27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահա այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը. Ժամանակ

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանի պարագայում փաստացի ստացվում է, ընդ որում՝ պաշտոնական կամ գոնե կիսապաշտոնական մակարդակում, որ դեկտեմբերի 9-ը ազգային անվտանգության սպառնալիքի օրն է, քանի որ մոտ մեկ շաբաթ առաջ այցելելով Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարգսյանը կոռուպցիան հայտարարեց ազգային անվտանգության սպառնալիք: Վիճել դրա հետ, մեղմ ասած, թե՛ անիմաստ է, թե՛ անհնար: Մյուս կողմից, սակայն, դժվար է վիճել նաև այն իրողության հետ, որ կոռուպցիայի դեմ Հայաստանի իշխանության պայքարը, եթե այն իրապես կա, մեղմ ասած՝ չի համապատասխանում ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարի ռեժիմին և տրամաբանությանը:

Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ, որ բանտերը պետք է լցված լինեին կոռուպցիոներներով, թեև եթե կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է, ապա հարց է առաջանում, թե ինչու դա այդպես չէ: Խնդիրն այն է, որ եթե նախագահի մակարդակով դա հայտարարվում է ազգային անվտանգության սպառնալիք, ուրեմն երևույթի ծավալները, մեղմ ասած, ահռելի են: Իսկ եթե երևույթի ծավալները ահռելի են, ապա դրա դեմ պայքարը համարժեք գնահատելու չափանիշներից մեկն էլ պետք է լինեն հենց հարուցված քրեական գործերը:

Բայց ոչ այն գործերը, որոնք վերաբերում են միջին և ցածր օղակներին: Բանն այն է, որ ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանը ենթադրում է, որ կոռուպցիան, մեղմ ասած, բավական բարձր օղակներում է: Սակայն կրկնենք՝ խնդիրը ամենևին բանտերը կոռուպցիոներներով լցնելն էլ չէ, այլ կյանքի որակի փոփոխությունը:

Եթե կա կոռուպցիայի դեմ պայքար, այնպիսի պայքար, որը համարժեք է ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարին, ուրեմն այդ պայքարը պետք է բերի կյանքի որակի էական փոփոխության: Որովհետև կոռուպցիան կա՛մ պետք է լինի բանտում, կա՛մ պետք է «թաքնվի» հետապնդումից, այսպես ասած՝ հասարակական շահի թիկունքում, այսինքն՝ սկսի ծառայել հասարակությանը, գոնե առժամանակ, այսպես ասած՝ հետքերը կորցնելու, թաքցնելու համար:

Մենք չենք տեսնում կոռուպցիայի շոշափելի «ներկայություն» բանտում՝ ազգային անվտանգության սպառնալիքի դեմ պայքարին համարժեք, և չենք տեսնում, որ կոռուպցիան «թաքնվում» է հանրային շահի հետևում, այսինքն՝ հետքերը կորցնելու կամ թաքցնելու համար սկսում է ծառայել հասարակությանը: Որովհետև դարձյալ համարժեք ծավալի դեպքում կյանքի որակի փոփոխությունը պետք է լիներ շոշափելի, զգալի, որն ուղղակի անհնար պետք է լիներ չնկատելը:

Այսպիսով, կա՛մ Սերժ Սարգսյանն է չափազանցրել կոռուպցիայի աստիճանը, թեև այստեղ դա, իհարկե, ոչ միայն Սարգսյանի գնահատականն է, այլ նրանից նույնիսկ տարիներ առաջ հանրությունն է այդպես գնահատել այդ երևույթը, կա՛մ իրականությանը մոտ է այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ չեն պայքարում այնպես, ինչպես ազգային անվտանգության սպառնալիքի դեմ: Մյուս կողմից, սակայն, խոսել այդ մասին՝ նշանակում է ոչինչ չասել:

Որովհետև ոչ միայն հասկանալի է, որ չկա համարժեք պայքար, այլ հասկանալի է նաև, թե ինչու չկա այդ պայքարը: Որովհետև կոռուպցիան Հայաստանում պարզապես երևույթ չէ, այլ առանցք, որի վրա կառուցված է իշխանական ամբողջ համակարգը՝ իշխանության ձևավորումից սկսած: Եվ այստեղ պարզ թվացող տրամաբանությունը հանգում է փակուղու: Մի կողմից ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անխուսափելի պետք է ենթադրի իշխանափոխություն, և ուրեմն կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում չի կարող լինել, կարող է լինել պայքար իշխանափոխության համար, իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայաստանում այդ պայքարը կամ այդ կարգախոսներով պայքարը վաղուց մտել է փակուղի:

Եվ ուրեմն՝ ինչ անել այդ փակուղուց դուրս գալու համար: Ընդ որում՝ ակնհայտ է, որ իշխանությունն այդ առումով ունի հարցերի ավելի շատ պատասխաններ, քան հանրությունը: Իշխանությունը պատասխանը գտել է կոռուպցիայի աստիճանական լեգիտիմացման տարբերակում, երբ ընդունվում են օրենքներ, որոնք գիծ են քաշում անցյալի ու ներկայի միջև, այդպիսով, այսպես ասած, օրինականացնելով կոռուպցիոն միջոցներով ձևավորվող ապագան: Եվ այստեղ, իհարկե, առկա է մյուս խնդիրը, որն առայժմ այդքան էլ տեսանելի չէ, սակայն տեսանելի ապագայում զգացնել է տալու իրեն:

Բանն այն է, որ քաշված գծից հետո իշխանությունը կամ իշխող համակարգը ստանալու է հանրության նկատմամբ, այսպես ասած, օրինական առավելություն, այսինքն՝ կոռուպցիայով կուտակված, բայց օրինականացված մրցակցային առավելություն, երբ հանրությունը պետության իշխանություն լինելու դե ֆակտո շանսից կզրկվի արդեն դե յուրե ամրագրումներով: Եվ այս խնդիրը հայկական հանրության և պետականության համար համակարգային իմաստով շատ ավելի խորը և հիմնարար խնդիր է՝ առավել բարդ հետևանքներով, քան ներկայումս կոռուպցիայի դեմ պարզ պայքարի խնդիրը: Եվ ազգային անվտանգության սպառնալիքն ավելի շատ հենց այստեղ է, որտեղից գուցե նույնիսկ շեղում են այն՝ բերելով ավելի պարզ տիրույթ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ