27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամեն մեկին չի կարելի եթեր, բեմ, հարթակ տրամադրել․ Գագիկ Սարգսյան

Մի առիթով հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանը, խոսելով հայ երգի մասին, ասել է․«Երգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա՛ թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և՛ աշխատասիրություն, և՛ անձնազոհություն, և՛ նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին»։

Շարունակելով ուսուցչի գործը՝ այսօր «Զարթոնք» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Սարգսյանը ջանում է իր աշխատանքով ավանդական ազգային երգ-երաժշտությունը անաղարտ ու մաքուր փոխանցել իր սաներին և ներկայացնել հանրությանը։

Henaran.am-ի հետ զրույցում Գագիկ Սարգսյանն ասաց՝ հպարտ է, որ այսօր շարունակում է Հայրիկ Մուրադյանի ազգանվեր գործը՝ հավատարիմ մնալով նրա պատգամին։
Ըստ Գագիկ Սարգսյանի՝ այսօր երգարվեստի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին հարկ է բարձրաձայնել, ապա հարթել դրանք։

«Աշխատելով այս ոլորտում՝ բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների ենք հանդիպում, որոնց մասին անհրաժեշտ է խոսել, բարձրաձայնել, ինչը, հուսամ, կհանգեցնի դրական արդյունքի: Առաջինը երգի ու երգիչների հարցն է: Ինչո՞ւ երգի ու երգիչների… որովհետև երգը մարդու հոգու վրա ազդելու ամենաարդյունավետ միջոցն է՝ երգով կարելի է փոխանցել և՛ դրական լիցքեր, և՛ բացասական: Երգով կարելի մարդուն, հասարակությանը տրամադրել արարելու, ստեղծագործելու, աշխատելու և, հակառակը: Մեր պարագայում՝ երգը պետք է նաև տրամադրի ոչ թե արտագաղթելու, այլ՝ ներգաղթելու: Այսօր եթերում հնչող երգ-երաժշտությունը (ռադիոյով, հեռուստատեսությամբ, տրանսպորտում, օրվա տարբեր ժամերին, կարելի է լսել, զզվանք առաջացնող ոռնոց ու մլավոց հիշեցնող, այսպես կոչված երաժշտական հնչյուններ), ցավոք, հոգին դատարկող, աղքատացնող և, առանց չափազանցության, առողջության համար վտանգավոր են դարձել:

Ցավալի է, բայց պետք է ասել՝ մենք չենք ունեցել երգի շկոլա: Ունեցել ենք Մեծ անհատ կատարողներ՝ Կոմիտաս, Արմենակ Շահմուրադյան, Շարա Տալյան, Օֆելյա Համբարձումյան և այլոք, բայց, իմ համոզմամբ, կանոնակարգված, երգի ավանդույթներով առաջնորդվող դպրոց չենք ունեցել և չունենք: Երգը, ամբողջ աշխարհում, ունի մեկ կանոն:

Մենք, միայն Աստծուն հայտնի պատճառներով, շեղվել ենք այդ կանոնից: Օրինակները շատ են՝ մեկը ուրախ երգ է երգում լաց լինելով, մյուսը հարսի մասին երգ՝ դաժան հնչերանգներով: Եթե մեկը տեսահոլովակ է նկարում, ինչ որ երգ է ձայնագրում կամ գրում, միակ ու գերագույն նպատակը, հարսանիքներում հնչեցնելն է ու՝ շահը, ոչ թե մշակութային արժեք ստեղծելը, սերունդ դաստիարակելը… և դրանք, ցավոք սրտի, գիշեր-ցերեկ գովազդվում են ու պահանջված են: Էլ չենք խոսում աղճատված ձայնավորներով ու շեշտված բաղաձայններով «համեմված գլուխգործոցների» մասին: Սա այլևս մշակութային խնդիր չէ, այլ ազգային անվտանգության խնդիր, և այս ամենը շտկելու գործում անելիք ունեն ոչ միայն երաժիշտները, մշակույթի գործիչները, այլև՝ հասարակությունը:

Անկախությունն ու ազատությունը մենք ընկալեցինք որպես ամենաթողություն: Նույն տրամաբանությամբ այդ թյուր ըմբռնումը տարածվեց մեր կյանքի տարբեր ոլորտների վրա և, հատկապես, երգի: Պետական վերահսկողության բացակայության պայմաններում յուրաքանչյուրին թվաց, որ կարող է ճաշակ թելադրել: Իսկ ո՞վ է այդ մարդկանց իրավունք տվել փչացնել մյուսների ճաշակն ու լսողությունը։

Կարծում եմ՝ Մշակույթի նախարարությունում պետք է ստեղծվի հատուկ հանձնախումբ, որը պետք է որոշի՝ ում կարելի է եթեր, հարթակ, բեմ տրամադրել։ Գիտե՞ք՝ Փարիզում անգամ փողոցում հանդես եկող երգիչերը, երաժիշտները պետք է ունենան քաղաքապետարանի համապատասխան արտոնագիրը: Տրամաբանությունը շատ պարզ է՝ չի կարելի մարդկանց ճաշակը փչացնել: Ի՞նչ տարբերություն մարդը փողոցով է քայլում, թե՞ նստած է համերգային դահլիճում:

Մենք փոխարենը համերգային դահլիճի ճաշակը տեղափոխեինք հարսանյաց սրահներ և այլուր, արեցինք ճիշտ հակառակը՝ ռեստորանային ցածր ճաշակը ազգովի տարանք եթեր ու բեմահարթակներ: Այնպիսի տպավորություն է, որ մեր բոլորի գերագույն նպատակը հարսանիքն է (անճաշակ, գռեհիկ, երգի հետ ոչ մի կապ չունեցող, ոչ երաժշտական հնչյուններով, օտար՝ բոլորովին անհայտ ծագում ունեցող կլկլոցներով լեցուն,- սա է այսօրվա նորաստեղծ ընտանիքին տրվող «պատիվը», պատգամը, ինչը ավելի շատ տնաքանդ, ոչ թե տնաշեն խնջույք կարելի է համարել), որտեղից վերադառնում ես գլխացավով, լսողությունից զրկված ու հիվանդ:

Երբ տեղեկանում եմ, որ պետք է հարսանիք գնամ, արդեն անհանգստանում եմ…, ուղղակի չեմ կարողանում լսել այդ աղմուկը, կլկլոցները, անհեթեթ հնչյունները։ Իսկ մի՞թե չի կարելի հարսանիքի ժամանակ էլ հնչեցնել ճաշակով, գեղեցիկ երաժշտություն: Նույն երգիչը, ինչ որ թյուր տրամաբանությամբ, համերգային դահլիճում երգում է ճիշտ, իսկ «օբյեկտում» անպայման աղավաղում է»,-  մեր թղթակղի հետ զրույցում իր մտահոգությունների մասին պատմեց Գագիկ Սարգսյանը:

Վերջինս շեշտեց՝ կարծես ամեն ինչ միտված է մեկ նպատակի՝ քանդել ավանդականը, ազգայինը:

«Այդպես կարող են վարվել օտարը, թշնամին, բայց ոչ՝ մենք: Հայ երգի հիմքը շարականն ու ներբողն է, Կոմիտասի, Թաթուլ Ալթունյանի, Հայրիկ ու Մարո Մուրադյանների թողած անգին ժառանգությունը, որի հետ այսպես բարբարոսաբար իրավունք չունենք վարվելու:
Ցավալի է, բայց ով այսօր կարողանում է դահլիճ վարձել, համերգ է տալիս։ Այսպես չի՛ կարելի։ Չի՛ կարելի ամեն մեկին եթեր, բեմ, հարթակ տրամադրել», –  նշեց Գագիկ սարգսյանը։

Երգ- երաժշտության մասին խոսելիս չի կարելի անտեսել ևս մի կարևոր խնդիր, որը մեզանում արդիական է դարձել: Երբեմն ոմանք «ռեմիքսացնում են» ժողովրդական կամ աշուղական երգերը՝ պնդելով, որ դրանք նորովի են ներկայացնում՝ նոր մատուցմամբ ու ասելիքով։ Գագիկ Սարգսյանը դեմ է նման երևույթներին։ Ասում է՝ այդ զուլալ երգերը պիտի մնան այնպիսին, ինչպես որ ժողովուրդն է ստեղծել կամ երգահանը։

«Այդ երգերը չի կարելի աղավաղել, փոփոխել։ Նման փորձերը 99 տոկոսով անհաջող ու տգեղ են ստացվում։ Թեև, կան բացառիկ դեպքեր. օրինակ՝ Ազնավուրն է այդպիսի փորձ արել՝ ջանալով նորովի մատուցել Սայաթ -Նովայի ստեղծագործությունը։ Բայց փորձողը Ազնավուրն է, ոչ թե երգին ու արվեստին դեռ ոչինչ չտված մեկը: Բայց, ընդհանուր առմամբ, ես համոզված եմ՝ ազգագրական, աշուղական երգերը չի կարելի փոխել, դրանք պետք է ներկայացնել այնպես, ինչպես որ կան: Ասում են՝ յուրաքանչյուր ժողովրդի երգն իր հայելին է։ Եվ ես համաձայն եմ այդ պնդման հետ»,-    նշեց  Գագիկ Սարգսյանը։

Անդրադառնալով «Զարթոնք»-ի առօրյային ու խնդիրներին՝ համույթի գեղարվեստական ղեկավարը շեշտեց՝ խնդիրները, իսկապես, շատ են, բայց դա չի խանգարում խմբի փորձերին:

«Մենք այսօր ունենք պատրաստի երգեր, որոնք ցանկանում ենք ձայնագրել։ Պետք է շեշտեմ, որ ես նման հարցերին շատ խիստ եմ վերաբերվում։ Եթե ձայնագրություններ անենք, դրանք հանրությանը կներկայացնենք միայն այն դեպքում, եթե, իսկապես, լավ ստացվեն։

Տարազների հետ կապված՝ խնդիրներ կային։ Իմ ընկերների, Արսեն Գրիգորյանիր (Մրո) և Մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ՝ մենք ունեցանք գեղեցիկ տարազներ», –  նշեց մեր զրուցակիցը:

Գագիկ Սարգսյանն անդրադարձավ վերջերս կայացած «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնին՝ նշելով, որ ժողովրդական, ազգագրական երգի տարածման ու հայ ժողովրդի տարբեր հատվածների համախմբման հաջողված փորձ է «Գութանը», որը նաև դաստիարակչական, ուսուցողական և ճանաչողական նշանակություն ունի:

22050251_1067459486690406_7639890811627340851_n 22050208_1066958746740480_7191393975990901445_n

18195100_1823253438001333_596145390290407985_n 18199502_956737241095965_6857697036556567038_n
Հարցազրույցը վարեց  Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ