26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ստորին շնչական ուղիների քրոնիկ հիվանդությունների 21 500 դեպք եւ 1121 մահ է գրանցվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնության կողմից նոյեմբերի 3-րդ շաբաթվա չորեքշաբթին սահմանվել է որպես Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր:

     Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) զարկերակային հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարային դիաբետի և ուռուցքային հիվանդությունների հետ դասվում են հանրային առողջապահական գերխնդիր համարվող ոչ վարակիչ հիվանդությունների խմբին:

ԱՀԿ տվյալների համաձայն` 2004 թվականին ողջ աշխարհում  գրանցվել է  ԹՔՕՀ-ի  64 մլն դեպք, 2015-ին` 174 մլն: Յուրաքանչյուր տարի  ԹՔՕՀ –ի պատճառով մահանում է ավելի քան 2.8 միլիոն մարդ, որը կազմում է տվյալ տարվա ընթացքում գրանցված մահերի  4.8%-ը:  ԹՔՕՀ-ը մահացության կառուցվածքում 3-րդ տեղն է զբաղեցնում` սրտային և ուռուցքային հիվանդություններից հետո, իսկ հաշմանդամության առաջացման պատճառներից 4-րդն է: Ըստ փորձագետների կանխատեսման` զարգացող երկրներում ծխող մարդկանց թվի ավելացման և օդի աղտոտվածության բարձրացման հետևանքով կգրանցվի մահացության ցուցանիշի բարձրացում:

    Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին գրանցվել է ստորին շնչական ուղիների քրոնիկ հիվանդություններով 17000 դեպք և 2016-ին` 21.500, ընդ որում աճ է գրանցվել 0-14 (2.7 անգամ) և 15-17 (1.7 անգամ) տարիքային խմբերում: Գրանցվել է նաև մահացության աճ` 2012 թվականին գրանցվել է 988 մահվան դեպք, իսկ 2016-ին` 1121:

     Հիվանդության գլխավոր ռիսկի գործոնը ծխելն է (ԹՔՕՀ-ից մահացության 10 դեպքից 8-ի պատճառը ծխախոտի օգտագործումն է): Բնակարանների ջեռուցման կամ սննդի պատրաստման նպատակով ներտնային վառարանների օգտագործումը` առանց համապատասխան օդափոխման, հաճակ բերում է տան օդի աղտոտման և նպաստում ԹՔՕՀ-ի ձևավորմանը:

     ԹՔՕՀ հավաքական հասկացություն է, որը միավորում է շնչական համակարգի մի շարք քրոնիկ հիվանդություններ` քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտ, թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ, թոքային հիպերտենզիա և քրոնիկ թոքային սիրտ: Թվարկված հիվանդությունների մեկ խմբում միավորելու համար հիմք է հանդիսացել աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիան: Այն դրսևորվում է շնչարգելությամբ,  քրոնիկ հազով և քրոնիկ  խորխարտադրությամբ:

     ՀՀ կառավարությունն առողջապահության ոլորտի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակներում իրականացնում է ԹՔՕՀ դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, որի նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը ԹՔՕՀ  ռիսկի գործոնների և ախտանիշների վերաբերյալ` հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց մոտ, վերահսկել ԹՔՕՀ տարածվածությունը, պացիենտների խնամքն ու բուժումը, աջակցել ԹՔՕՀ բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը:

     

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ