ թափանցիկ ու առանց որևէ նշանի կամ ցուցանակի պատուհանով շինությունն իսկապես խանութն էր:

Ներսում մի խումբ մարդիկ կային, ովքեր ակնհայտորեն եկել էին՝ տարադրամ փոխանակողի հետ զրուցելու  (քանի որ ժամացույցների նորոգման խանութը տարադրամի փոխանակման կետի հետ կիսում էր ոչ միայն սենյակը, այլև վաճառասեղանը): Հետևաբար, ես պետք է հարցնեի, թե ով ով է: Ժամացույցներ նորոգողը, ով բացակայում էր, վերադարձավ ծխախոտային ընդմիջումից 10 րոպե անց և խանութում գտնվող բոլոր մարդկանց ձեռքը սեղմելուց և նրանց կանանց, մայրերի ու շների… առողջական վիճակի մասին հարցնելուց հետո ասաց ինձ, որ մարտկոց չունի (ինչու՞ պետք է ունենար, եթե նա ժամացույցներ է նորոգում, այնպես չէ՞): Այնուամենայնիվ, նա ինձ ժամացույցների նորոգման մեկ այլ խանութ խորհուրդ տվեց, որը հեռու չէր. ընդամենը 5 րոպեում կարելի էր քայելով հասնել: Լինում է, չի լինում յոթ հարց, և ես յոթ անգամ կորցրել էի ճանապարհս և ինձ արդեն զգում էի որպես քաղաքի մեծագույն հիմարը (ինչը հավանաբար հենց այդպես էր), երբ հանկարծ տեսա առանց ցուցանակի մի խուց:

Շատ փոքր և փոշոտ սենյակում, որ կարծես մոտ էր փլուզվելուն, մարդ էր նստած եռոտանի աթոռին՝ ձեռքին ժամացույց: Հարցրեցի, թե արդյոք կփոխեր մարտկոցը, և նա համաձայնեց: Ինձ մեծագույն երջանկություն համակեց: Կովկասցի ծեր տղամարդը հարցրեց ինձ, թե որ մարտկոցն եմ նախընտրում՝ 100 դրամ արժողությամբ, թե 200 դրամ արժողությամբ մարտկոցը: Չեխի համար սա այսպիսի աշխատանքի դիմաց չափազանց քիչ է, սակայն որպես օտարերկրացի չես ցանկանա ոչ ժլատի, ոչ էլ շռայլի տպավորություն թողնել:

Ես խորամանկաբար փորձեցի ժամանակ շահել՝ հարցնելով, թե որն է երկու մարտկոցների տարբերությունը: Եթե տարբերություն չլիներ, նա ընդհանրապես չէր հարցնի՝ որն եմ նախընտրում: Մինչ այդ նա արդեն սկսել էր նորոգել ժամացույցը, երբ հարցրեց ինձ (ուշագրավ է, որ սա առաջին անգամն էր, որ ես չէի հարց ուղղողը), թե արդյոք էժան մարտկոցը հարմար կլինի: Ես լուռ գլխով արեցի՝ որպես համաձայնության նշան: Նա նայեց ինձ իր թավ ունքերի տակից և ասաց. «Բայց դու Ռուսաստանից չես»: Կրկին երջանկությունը համակեց ինձ: Իմ ժամանելուց ի վեր առաջին անգամն էր, որ ինձ ռուս չէին համարում: Մենք տասը րոպե տևողությամբ հաճելի զրույց ունեցանք Հայաստանի մասին, այն մասին, թե, ի սեր Աստծո, ինչ եմ անում այստեղ՝ Վանաձորում և ինչու չեմ ամուսնացած այս տարիքում: Սրանք հարցեր են, որ ինձ հետևում են ամբողջ պրակտիկայիս ընթացքում: Տղամարդը փոխարինեց մարտկոցն ու անգամ չէր ցանկանում ծառայության համար գումար գանձել, քանի որ ես հյուր եմ իր երկրում, և հյուրերն արժանի են լավագույնին: Ահա այսպիսին է այս գեղեցիկ երկիրը:

Թերեզա Սոուշկովա ԵԿԾ կամավոր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում

Թարգմանությունը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ