26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես խնդիր չունեմ դուր գալու ո՛չ արևելքին, ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ հարավին»

«Միշտ էլ կան այընտրանքներ, բայց եթե այլընտրանքների մեզ ձեռնտու չեն, պետք է ընտրենք այն այլընտրանքը, որը բխում է մեր շահերից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով իր վերջին հայտարարության մասին, թե ՀԱՊԿ-ին այլընտրանքը միայն Թուրքիան է, նշանակում է՝ մեզ համար այլընտրանք չկա:

«Այն, ինչ որ ես ասել եմ, բխում է ՀՀ անվտանգության ռազմավարությունից և որևէ նոր բան չեմ ասել, իմ մտքի հիմքում բացառապես ընկած է ՀՀ պետական շահը, ես խնդիր չունեմ դուր գալու ո՛չ արևելքին, ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ հարավին, իմ խնդիրն իմ թիմի հետ սպասարկել ՀՀ շահը»,-հավելեց նա: Իսկ ՀՀ շահն, ինչպես ՀՀԿ խոսնակը նշեց, 3 նախագահների օրոք էլ այն է եղել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեք որևէ լուրջ, այլընտրանք, որ ձեռնտու է Հայաստանի համար, չեն ունեցել: «Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, կա քաղաքական մեկ այլ աքսիոմա, որ մեզ նման երկրները, որ գերտերությունների շարքին չեն պատկանում, պետք է կարողանան լիարժեքորեն կազմակերպել իրենց անվտանգության համակարգը, իսկ միայնակ դա չենք կարող անել»,-նկատեց ԱԺ փոխնախագահն ու օրինակ բերեց Հունաստանը, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, որոնք ևս, եթե կարողանային պաշտպանել իրենց անվտանգությունը միայնակ, չէին մտնի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ:

«Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը ոչ թե նրա համար, որ դուր գանք այս կամ այն մեր դաշնակից երկրին, այլ որովհետև սա ձեռնտու է ՀՀ-ին: Ռազմական դաշնակցային հարաբերությունների առումով հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա, և բոլոր իրավապայմանագրային կետերը, որոնք ներառված են թե նախագահների, ՊՆ-ների , խորհրդարանների միջև, իրականացվում են: Իսկ հարցին, թե Թուրքիան սպառնալիք է, այո, Թուրքիան սպառնալիք է, սա մեր ռազմական դոկտրինից բխող կարծիք է, Թուրքիան եզակի երկրներից մեկն էր, որը քառօրյա պատերազմի օրերին 4 պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ սատարելով Ադրբեջանի գործողությունները»,-հավելեց նա:

Շարմազանովն ընդգծեց՝ ինքը  ոչ հակաթուրք է, ոչ հակամետ է Ադրբեջանին, հայաստանամետ է և գիտակցում է, որ  չկա որևէ այլ ռազմաքաղաքական դաշինք ու միջազգային կառույց, որ ՀՀ-ի անվտանգության համար կարող է ավելի շահեկան պայմաներ ստեղծել, քան հայ-ռուսական դաշնակցային ռազմական հարաբերությունները:

«Եթե ՀՀ-ն կարողանար միայնակ կազմակերպել ամբողջությամբ իր անվտանգության համակարգը, ապա ի՞նչ էր անում այստեղ ռուսական ռազմաբազան, ձևի համար ե՞նք բերել, պետք չէ մեխանիկորեն նայել՝ միայն հրացանով կամ ավտոմատով սահմանի դեմը կանգնելը չէ, դա ավելի խորքային երևույթ է»,-ասաց Շարմազանովն ու հավելեց, որ եթե բոլորս հպարտանում ենք, որ ունենք Իսկանդեր, Սմերչ և այլն, դա էլ այդ համագործակցության փոխշահավետության մի մասն է: «Իհարկե, Ռուսաստան էլ իր շահն ունի, այստեղ երկկողմանի խաղ է, այսօր մեր շահերից  է բխում խորացնել ռազմական դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, խորացնել մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում՝ միաժամանակ համագործակցելով այլ կառույցների հետ:

Գերմանիայի նման երկիրը միայնակ իր անվտանգությունը չի ապահովում, Ճապոնիայի նման երկիրը, ի՞նչի մասին է խոսքը, սա խոսում է այն մասին»:

Նա շեշտեց, որ իշխանությունները կարողացել են օգտագործել այդ ռազմական ռեսուրսը, որը բխում է ՀՀ շահերից: «Տարածաշրջանում կա երկու բանակ, մենք պետք է դաշնակից լինենք այդ երկուսից մեկին, մեկը թուրքականն է, մեկը ռուսականն է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ