26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սա կլինի վերջին հանդիպումը. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա մեջ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ գուցե հենց Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի հովանավորությամբ եւ մասնակցությամբ:

Բարձր մակարդակով ղարաբաղյան բանակցություններն ընդհատվել են անցյալ ամառ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ ձեւաչափով հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ բանակցություններին ռեստարտ տրվի նույն վայրում:

Վերլուծաբանները չեն բացառում, որ ՀՀ սահմանում ադրբեջանական վերջին սադրանքից, երբ դիպուկահարի կրակոցից 18-ամյա զինվոր զոհվեց, եւ դրան նախորդած՝ Իլհամ Ալիեւի վիճելի հայտարարությունից հետո երկու նախագահների նախապատրաստվող հանդիպումը կարող է նաեւ չեղյալ հայտարարվել:

Սակայն մի շարք այլ հանգամանքներ հուշում են, որ նման բան տեղի չի ունենա: Նախօրեին ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, պատասխանելով Իհամ Ալիեւի հայտարարությանը, թե ղարաբաղյան բանակցությունները սկսվում են առանց նախապայմանների, ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս»։ Թեեւ պաշտոնապես դեռ չի հայտարարվել, թե երբ եւ որտեղ են հանդիպելու Սարգսյանն ու Աիեւը, սակայն խոսնակի հայտարարությունից դատելով՝ դա արդեն համաձայնեցված է եւ ընդամենը օրերի հարց:   

Երեկ  Սոչիում տեղի ունեցան ԱՊՀ երկրների գագաթաժողովը եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Երկու միջոցառումներին էլ մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն Սոչիում այդպես էլ երկկողմ հանդիպում չկայացավ Սարգսյանի եւ Պուտինի միջեւ: ԱՊՀ գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Իլհամ Ալիեւը, որի հետ նույնպես Վլադիմր Պուտինն առանձնազրույց չունեցավ: Գագաթաժողովների շրջանակներում ՌԴ նախագահը երկկողմ հանդիպում ունեցավ միայն Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին, ապա ղարաբաղյան հարցով շատ կարեւոր հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը թերեւս միայն մեկ պարագայում բաց կթողներ նրանց հետ խոսելու հնարավորությունը, եթե ինքն անձամբ է հյուրընկալելու այդ հանդիպումը:

Հայկական շրջանակներում այս ընթացքում լուրջ մտահոգություններ հնչեցին առ այն, որ նախագահների առաջիկա հանդիպման օրակարգից դուրս են եկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարության ժամանակ չեն հիշատակում դրանց մասին:

Բանն այն է, որ անցյալ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո՝ այս ողջ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինն առանձին, ԵԱՀԿ ՄԽ միջնորդներն՝ առանձին, ԵՄ-ի, ԵԽ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչները՝ առանձին  տարբեր ճանապարհներով փորձում էին Սարգսյանին եւ Ալիեւին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ: Կար շրջան, երբ ճնշում էին գործադրում Սերժ Սարգսյանի նկատմամբ, որպեսզի նա հրաժարվի բանակցությունները շարունակելու համար վստահության մեխանիզմների ներդրման նախապայմանից: Հետո փորձում էին Ալիեւին ճնշել՝ կյանքի կոչել դրանց շուրջ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն ոչինչ դուրս չէր գալիս, եւ բանակցային գործընթացը շարունակում էր սառեցված մնալ:

Կարծես թե ի վերջո մի պայծառ գլխում միտք է առաջացել կազմակերպել երկու նախագահների հանդիպումը եւ դրա օրակարգում դնել հենց բանակցությունները շարունակելու համար անհրաժետ վստահության մթնոլորտ ստեղծելու հարցը, նույնն է թե՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչված չեն, եւ այդ պայմաններում հանդիպումը կայանում է, դա Ալիեւին հիմք է տալիս հայտարարելու, թե բանակցությունները սկսվում են առանց նախապայմանների:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այս ժամանակահատվածը Հայաստանն օգտագործեց առաջնագծում հետաքննության մեխանիզմները միակողմանիորեն տեղադրելու համար, եւ Ալիեւի հետ նոր հանդիպումը, որը ավելի հավանական է՝ արժանանա Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ճակատագրին, կարելի է նույնիսկ բարի կամքի դրսեւորում համարել: Որովհետեւ եթե նույնիսկ առաջիկա հանդիպման ժամանակ հերթական պայմանավորվածությունը ձեռք բերվի բովանդակային բանակցությունները վերսկսելու համար վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ կոնկրետ քայլերի շուրջ, ապա այն, բնականաբար, այդպես էլ օդում կմնա:

Հերթական նման փորձից հետո թերեւս Մինսկի խմբի միջնոդներից կրկին մեկ տարի կպահանջվի Հայաստանի ե Ադրբեջանի նախագահներին կլոր սեղանի շուրջ նստեցնելու համար: Այդ ընթացքում, ի դեպ, ՀՀ-ում արդեն կգործի նոր Սահմանադրությունը, եւ հայտնի չէ, թե ով կներկայացնի Հայաստանը Ղարաբաղյան բանակցություներում՝ նախագա՞հը, վարչապե՞տը, թե՞ պաշտպանության նախարարը: Իսկ գուցե Լեռնային Ղարաբաղի նախագա՞հը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ