27 Ապրիլի, Ուրբաթ, 2018
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Սերժ Սարգսյանը ուշագրավ խաղաքարտ բացահայտեց. Ժամանակ

BABB3557-2258-4B68-9F4F-52811EE457EF_cx0_cy10_cw0_w1023_r1_s

Ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ այցելելով ԱԱԾ, Սերժ Սարգսյանն իր շնորհավորական ելույթում բավականին ծավալուն անդրադարձ է կատարել ահաբեկչության դեմ պայքարին: Հետաքրքիրը, սակայն, գուցե ոչ այնքան ծավալուն անդրադարձն է, որքան, կարծես թե, աննախադեպ բաց անդրադարձը, որում Սերժ Սարգսյանը կոչ է անում բազմապատկել զգոնությունը Հայաստանը հնարավոր ահաբեկչական գործողություններից զերծ պահելու համար: Սերժ Սարգսյանը բավականին բաց, աննախադեպ բաց տեքստով խոսում է հնարավոր ահաբեկչության ռիսկերի աճի և այն կանխարգելելու համար քայլերի աշխուժացման մասին:

Անկասկած, ժամանակակից աշխարհում որևէ արտառոց բան չկա, երբ պետության ղեկավարը, այն էլ մի պետության, որը գտնվում է չափազանց բարդ տարածաշրջանում և առնչվում կարևոր միջազգային խնդիրների, խոսում է ահաբեկչության ռիսկերի և դրանց հակազդելու կարողունակության մասին: Սերժ Սարգսյանն ինքն էլ ամենևին առաջին անգամ չէ, որ խոսում է այդ թեմայով: Սակայն աննախադեպ հստակ են շեշտադրումները, բնորոշումները, ռիսկային աղբյուրների մատնանշումը:

Հենց այդ հանգամանքը ստիպում է առավել ուշադրություն դարձնել Սարգսյանի ելույթի վրա, նկատի ունենալով նաև, որ ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը թարմացնելու և արդիականացնելու անհրաժեշտության հարցը Սարգսյանը ներառել էր օրեր առաջ Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

Այդ նիստն էլ տեղի ունեցավ մեկ օր անց մի հայտարարությունից, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին տարածել էր ԱԱԾ-ն: Խոսքը ԱՄՆ հայազգի քաղաքացի Ռ.Ք-ի ահաբեկչական մտադրությունների բացահայտման և նրա թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում գտնվող հայազգի հանցակիցներին փնտրելու վերաբերյալ ԱԱԾ հայտարարության մասին է: Այդ տեղեկությանը Սերժ Սարգսյանը հատուկ չի անդրադարձել, բայց մեկ օր անց հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, իսկ դրանից հետո էլ տեղի է ունենում միջոցառումը ԱԱԾ աշխատողի օրվա առիթով, ու այդ առիթով Սերժ Սարգսյանի բավականին բաց ելույթը ահաբեկչության ռիսկերի մասին: Հազիվ թե դա լիներ զուտ արձագանք Ռ.Ք-ի, այսպես ասած, բացահայտման:

Ըստ ամենայնի, խնդիրն այստեղ բավականին լայն է և գուցե ԱԱԾ հայտարարությունը բացահայտման մասին, այսպես ասած մեկնակետն է ավելի լայն գործընթացի, որ նախաձեռնում է իշխանությունը: Որքանո՞վ է այդ գործընթացում էական Հայաստանում իրական ահաբեկչության ռիսկի հավանականության աճի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, և որքանով է խնդիրը իշխանության կամ Սերժ Սարգսյանի քաղտեխնոլոգիայի մաս, որով նա կարող է լուծել իր քաղաքական պլաններին առնչվող հարցեր թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ ուժային այն կենտրոնների հետ, որոնց կարծիքը կամ հավանությունը Սերժ Սարգսյանի համար, անկասկած, շատ կարևոր է քաղաքական պլանների իրականացման մասին վերջնական որոշումների հարցում: Սպասո՞ւմ է իշխանությունն իրական նոր ռիսկեր, կամ եղած ռիսկերի առավել առարկայացում և աճ, թե՞ պարզապես փորձում խաղալ այդ հանգամանքի վրա:

Ի վերջո, այդ առումով թե՛ Հայաստանի իշխանության, և թե՛ իհարկե որևէ իշխանության մասով բացարձակապես զարմանալի չէ անվտանգության խնդիրների խաղարկումը հանրային տրամադրություններն ու քաղաքական օպոնենտներին կառավարելու հարցում: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր չէ ասել, որ Հայաստանի համար, այն էլ միջազգային ահաբեկչության գերխնդրի պարագայում, անվտանգության խնդիրները և ռիսկերը մտացածին են: Չափազանց դժվար է շոշափել, թե որտեղ է այդ ռիսկի իրական սահմանը և որտեղ է արդեն խաղարկվող, չափազանցվող, այսպես ասած՝ քաղտեխնոլոգիական սահմանը: Միևնույն ժամանակ, իրական վտանգների մասով հարց է նաև, թե իշխանությունը որտեղ է տեսնում դրանց աղբյուրը՝ Հայաստանի ներսում, հանրային շերտերում և բջիջներում, այսպես ասած՝ ներքին սոցիալ-հոգեբանական դժգոհություններով պայմանավորված, թե՞ արտաքին ասպարեզում:

Միևնույն ժամանակ հարց է իհարկե, թե արդյո՞ք կա ռիսկ, որ արտաքին շարժառիթները կարող են փորձ անել զուտ գործիքի մասով օգտագործել ներքին սոցիալ-հոգեբանական դժգոհությունը: Դրան զուգահեռ կա ևս մեկ հարց՝ արտաքին ասպարեզում ռիսկերի աղբյուր իշխանությունը դիտարկում է այսպես ասած ոչ հայկական շրջանակներում առկա ռիսկեր, թե՞ Սփյուռքի շերտերում առկա վտանգներ: Սրանք հարցեր են, որոնք սակայն թերևս հռետորական են, քանի որ դրանց կոնկրետ պատասխանները, անկասկած, չեն լինի հանրային մատուցման ենթակա: Բոլոր դեպքերում արձանագրման ենթակա է այն, որ իշխանությունը բաց մակարդակով օրակարգում դնում է ահաբեկչության աճող ռիսկի և դրա կանխարգելման հարցը:

Այստեղ, անշուշտ, հանրությունից պահանջվում է աչալրջություն, բայց ոչ միայն զուտ մանիպուլյացիայի չենթարկվելու համար: Իհարկե կա մանիպուլյացիայի ռիսկ, անկախ իշխանության լեգիտիմությունից: Սակայն խնդիրը տվյալ դեպքում ունի ակնհայտորեն երկու կողմ, և մի դեպքում հասարակության աչալրջությունը պետք է մանիպուլյացիա թույլ չտալու համար, իսկ մյուս դեպքում՝ այդ աչալրջությունը պետք է իրական վտանգների դեպքում, անկասկած, կամա թե ակամա, դրանց գեներացմանը չնպաստելու, միաժամանակ չեզոքացման հարցում անհրաժեշտության դեպքում օժանդակելու և այդպիսով պետական անվտանգության ապահովմանը քաղաքացու լուման ունենալու համար:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ