27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Տարկետման հանգամանքը գիտության զարգացմանը ոչնչով չի կարող օգնել»

«Ես կողմ եմ  համընդհանուր ծառայությանը և կողմ եմ տարկետման իրավունքը վերացնող օրինագծին, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար մի շարք ֆունդամենտալ խնդիրներ պետք է լուծվեն, մինչև բանը հասնի տարկետման իրավունքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով տարկետման իրավունքի փաստացի վերացմանը, որը նախաատեսվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով , ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Առաջինը այդքան ինստիտուտներ որ փակվեցին, լաբորատորիաներ փակվեցին, այդ ժամանակ ոչ ոք ձայն չհանեց: Կրթության և գիտության ֆինանսավորումը իջեցրին, ոչ մեկը չբողոքեց: Երկրում ըստ էության ուղեղների արտահոսք է տեղի  ունենում ու բոլորը լռում են: Կարծում եմ, որ տարկետման հանգամանքը բացառապես գիտության զարգացմանը ոչնչով չի կարող օգնել: Գիտությունը կարող է զարգանալ և բոլորովին կապ չունի՝ գնացել ծառայել ես ու հետո ես գիտությամբ զբաղվում, թե ի սկզբանե»,-ընդգծում է Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նկատում է, որ համակարգը այնպիսին պետք է լինի, որ քաղաքացին ինքը ցանկանա առանց որևէ խոչընդոտի ծառայել:

Նրա խոսքով՝ հնարավոր է լինեն մի քանիսը, որ հանճարեղ գիտնականներ դառնան, բայց լինում է, որ չեն ծառայում, պատճառաբանելով, թե գիտությամբ են զբաղվում.« Հետո պտտվում և զբաղվում են քաղաքականությամբ: Իսկական գիտնականը զբաղվում է գիտությամբ և որևէ անգամ չի մտնի քաղաքականության մեջ:Գիտնականը կառավարման հըամակարգում երբեք պաշտոններ չի զբաղեցնի: Բայց մենք ունենք օրինակներ, երբ թեկնածուական են պաշտպանում, բանակ չեն գնում, բայց մտնում են քաղաքականության մեջ»,-ընդգծում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ սոցիալապես անապահով երեխաները առանց այդ էլ չեն օգտվում տարկետումից, քանի որ նրանք հիմնականում սովորում են վճարովի համակարգում:

«Խորհրդարանում գտնվող ընդդիմությունը մեղադրում է նախարարին, որ նա չի ծառայել : Նախարարը ընդդիմությանն է մեղադրում: Մի պահ բոլորը ցանկացան  նման մեղադրանք բարդել «Ժառանգության»  վրա, բայց պարզվեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում բոլորը ծառայած են»,-մանրամասնեց քաղաքական գործիչը:

Արմեն Մարտիրոսյանը փաստում է, որ ինքը սկզբունքորեն է կողմ օրինագծին, քանի որ նման տեսակետներ է հայտնել ԱԺ պատգամավոր եղած ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ